
Այսօր կանցկացվեն ռուսական շուկա վրացական արտադրանքի վերադարձի մասին բանակցությունները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի գլխավոր պետական սանիտար Գենադի Օնիշչենկոն այսօր Մոսկվայում բանակցություններ է վարելու վրացական պատվիրակության հետ՝ կապված ռուսական շուկա վրացական գինիների ու հանքային ջրի վերադարձի հետ:
Նախորդ շաբաթ Օնիշչենկոն հայտարարել է, որ էական խոչընդոտներ չի տեսնում Ռուսաստան վրացական արտադրանքի վերադառնալու հարցում: Նա հավելել էր, որ այս տարիներիներին վրացի գինեգործները մեծ առաջընթաց են գրանցել, ինչի համար էլ մեծ խնդիրներ չկան տվյալ հարցի լուծման համար:
Օնիշչենկոն չէր բացառել, որ կարող է տվյալ հարցի լուծման նպատակով անձամբ այցելել Վրաստան: Ենթադրվում է, որ այսօրվա բանակցություններից հետո ռուս մասնագետները ստուգումներ անցկացնելու նպատակով կայցելեն վրացական գործարաններ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը վրացական գինիների ու «Բորժոմի» հանքային ջրի ներկրման վրա բեռնարգելք է դրել 2006 թվականի գարնանը՝ դա պատճառաբանելով վրացական արտադրանքի անորակությամբ: