
Իրանի միջուկային ծրագրի կարգավորման դիվանագիտական պատուհանը վերստին փակվում է. Ջո Բայդեն

Ֆրանսիական Figaro թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երեկ ժամանել է Ֆրանսիա: Բայդենն այսօր հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այդ հանդիպումից առաջ Figaro-ին տված հարցազրույցի ժամանակ Բայդենն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի խնդրին.
«Իրանի միջուկային ծրագրի խնդրի կարգավորման դիվանագիտական պատուհանը փակվում է վերստին: Իրանի կառավարությունը պետք է լրջորեն ու բարի տրամադրվածությամբ մասնակցի բանակցություններին: Եթե Իրանը հրաժարվի բանակցություններից, ապա նրա նկատմամբ կարող են ընդունվել կաթվածահար անող պատժամիջոցներ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում առաջարկել էր «Վեցյակի» հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնել փետրվարի 25-ին, Ղազախստանում: Իսկ դրանից առաջ էլ իրանական կողմն առաջարկել էր բանակցել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ թեև Թուրքիան պատրաստակամություն էր հայտնել այդ բանակցությունները Ստամբուլում հյուրընկալելու մասին: