Աշոտ Մանուչարյանը` Հայրիկյանի մահափորձի մասին. Հայաստանի դեպքում սա արդեն մոդա է դառնում
Այսօր մի քանի լրագրողների հետ հանդիպմանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, խոսելով երեկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին, նշեց, որ ներքին իրավիճակը Հայաստանի աքիլեսյան գարշապարն է:
«Այսինքն մենք այնպիսի ներքին իրավիճակ ունենք, որ ցանկացած արտաքին կամ ներքին անձ, ուժ, խմբավորում և այլն, շատ ցածր էներգիա ծախսելով, կարող է փորձել շատ բան շուռ տալ, երկիրը մտցնել ցնցումների մեջ և այլն: Այս տեսակետից` այն, ինչ կատարվեց, անցավ «Փառք Աստծո» պաստառի տակ, իրոք փառք Աստծո նաև մարդկային առումով, որ ինչ-որ եղավ, հնարավորինս սահմանափակ վնաս հասցրեց»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Սակայն նա ավելացրեց, որ կա նաև քաղաքական «Փառք Աստծոն», քանի որ դեպքի հետ կապված երկրում այժմ կատարվողը շատ մեղմ տարբերակով է, որովհետև եթե իրավիճակը` զուտ ընտրությունների հետ կապված, մի փոքր ավելի սուր լիներ, «հիմա կհանդիպեինք հայտարարությունների, գործողությունների այնպիսի կարծր տարափի, որ դա բավարար կլիներ, որպեսզի երկիրը հայտնվեր ցնցումների մեջ»:
Այս երկրորդ «Փառք Աստծոն» Աշոտ Մանուչարյանը համարեց նախախնամության, այլ ոչ թե պլանավորող կենտրոնների գործը:
«Սա դարձավ մեզ համար ևս մի ազդանշան, որ պետք է շատ լուրջ լինենք. առաջին գերխնդիրը` ներքին իրավիճակը լրիվ ուրիշ պետք է լինի, և նրանք, ովքեր համարում են, թե «ամեն ինչ կարգին է», «ինչ է պատահել որ» և այլն, պետք է հասկանան, որ սա ազդանշան էր, միգուցե և ուղղիղ ազդանշան: Այսպիսի քայլերով պետություններն իրար մեջ ինֆորմացիա են փոխանակում. ասենք թե, մեկը մի վիճակից դժգոհ է, մյուսին նամակ է գրում, ասում է.«տե´ս` ինչ կարող է լինել»: Ցավալիորեն, սա մտնում է միջազգային պրակտիկայի մեջ»,- կարծիք հայտնեց Աշոտ Մանուչարյանը:
Սակայն նա շեշտեց, որ սրանով բացարձակապես չի ուզում գնահատական տալ եղածին, պարզապես, ըստ նրա, սա ազդանշան է, թե ինչ վիճակում կարող ենք հայտնվել մեկ ակնթարթում, իսկ մյուս հարցերը` սա ի՞նչ էր, ո՞ւմ կողմից էր կազմակերպված և այլն, պահանջում են հետագա պատասխաններ:
Վերլուծելով իրավիճակը` փորձառու քաղաքական-հասարակական գործիչը փորձեց պատմական զուգահեռներ անցկացնել` հիշեցնելով նախկինում Հայաստանում կատարված քաղաքական սպանությունները. «Արդեն որերորդ դեպքն է Հայաստանում, սա Հայաստանի հանդեպ գործելու մոդա է դառնում»:
Ելնելով սրանից` Մանուչարյանն ընդգծեց, որ ներքին իրավիճակի կառավարելիության տեսակետից `մենք պետք է կարողանանք արդեն արձագանքել նման դեպքերում, որովհետև Հայաստանի դեպքում սա արդեն մոդա է դառնում:
«Բոլորը գիտեն, որ Հայաստանում կարող ես այսպիսի բան անել: Հիշեցնեմ` առաջին քաղաքական սպանությունը Հայաստանում Համբարձում Գալստյանի սպանությունն էր, բայց հետո եղան բազմաթիվ դեպքեր` Լեռնային Ղարաբաղ` Արկադի Ղուկասյանի հետ կատարվածը, այստեղ` Հոկտեմբերի 27 և այլն: Սա նշանակում է, որ մարդիկ կարծում են, թե այստեղ կարելի է ինչ-որ բաներ նման ձևով անել, մենք էլ պետք է նկատի ունենանք հետևյալը. առաջին քայլը` այսպիսի դեպքից հետո` ինչպիսին պետք է լիներ առաջին արձագանքը, ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի երկիրը չհայտնվի ցնցումների մեջ: Այս անգամ մեղմ եղավ, դրա համար հիմա հանգիստ նստած խոսում ենք»,- ասաց Մանուչարյանը` ավելացնելով, որ չնայած չի փոխում իր գնահատականներն ընտրությունների վերաբերյալ, բայց գտնում է, որ պրակտիկ տեսակետից ճիշտ կլինի, որ բոլոր թեկնածուները մի քանի օրով դադարեցնեն իրենց ընտրարշավը, որպեսզի ընտրապայքարի հավասար պայմանները պահպանվեն:
«Ես կարծում եմ` Պարույրը ինքը բավական ճկուն անձնավորություն է, երբ արդեն ինքը կկարողանա դատել, կողմնորոշվել, պլանավորել, կգտնի ձևը, թե ինչպես և ինչ անի, անգամ եթե իր համար ֆիզիկապես պտտվելը դեռ դժվար կլինի, ինչ-որ եղանակներ կգտնեն, որպեսզի նա հավասար հիմունքներով շարունակվի և ոչինչ չվերանայվի»,- ասաց Մանուչարյանը: