Տեսնում եմ մեր ազգային, պետական գոյության անկատարությունը՝ բոլոր ոլորտներում

Հարցազրույց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի հետ

  – Պարոն Սահակյան, այսօր Հայաստանի քաղաքական դաշտը բազմաթիվ քաղաքական գործիչների և վերլուծաբանների կողմից առավել հաճախ բնորոշվում է՝ որպես ամայացած։ Հասարակության մեջ չկան այն ոգևորությունը և սպասելիքները ընտրություններից, որոնք կային, օրինակ, նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ ընտրությունները կանխատեսվում են որպես ոչ մրցակցային այն պատճառով, որ դրանց չեն մասնակցելու ընդդիմադիր կեցվածք ունեցող երեք հիմնական քաղաքական ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) և Դաշնակցությունը (ՀՅԴ)։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

– Եթե քաղաքական դաշտն ամայացած են կոչում, հարց է ծագում՝ ի՞նչ են «գործում» այդ գործիչները կամ «վերլուծում» վերլուծաբանները։ Իսկ սպասելիքը մարդկային գոյության գլխավոր ազդակներից է, առանց դրա կյանք չկա։ Ինչ վերաբերում է ոգևորությանը. իմ դիտարկմամբ, եթե ոգևորությունը շարունակական է, ապա դա առողջության վկայություն չի կարելի համարել անգամ պատանիների մոտ։ Մենք հասուն կամ հասունացող հասարակություն և պետություն ենք, այդ շրջանում աշխատելու, ստեղծագործելու, իմաստավորելու ջանքեր է հարկավոր գործադրել։

– Նշված ուժերը ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորն են համարում իշխանությանը, որը ստեղծել է վախի մթնոլորտ, երբ որևէ խոշոր գործարար զգուշանում է աջակցել ընդդիմադիր ուժերին, քանի որ կարող է կորցնել իր կարողությունը, իսկ գործող նախագահ Սարգսյանը կարծում է, որ «իշխանությունների խնդիրը չէ մրցակից աճեցնելը»։ Որպես փորձառու քաղաքական գործիչ՝ ինչպե՞ս Դուք կբնորոշեք ներկայիս քաղաքական իրավիճակը, և, ըստ Ձեզ, եթե մեղադրելու լինենք որևէ մեկին, ո՞ւմ մեղքի բաժինն է ավելի մեծ, ընդդիմադիր այն ուժերի՞ (խոսքը, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» մասին  է), որոնք, ըստ էության, իրենց հաշվարկները կատարում էին ԲՀԿ-ի վրա և սպասում էին ԲՀԿ նախագահի որոշմանը, ԲՀԿ-ի՞, որը շատ կոնգրեսականների կարծիքով՝ երբեք էլ չի եղել ընդդիմություն և կազմում է օլիգարխիկ իշխանության մի մասը, թե՞, ի վերջո, իշխանության, որն օգտագործում է վարչական ֆինանսական և մյուս ռեսուրսները՝ իր վերարտադրման համար, և չի ստեղծել հավասար պայմաններ մյուս ուժերի համար։

– Ձեր հախուռն հարցերի մեջ խոսեցիք վախի մասին։ Ուշագրավ է՝ վախի մթնոլորտում բարձրաձայնել վախի մասին… Գործարարի մի տեսակ կա, որ ինքն է կամովին ու տենդագին մղվում դեպի իշխանություն, ըստ ամենայնի, գերշահույթի հետևից ընկած։ Կատվի վազքը մինչև մարագն է. սա է ցուցանում ժողովրդական խոսքը։

Ներկա քաղաքական իրավիճակը, գործածելով քաղաքագիտական տերմինաբանություն, կանվանեի անցումային հասարակությանը բնորոշ իրավիճակ։ Նախկին ԽՍՀՄ  բոլոր հանրապետություններում է այդպես (բացառությամբ Բալթյան եռյակի)։ Հայաստանում ամենավատը չէ, զարգացման հսկայական ներուժ կա, և այն պետք է գործի դնենք։ Ո՞ւմ մեղադրելուց առաջ պարզենք, թե ի՞նչ մեղքի մասին է խոսքը։ Ես մեղսագործություն չեմ տեսնում, տեսնում եմ մեր ազգային, պետական գոյության անկատարությունը՝ բարոյական, հոգևոր, մտավոր, սոցիալական, քաղաքացիական, ըստ էության՝ բոլոր ոլորտներում։ Մեզնից յուրաքանչյուրը սա գիտակցում է, սակայն դա քիչ է։ Իրադրության բարեփոխման պարտադիր պայման է, որ ոչ թե յուրաքանչյուրս առանձին-առանձին, այլ բոլորս միասին դա գիտակցենք։ Հասարակական գիտակցության մասին է խոսքը, որը մեզանում ոչ թե վատն է, այլ պարզապես գոյություն չունի՝ իբրև հասարակության առաջադիմության շարժիչ։

– Իսկ ի՞նչ կարծիք ունեք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշման, դրա հիմնավորման մասին, և, ըստ Ձեզ, ՀԱԿ-ում այժմ պե՞տք է առաջնորդ փոխվի, թե՞ ոչ։

– ՀԱԿ-ի մասին աղոտ պատկերացում ունեմ։ Վերջին անգամ այդ շրջանակ ոտք եմ դրել 5 տարի առաջ և հասկացել, որ ոմանք չնվաճված իշխանությունը բաժանելու մտասևեռման վիճակում են։ Ի՞նչ է սպասվում ՀԱԿ-ին, մանրամասների մեջ չեմ կարող խորանալ։ Իսկ առհասարակ ասած, եթե որևէ քաղաքական կառույց շինվում է մեկ անձի շուրջ, նրա հեռանալով էլ անհետանում է։ ՀԱԿ-ի դեպքում բացառության հիմքեր չեմ տեսնում։

– ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և Դաշնակցության որոշումն, ըստ էության, ընկալվեց՝ որպես բոյկոտ, և մասնավորապես ՀԱԿ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր կոչ են անում բոյկոտել ընտրությունները կամ քվեաթերթիկի վրա գրել Լևոն Տեր-Պետրոսյանի անունը։ Ձեր կարծիքով՝ բոյկոտը կարո՞ղ է լինել պայքարի  արդյունավետ միջոց՝ ընդդեմ իշխանությունների։

– Ոչ մի կարող ուժ չի կարող հրաժարվել այն գործից, ինչին կոչված է։ Չգործել՝ նշանակում է՝ ընդունել սեփական անկարողությունը։

– Իսկ Սերժ Սարգսյանի դեմ առաջադրված նախագահի թեկնածուներից որևէ մեկը՝ Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան և ուրիշներ, կարո՞ղ է իրական մրցակից դառնալ գործող նախագահի համար։

– Բոլորն էլ իրական մրցակից են, ավելին՝ նրանցից ամեն մեկը յուրովի ընդգծված անհատականություն է և փորձառու պետական ու քաղաքական գործիչ։ Մենք Լուսնի վրա հայկական համայնք, կարծես թե, չունենք (ծիծաղում է, – Ա.Ս.)։ Սա է մեր ունեցածը, և նրանք մեր իրականության ադեկվատ արտացոլանքն են։

– Պարույր Հայրիկյանը ներկայիս իրավիճակը համեմատում է 1996թ. նախագահական ընտրություններից առաջ ստեղծված իրադրության հետ։ 1996-ին Դուք իշխանության կազմում էիք և հիանալի ծանոթ եք իրավիճակին, նմանություններ տեսնո՞ւմ եք 96 թվականի սեպտեմբերյան ընտրությունների և ներկայիս նախընտրական իրավիճակի միջև, և արդյոք հնարավոր համարո՞ւմ եք երկրորդ փուլի անցկացումն այսպիսի իրավիճակում։

– 96-ի նախագահական ընտրությունն ավարտվել է և անցել պատմության գիրկը։ Դրանից հետո շատ ջուր է հոսել, նաև՝ պղտոր։ Բայց այդ ու հետագա ընտրություններից այնքան դասեր ենք քաղել, որ կրկնություն չի լինի։

– Ի դեպ, մի քանի օրից կլրանա 1998 թ. իշխանափոխության 15-ամյակը, առաջին նախագահի հետ միասին՝ Դուք նույնպես հրաժարական տվեցիք և հեռացաք իշխանությունից։ 15 տարվա հեռավորությունից ինչպե՞ս եք  գնահատում Տեր-Պետրոսյանի քայլը և, ընդհանրապես, այդ իրադարձությունները։

– Այն ժամանակ ես գերագնահատել եմ շուտափույթ կարգավորման իրական հնարավորությունը։ Ոչ հայ հասարակության ու իշխանության մեծամասնությունը, ոչ միջնորդները դրան պատրաստ չէին՝ առաջինները չընկալեցին այն, վերջիններն էլ անտարբեր եղան։ Դրա տրամաբանական հետևանքը հրաժարումն էր իշխանությունից։

Տեսանյութեր

Լրահոս