Սաակաշվիլին պարսատիկի հետ է համեմատել մինչև իր իշխանության գալը զինված ուժերի սպառազինությունը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ժամանել է Գորիում գտնվող Վրաստանի պաշտպանության ազգային ակադեմիա:
Սաակաշվիլին ակադեմիա է այցելել պարսատիկով՝ հայտարարելով, որ դա հանդիսանում է մինչև «Վարդերի հեղափոխությունը» (2003 թվականի նոյեմբերի 23) Վրաստանի սպառազինության խորհրդանիշ.
«Ես տեղյակ չեմ, թե արդյոք տեղյա՞կ եք այս գործիքի մասին: Ես այն բերել եմ որպես այն բանի խորհրդանիշ, թե ինչպիսին են եղել Վրաստանի զինված ուժերը մինչև 2004 թվականը: Այն ժամանակ դա (պարսատիկը) ինձ որպես հուշանվեր նվիրել են սպաները: Ահա թե ինչպիսին է եղել մեր զինված ուժերի հագեցվածությունը մինչ 2004 թվականը:
Այն ժամանակ Պաշտպանության նախարարության բյուջեն կազմում էր ընդամենը 50 միլիոն լարի (30 միլիոն դոլար), և այդ ժամանակներից ի վեր՝ այն աճել է մի քանի անգամ: Մասնավորապես, այս տարի Պաշտպանության նախարարության բյուջեն կազմում է մոտ 680 միլիոն լարի (410 միլիոն դոլար):
Այսօր դուք ունեք սպառազինության բոլոր բաղադրատարրերը՝ օդային ու ցամաքային պաշտպանության համակարգեր, զրահատեխնիկա և ամենակարևորը՝ նոր, ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագիր, որն առնչվում է Վրաստանի զինված ուժերին ամբողջովին ժամանակակից արևմտյան տեխնիկայի մատակարարմանը»:
Նշվում է, որ 2000-ական թվականների սկզբներին տվյալ ժամանակվա (1998-2004) Պաշտպանության նախարար Դավիթ Տևզաձեն Վրաստանի հակաօդային պաշտպանության վիճակը համեմատել էր պարսատիկի հետ:
Հիշեցնենք, որ «Վարդերի հեղափոխությանը» սկիզբ դրեց 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումը։ «Վարդերի հեղափոխության» արդյունքում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարությունն անցավ ընդդիմադիրներին, որոնց գլխավորում էր Միխեիլ Սաակաշվիլին: