
Ռիչարդ Մորնինգսթարն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել երկխոսել քաղաքացիների հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրվել է դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի վերջին զարգացումների հետ.
«Մենք տեսել ենք հունվարի 24-ին Իսմայիլիի անկարգությունների հաղորդագրությունները, որոնք ավարտվել են ունեցվածքի ոչնչացման, այդ թվում նաև մասնավոր հյուրանոցի ու գործադիր իշխանության շենքի այրմամբ: Հունվարի 26-ին ոստիկանությունը Բաքվում ցրել է Իսմայիլիի բնակիչներին աջակցելուն նվիրված ակցիան և ձերբակալել է դրա տասնյակ մասնակիցներին:
Ավելի վաղ երկու այլ բողոքի ակցիա է իրականացվել Բաքվում, որոնցից մեկն անցկացվել է ընդդեմ առևտրականների իրավունքների խախտումների ու վարձավճարի բարձրացման, իսկ երկրորդը՝ ընդդեմ բանակում զինվորների մահանալու: Մի շարք դեպքերում հաղորդվել է, որ իշխանությունները գործածել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ՝ ցուցարարներին ցրելու համար:
Մենք ցավում ենք Իսմայիլիի բռնությունների համար և միևնույն ժամանակ Ադրբեջանի կառավարությանը լուրջ կոչ ենք հղում իր քաղաքացիների հետ երկխոսելու համար՝ օրինական պահանջներին պատասխանելու համար և իշխանություններին կոչ ենք անում հարգել ազատ արտահայտվելու ու հանրահավաքներ անցկացնելու քաղաքացիների ազատությունը»: