Իմ կարգավիճակում չեն ձգտում ազատության. ազատ կամ լինում են, կամ՝ ոչ. Վասակ Դարբինյան

Վասակ Դարբինյանն իր լրագրողական ուղին սկսել է ուսանողական տարիներից: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, աշխատել «Երևանի համալսարան» թերթում, այնուհետև՝ Գրողների միությունում, խմբագրել «Հայքը», «02»-ը, ստեղծել է «02»-ի «Վարկած» հավելվածը, «Թերթ» թերթը։  Վ. Դարբինյանն աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, «Արմենիա»-ում, «Ա1+»-ում: «Ա1+»-ի փակվելուց հետո խմբագրել է «Այբ-ֆե» օրաթերթը, հիմնադրել է «Տարեգիր» թերթը, աշխատել է նաև «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Ժամանակ» թերթերում: 168.am-ը զրուցել է փորձառու լրագրող և խմբագիր Վասակ Դարբինյանի հետ:

– Պարոն Դարբինյան, աշխատավայրի հաճախակի փոփոխությունն ինչո՞վ էր պայմանավորված:

– Գալիս էր մի պահ, երբ ես ինչ-որ մարդկանց համար դառնում էի անհանդուրժելի, և, բնականաբար, պետք է հեռանայի: Որտեղ ես աշխատել եմ, ձգտել եմ, որ տվյալ լրատվամիջոցն ու լրագրողներն առավելագույնս ազատ լինեն: Ես չեմ եղել կուսակցական, բայց եղել եմ «Հայքի» խմբագիրը: Ես չեմ ունեցել ոստիկանական կոչում, բայց եղել եմ «02»-ի խմբագիրը: Եթե ես ասեմ, որ «02»-ն ամենաազատ թերթերից մեկն է եղել, որը ես խմբագրել եմ, կարող է շատերը զարմանան: Իմ աշխատելու ժամանակահատվածում որևէ մեկը «02»-ի աշխատանքներին չի միջամտել: Ով հեռացվում էր համակարգից՝ առաջին էջում այդ մասին գրվում էր: Մարտի 1-ի դեպքերից հետո մի բարձրաստիճան ոստիկան, որը ժամանակին համակարգից հեռացվել էր, ինձ ասաց` «Ես Ձեզ ճանաչում եմ: Ձեր ժամանա՞կ չէր, որ «02»-ը դարձել էր ոստիկանների վինետկա»: «02»-ում նաև «Վարկած» անունով հավելված եմ տպագրել, որի առաջին համարի լույս տեսնելու օրն աշխատանքից ազատվեցի։ «Վարկածը» այնուհետև դարձավ տարբեր թերթերում թափառող խորագիր: Չէի ասի, թե սկանդալների սիրահար եմ և ձգտում եմ մխրճվել դրանց մեջ, բայց որքան ինձ հիշում եմ՝ սկզբունքայնությունը վեր եմ դասել ամեն ինչից: Չեմ եղել հարմարվող, առավել ևս՝ պատեհապաշտ, ու երևի սա է պատճառը, որ մի տեղում երկար չեմ մնացել:

– Ասում են, թե «Ա1+»-ը Ձեր հեղինակած հաղորդման պատճառով  է փակվել։

Կարդացեք նաև

– Չեմ կարծում, որ միայն «Ա1+ մամուլ» հաղորդման պատճառով փակվեց։ Բայց թող անհամեստ չհնչի, եթե ասեմ, որ ժամանակին  ամենասուր, ամենահամով, ամենահաջող հաղորդումն էր։

– Կարելի՞ է ասել, որ մշտապես ազատության ձգտելու պատճառով տուժել եք։

– Այնքան մեծամիտ կամ անիրատես չեմ, որ ներկայանամ որպես հալածյալ: Իմ հիմնական թերությունն այն է, որ ղեկավարելով այդքան շատ լրատվամիջոցներ, չկարողացա իմ աշխատանքը դիտարկել որպես բիզնես։ Այդ շնորհքը ես չունեմ։ Փոխարենը ինձ միշտ հաջողվել է հավաքել հրաշալի խմբագրակազմ, համախմբել մասնագիտական և մարդկային բարձրագույն որակներ ունեցող լրագրողների: Այդպես էր «Հայքում», «02»-ում, 1997 թվականին՝ որոշակի դադարից հետո նոր ձևավորմամբ և 16 էջով լույս տեսնող «Առավոտում», ավելի ուշ՝ «Տարեգիրում» ու դարձյալ «Հայքում»…

Ինչ վերաբերում է ազատության ձգտելուն, ապա իմ կարգավիճակում չեն ձգտում ազատության, ազատ կա՛մ լինում են, կա՛մ ոչ: Չեմ համարում, թե ազատությունը գերադասելու պատճառով շատ եմ տուժել: Եթե վերանանք նյութականից՝ թող բազմապատկվի ամենքի ունեցվածքը, ապա կհամարձակվեմ ասել, որ ավելի շատ շահել եմ, քան տուժել:

– Բազմաթիվ լրատվամիջոցներ եք խմբագրել, լրագրողների հետ աշխատելու ի՞նչ մեթոդներ եք կիրառել։

– Ես լրագրողների նյութերը խմբագրում էի իրենց ներկայությամբ, դիտողություններ և առաջարկություններ էի անում, փոփոխությունները համաձայնեցնում էի հեղինակների հետ։ Նրանք կատարելապես ազատ էին թեմայի ընտրության մեջ: Իշխում էր ստեղծագործական մթնոլորտը, լրագրողների շրջանում մրցակցություն կար, թե ով ավելի հետաքրքիր հոդված կգրի։ Ես միշտ շեշտը որակի վրա եմ դրել, պահանջել եմ չխեղաթյուրել փաստերը և նախանձախնդիր եմ եղել լեզվի նկատմամբ։ Այսօր մեր բանավոր ու գրավոր լեզուն ողբալի վիճակում է։ Ավելի քան 10 տարի առաջ Վանո Սիրադեղյանը մի հոդված գրեց, որը կոչվում է` «Մի մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր»։ Կովերը ոչ միայն տաճար մտան, այլև ապականեցին ու շարունակում են ջանասիրաբար ապականել այն:

–  Այսօրվա լրագրության, նաև մեր իրականության մեջ Ձեզ ի՞նչը դուր չի գալիս։

– Օտար լեզվամտածողությունը, հայերենի խեղաթյուրումը ամեն քայլափոխի։ Հատկապես աննկուն են ռուսախոս խմբագիրներն ու մեկնաբանները, անգլերեն շեշտադրումով, հայերենին խորթ շարադասությամբ, ականջ սղոցող հնչերանգով, երբեմն էլ՝ ժարգոնախառը բարբառով խոսող ինչ-որ մարդիկ, ովքեր անընդհատ շաղակրատում են եթերում։ Եթե նկատել եք, մեր լրագրողներից շատերը երևի թե ինքնատիպ երևալու համար սկսել են ստորոգյալները տանել նախադասության վերջ։ Ես չեմ կարծում, որ դա պատահաբար է ստացվում։ Դա հոգեկերտվածքի արտահայտություն է, նշան է այն բանի, որ մենք հակված ենք անընդհատ հետաձգել գործողությունը, անելիքը։ Մեկ այլ միտում. այդ գործողություն ասվածը, եթե նկատել եք, ոչ թե ինչ-որ մեկը կատարում է, այլ կատարվում է ինչ-որ մեկի կողմից: Այս խղճահարույց, ինֆանտիլ լեզվամտածողությունը ահազանգ է, որ կազմավորման փուլ է թևակոխել անբաններից ու կրավորակերպներից բաղկացած անողնաշարավորների հասարակությունը:

Չէ, երկիրը սրանից չի կործանվի, բայց հաստատ նաև չի դառնա ավելի ապահով, ոչ էլ կբարգավաճի: Ինչպե՞ս կարող է ապահով լինել կամ բարգավաճել մի երկիր, որի նախագահացուների կեսը պատրաստ է հացադուլի նստել առաջին իսկ պատահած բորդյուրին:

– Հասարակությունն այսօր լրատվամիջոցներից ի՞նչ է պահանջում։

– Չգիտեմ, ես Ահարոն Ադիբեկյանի չափ երևակայություն և հմտություն չունեմ, որ պատասխանեմ այդ հարցին: Հասարակությունը երևի ճշմարտություն է ակնկալում։ Հասարակությունը, ի տարբերություն շատ լրագրողների, կարողանում է տարբերել քարոզչությունն ինֆորմացիայից։ Մինչդեռ ինչ-որ մեկին ծառայելու մղումը մեր լրագրողներից շատերը վեր են դասում իրենց մասնագիտական պարտականություններից։ Հետևելով էլեկտրոնային լրատվամիջոցներին` նկատել եմ, որ լրագրության ժանրերը մոռացվել են, հիմա ամենատարածված և ամենահարգի ժանրը «քոմենթն» է: Սա աբսուրդ է:

– Դուք Վանո Սիրադեղյանի ընկերն եք, կպատմե՞ք` ինչպե՞ս և որտե՞ղ եք ծանոթացել նրա հետ։

– Համալսարանում գրական ստուդիա ունեինք, որտեղ գրողների հետ հանդիպումներ էինք կազմակերպում։ Այդ միջավայրում էլ ծանոթացա Վանոյի հետ։ Թեև մենք հասակակիցներ չենք, բայց մեր ծանոթությունը հետագայում վերածվեց ընկերության: Ես չեմ կարող հպարտանալ, որ իմ կյանքում շատ ընկերներ են եղել, բայց ում հետ բախտ է վիճակվել տևական ընկերություն հաստատել, միմյանց վերաբերվել ենք հարգանքով, սիրով և հոգատարությամբ։ Վանոյի մասին շատ կարելի է խոսել, նա բացառիկ տաղանդի տեր արձակագիր է, հետաքրքիր անձնավորություն, խելացի, ուղղամիտ մարդ։ Նա շատ-շատ անհրաժեշտ է մեր երկրին, բոլորիս, և մեր բոլորի խայտառակությունն ու նաև մեղքն է, որ տասը տարուց ավելի Վանոն, փաստորեն, վտարված է երկրից:

– Զգո՞ւմ եք նրա կարիքը։

– Այո, շատ, կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում են նրան, շփվել են նրա հետ,  կարդացել նրա ստեղծագործությունները, պետք է որ նույնը զգան։

– Դուք նաև ստեղծագործում եք, չէ՞։

– Ճիշտն ասած` ես երբեք լրագրությունն իմ տարերքը չեմ համարել։ Իմ տարերքը գրականությունն է, թեև շատ քիչ բան եմ գրել` ընդամենը մի քանի պատմվածք։

– Պատմվածքները տպագրվե՞լ են։

– Այո, ժամանակին դրանք տպագրվել են գրական տարբեր ժողովածուներում, «Գրական թերթում» և այլ պարբերականներում։ Գիրք տպագրելու ցանկություն առանձնապես չեմ ունեցել, թեև հրատարակիչ ընկերներս առաջարկել են։ Երկար տարիներ աշխատել եմ Արմեն Շեկոյանի հետ: Մի անգամ ասաց. «Դու մինչև չես ջղայնանում, չես գրում, իսկ ես մինչև չեմ խաղաղվում, չեմ կարողանում գրել»։ Ասածը, գոնե իմ պարագայում, վերաբերում էր լրագրությանը: Վերջերս գրեթե ոչինչ չեմ գրում: Երևի թե ջղայնությանս պաշարները նվազել են: Սրա մեջ դրական բան կա. եթե, ի վերջո, հաջողվի հասնել ներքին խաղաղության, գուցե կարողանամ զբաղվել սիրածս գործով:

Լուսանկարները` Վասակ Դարբինյանի անձնական արխիվից:

Տեսանյութեր

Լրահոս