«Հուսով եմ, որ մեր նախագահն իսկապես մտահոգված է երիտասարդ գիտնականների ապագայով»
2011 թվականին գիտնականների մի մեծ խումբ համախմբվեց ու «Պահանջեց գիտության ֆինանսավորման ավելացում»: Ամռան վերջին օրերին տեղի ունեցավ նրանց՝ ծաղկաձորյան հայտնի հավաքը, որտեղ նրանք կարողացան բերման ենթարկել նախագահին, ով պատահմամբ եկել էր Ծաղկաձոր՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքի վերանորոգման աշխատանքները: Երիտասարդները մի կերպ կարողացան համոզել նախագահին, որ երիտասարդ գիտնականն ինքը՝ շատ ավելի կարևոր է, քան երիտասարդական շենքը: Նրանք պարտադրեցին լսել իրենց ու կորզեցին 100 մլն դրամ հատկացնելու խոստում՝ երիտասարդ գիտնականներին աջակցության համար:
Այսպիսով, 100 միլիոնը ձեռք բերվեց պահանջելու, բերման ենթարկելու, համոզելու, պարտադրելու և կորզելու արդյունքում, ինչն, ավա՜ղ, ամենևին ուրախացնող չի: Հարց է ծագում՝ արդյո՞ք շարունակական կլինի մի գործ-ծրագիր, որը ձեռք է բերվել վերը նշված ճանապարհով և ոչ թե՝ գիտակցման, հոգածության, հասկացման, սրտացավության ու համոզմունքի արդյունքում: Ինչևէ, երիտասարդներին 100 մլն-անոց խոստում տրվեց:
2012-ին տրվեց մեկնարկ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին»:
2013-ը ժամն է՝ հարցնելու և պարզելու, թե ի՞նչ արդյունավետությամբ է ծախսվել գումարն, ու կարևորը՝ արդյոք կա՞ հույս, որ ծրագիրը կլինի շարունակական: Իմ խնդրանքով այս հարցերի մասին իր կարծիքը հայտնեց քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի՝ Միջուկային մագնիսական ռեզոնանսային սպեկտրասկոպիայի լաբորատորիայի գիտաշխատող Աստղիկ Շահխաթունին:
– Աստղիկ, որպես Նախագահի հատկացրած 100 մլն գումարով իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի անդամ՝ կարո՞ղ եք թվարկել ծրագրի իրականացման հիմնական արդյունքները, ինչպիսի՞ ձեռքբերումներ կան։ Իսկ կա՞ն թուլություններ, բացթողումներ, ձախողումներ, ինչպիսի՞ն են ծրագրի գործունեության լավացման ու հետագա զարգացման ուղիները:
– Ինչ վերաբերում է շահառուներին, ապա կարծում եմ, որ մեր ընդունած բավական խիստ չափորոշիչը` գիտաժողովների ճանապարհածախսի տրամադրման համար, կխթանի երիտասարդներին՝ ձգտել բանավոր ելույթի հրավեր ձեռք բերելուն: Գիտաժողովներ կազմակերպելու համար գումարը խթանում է երիտասարդներին՝ լինել ակտիվ և ինքնուրույն կազմակերպել գիտաժողովներ: Ես ակնկալում եմ, որ ծրագրի շարունակականության դեպքում շատ ավելի ուժեղ հայտեր կներկայացվեն, և մեծ մրցակցություն կլինի:
Ինչ խոսք, ծրագիրն էլ գնալով է՛լ ավելի լավանում է, երիտասարդները սովորում են, շտկումներ կատարում հայտերի գնահատման մեջ, որպեսզի գնահատումը լինի է՛լ ավելի օբյեկտիվ: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ երիտասարդներն էլ հասկացան, որ գումարներն արդար տրամադրելը հեշտ չէ, չափորոշիչներ սահմանելը պահանջում է հաշվի առնել բազամաթիվ տարբեր գործոններ, տարբեր ոլորտներում առկա նրբությունների գիտակցում և այլն: Ձեռքբերում եմ նաև համարում տարբեր մասնագիտությունների, տարբեր քաղաքական, սոցիալական և գիտական մտածողությամբ մարդկանց՝ մի խմբում արդյունավետ, անշահախնդիր և անվարձահատույց աշխատանքը: Հուսով եմ, որ ծրագրի ձևաչափը չի փոխվի. ԵԳԱԾ-ի կառուցվածքը կմնա մոտավորապես նույնը, աշխատաոճն էլ կլինի այսպես բաց ու թափանցիկ: Գուցե, մի քիչ ավելի հավակնոտ ծրագրեր առաջարկենք և քայլերի դիմենք, դա էլ երևի կարելի կլինի դիտարկել՝ որպես ծրագրի լավացման ուղենիշ:
– Որքանո՞վ է հավանական, որ ծրագիրը շարունակական կլինի, եթե՝ այո, ապա ինչո՞ւ եք այդպես կարծում, և, լինելու դեպքում՝ արդյո՞ք կավելանան գումարները, ինչպես խոստացել էր Նախագահը, եթե ծրագիրը հաջողությամբ իրականացվի:
– Այս ծրագիրը լիովին արդարացրել է սպասումները, ցույց է տվել գումարների ծախսման նպատակայնությունը և արդյունավետությունը: Եթե նախագահն անկեղծ է իր մղումներում, ապա տրամաբանական է ծրագրի հիման վրա շատ ավելի լուրջ և ծավալուն ծրագրերի մեկնարկումը: Իսկ եթե ծրագիրը կրում է ձևական բնույթ, ապա կրկին կարծում եմ, որ այն կլինի շարունակական՝ գոնե մոտակա ապագայում, համենայն դեպս, կտրվեն այդպիսի խոստումներ, քանի որ այս ծրագիրը նախագահին հնարավորություն է տալիս՝ փոքր գումարով ցույց տալ իր աջակցությունը և շահագրգռվածությունը՝ թե՛ գիտության, թե՛ երիտասարդության հանդեպ:
Այն լավ խոսելու առիթ է Նախագահի համար, այն ցույց է տալիս իր խորիմաստությունը, երիտասարդներին վստահելը, իր հոգածությունը: Այս դեպքում չեմ կարծում, որ գումարները զգալիորեն ավելանան, քանզի աչքակապության համար այսքանն էլ է բավարար: Բայց, իհարկե, հուսով եմ, որ մեր նախագահն իսկապես մտահոգված է երիտասարդ գիտնականների ապագայով և առկայությամբ Հայաստանում, և մոտակա ժամանակում կտրուկ կավելանա ԵԳԱԾ-ի նախագծերի ֆինանսական բազան: Միակ մտահոգությունը մնում է նախորդ տարվա բյուջեում գիտության ֆինանսավորման կտրուկ ավելացումից հրաժարվելը: Ես դա չեմ պատկերացնում՝ պետության զարգացումով մտահոգ նախագահի պարագայում: Հույս ունեմ, որ դա էլ անբացատրելի թյուրիմացություն է, և շուտով գիտության ֆինանսավորումը ևս կգրանցի շատ կտրուկ ավելացում:
Հ.Գ. Նախագահի նախընտրական ծրագրում գրված է՝ «Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները»։ Լավ։ Բայց դա բավարար չէ։ Երիտասարդ գիտնականները պարզ գիտակցում են, որ իրականում պետք է արմատապես ավելացնել ողջ գիտության ոլորտի ֆինանսավորումը։ Թե որքանո՞վ է նախագահը սա գիտակցում, այսինքն, որքանո՞վ է նա իրականում մտահոգված երիտասարդ գիտնականների ապագայով՝ շուտով պարզ կդառնա։