«Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ հանկարծ Հայաստանը քիչ թե շատ ոտքի չկանգնի»

Եվրոպական միությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն երկընտրանքից Հայաստանը պետք է ընտրի Եվրոպական միությունը, քանի որ հայերն իրենց էությամբ եվրոպացի են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա՝ երկընտրանքը Հայաստանի առջև կանգնած է եղել դեռ վաղ ժամանակներից, սակայն այսօր հարցն ավելի քան սուր է դրված.

«Եվրոպացիներն այս առումով մեղմ են: Նրանք շատ բան չեն ասում: Նրանք ասում են՝ դուք ինքներդ կողմնորոշվե´ք: Ռուսաստանը կարծես մի փոքր ավելի կոշտ է: Այն, ինչի մասին, մենք խոսում ենք որպես այլընտրանք՝ Եվրասիական միությունը, դեռ գոյություն չունեցող բան է: Կիսատ-պռատ, ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական կառույց է: Ժամ առաջ մենք պետք  է որոշում կայացնենք: Չպետք է ուշանանք նստել այն գնացքը, որ մեզ պետք է տանի դեպի այնտեղ, ինչին մենք արժանի ենք»:

Բագրատ Ասատրյանը նշեց, որ 2011-ի տվյալներով՝ Ռուսաստանին բաժին է ընկնում արտահանման 16,7 տոկոսը, իսկ ներմուծման 21,5 տոկոսը: Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ տնտեսական առումով Հայաստանի հիմնական գործընկերը Եվրոպան է. «Տնտեսական առումով ընտրությունն արդեն կատարված է: Մենք միշտ փորձել ենք թև-թիկունք կանգնել քայքայվող կայսրություններին: Այսօր հայտնի չէ՝ Ռուսաստանը ի՞նչ ապագա ունի»:  Ըստ Բագրատ Ասատրյանի՝ Հայաստանը լայն իմաստվ քայքայվող, մաշվող միավոր է. «Տնտեսական առումով Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ հանկարծ Հայաստանը քիչ թե շատ ոտքի չկանգնի»,- ասաց նա:

Ըստ Բագրատ Ասատրյանի՝ նման քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը շատ բան կկորցնի: «Մենք թույլ չպիտի տանք, որ մեզանում լինի այն բանը, ինչը կա այսօր: Այդ այլանդակությունը, որ այսօր պառլամենտ է կոչվում, որի զգալի մասը, իշխող կուսակցության զգալի մասն է, չեմ ուզում շատ կոպիտ լինել, անլեզու կենդանիներ են»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս