
Բիզնես կարգի մի տոմսի եղածն ինչ էր, չտրամադրեցին. Գևգեոզյանը հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին

Մենք տեղեկացրել էինք, որ Ուրուգվայի «Ֆենիքսի» հարձակվող Մաուրո Գևգեոզյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական։ Սակայն ՀՖՖ-ի հետ հետագա բանակցությունների արդյունքում ֆուտբոլիստը հրաժարվել է մասնակցել փետրվարի 5-ին Լյուքսեմբուրգի հետ ընկերական հանդիպմանը։
Ինչպես տեղեկացնում է News.am-ը, խնդիրը ինքնաթիռի տոմսի կարգն էր, որ ՀՖՖ-ն պետք է տրամադրեր Գևգեոզյանին։
«Ես չեմ միանա Հայաստանի հավաքականին փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգի թիմի հետ խաղին: Ես հրավեր ստացել եմ Հայաստանի հավաքականից և պատրաստվում էի միանալ հավաքականին: Միակ պահանջը, որ ներկայացրել էի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, դա ինքնաթիռի առաջին կարգի տոմսն էր: Ես երկար ժամանակ պետք է անցկացնեի ինքնաթիռում: Գալիս եմ լրիվ այլ աշխարհամասից: Թռիչքը տեւում է 20 ժամ եւ ես ընդամենը մեկ օր եմ ունենալու ուժերս վերականգնելու համար: Դա իմ միակ պահանջն էր եւ կարծում եմ՝ այն արդարացի էր` հաշվի առնելով ճանապարհի երկարությունը: Սակայն ինձ մերժեցին: Ստացվում է, որ ես այնքան էլ կարեւոր ֆուտբոլիստ չեմ Հայաստանի հավաքականի համար եւ առավելագույնն արժանի եմ ինքնաթիռի էկոնոմ կարգով ժամանելուն: Նորանոր հաղթանակներ եմ մաղթում Հայաստանի հավաքականին»,- զրույցում ասաց Մաուրո Գևգեոզյանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը