Հայ-իրանական դաշինքն ուղվված է ադրբեջանական «իրրեդենտիզմի» դեմ. Եվրոպական ռազմավարական հետախուզության ու անվտանգության կենտրոն
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական ռազմավարական հետախուզության ու անվտանգության կենտրոնը (European Strategic Intelligence and Security Center – ESISC) հրապարակել է «Հայ-իրանական հարաբերությունների» մասին 67 էջանոց զեկույց:
Դրանում, մասնավորապես, նշված է, «Ավելի քան 20 տարիների ընթացքում Իրանը հանդիսացել է Հայաստանի հիմնական ու ամենահուսալի դաշնակիցը: 1991 թվականին Իրանի կողմից Հայաստանի անկախության ճանաչումից ի վեր՝ երկու երկրներն ամրապնդել են իրենց քաղաքական հարաբերությունները և պարտավորություններ են ստանձնել տնտեսական ոլորտում բազմաթիվ համատեղ նախագծեր կյանքի կոչելու համար:
Առաջին հայացքից «Գլոբալ իսլամական հեղափոխության» փարոսի (Իրան) և քրիստոնյա ազգի միջև այդպիսի միությունը կարող է մեծապես անբնական թվալ: Հայաստանի համար այդ դաշինքը հանդիսանում է Թուրքիայի ու Ադրբեջանի կիրառած տնտեսական պատժամիջոցների շրջանցման միջոց: Բացի այդ, դա Երևանին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել էներգոմատակարարումները և Հյուսիս-Հարավ առանցքում հանդես գալ որպես կենտրոնական տարր, որն Իրանի համար կբացեր «տաք ծովերի ճանապարհը» դեպի եվրոպական ու ռուսական շուկաներ: Թեհրանի տեսանկյունից էլ Հայաստանի հետ հատուկ հարաբերություններն առաջարկում են միջազգային պատժամիջոցների շրջանցման ու սեփական միջուկային հավակնություններն առաջ տանելու միջոց:
Այդպիսի դաշինքը նաև ուղղված է ադրբեջանական «իրրեդենտիզմի» (ընդհանուր ազգապատկանելիության կամ պատմական փաստերի վրա հիմնված մեկ այլ պետության կամ պետությունների կազմում գտնվող տարածքի անեքսիան արդարեցնող որևէ դիրքորոշում, տեսական առումով շատ երկրներ կարող են իրրեդենտիստական պահանջներ ներկայացնել իրենց հարևան երկրներին, քանի որ պատմության ընթացքում պետությունների սահմանները բազմաթիվ անգամ ձևափոխման են ենթարկվել -168.am) և Կասպից ծովի ածխաջրածինների համար պայքարում Ադրբեջանի թուլացմանը:
Կովկասում դիրքերի զբաղեցումը վերջիվերջո Իրանին հնարավորություն է տալիս հակազդել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներգրավմանը և պատասխան հասցնել իր ավանդական թշնամիների՝ Թուրքիայի ու Իսրայելի ռազմավարական հավակնություններին: Իրանը նաև ցանկանում է Կովկասն օգտագործել որպես մարտադաշտ՝ իր միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ միջնորդավորված պատերազմում»: