Սերգեյ Սմբատյան. «Պիետրոդարկիի պես երաժիշտներին չես կարող որևէ բան ստիպել կատարել» (տեսանյութ, լուսանկարներ)
Օրեր առաջ Երևանում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) հանդես եկավ աշխարհահռչակ իտալացի վիրտուոզ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (Mario Stefano Pietrodarchi): Արամ Խաչատրյան համերգասրահը լեփ-լեցուն էր: Այդ օրը հնչեցին կոմպոզիտորներ Աստոր Պիացոլայի, Ֆաբիո Կոնիչիելայի, Ռոբերտո Մոլինելիի, Էնրիկո Բլատիի, Նինո Ռոտայի ստեղծագործություններից: Երաժիշտը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ երրորդ անգամ էր հանդես գալիս: Համերգի ընթացքում մի քանի անակնկալներ էին մատուցվել: Առաջին անակնկալը մատուցվել է Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները» ստեղծագործության համաշխարհային պրեմիերայի տեսքով: Իտալացի վիրտուոզի կատարմամբ այդ օրը հնչեց Կոմիտասի «Կռունկը»` յուրովի մատուցմամբ:
Հաջորդ անակնկալի մասին հաղորդավարի խոսքերից հետո հայտարարել էր ինքը՝ բանդոնեոնահարը: Խոսքը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած «Նվիրում տանգոյին» ստեղծագործության կատարման մասին է: «Շնորհակալություն ամեն ինչի համար: Կուզեի մի երկու խոսք ասել այն մասին, ինչպես երեք ամիս առաջ ես որոշեցի գալ Հայաստան, մասնակցել այս համերգին: Ես շատ երջանիկ էի, երբ Սերգեյն ինձ հրավիրեց (ամեն անգամ էլ Հայաստան հրավիրվելիս ուրախ եմ լինում): Սակայն այս անգամ Սերգեյն ինձ ուղարկեց Հայաստանից մի երաժշտական դիսկ« և ես ընտրեցի այս կտորը, որը գրել է Առաջին տիկինը: Եվ ես խնդրեցի Սերգեյին՝ կազմակերպել այդ երաժշտության ներկայացումը նվագախմբի միջոցով, որովհետև դա իսկապես գեղեցիկ երաժշտություն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Առաջին տիկնոջն այդ երաժշտության համար: Իրոք կուզեի, որ ձեր Առաջին տիկնոջ պես մի Առաջին տիկին էլ Իտալիայում ունենայինք: Որովհետև ձեր Առաջին տիկինը շատ է սիրում երաժշտությունը, նվագախումբը, այս երիտասարդ երաժիշտներին, և դա շատ գեղեցիկ է: Որովհետև մենք հենց այսպիսի քաղաքական մտածողության կարիք ունենք: Շատ շնորհակալություն»,- ասաց երաժիշտը:
Համերգից հետո որոշ շրջանակներում քննարկումներ եղան այն մասին, թե այդ ստեղծագործության կատարումից հետո հանդիսատեսն այն վատ է ընդունել: Ավելին, նույնիսկ կարծիքներ եղան, թե երաժշտին ստիպել են այն կատարել:
168.am-ը համերգի և ՀՀ Առաջին տիկնոջ ստեղծագործության կատարման կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին: «Առաջին տիկնոջ այդ ստեղծագործությանը ծանոթանալուց հետո՝ ինքս եմ Մարիոյին տվել ձայնասկավառակը, որպեսզի լսի և իր կարծիքն ասի: Մենք մեր ծրագրերի մասին խոսելիս հաճախ էինք տանգոյի մասին քննարկում, և այդ պատճառով հետաքրքիր էր իր կարծիքն իմանալ (ի դեպ, Սերգեյ Սմբատյանը նախապես տեղյակ չէր պահել երաժիշտին, թե ո՞ւմ ստեղծագործությունն է ձայնասկավառակի վրա.-հեղ.):
Նրան շատ դուր եկավ այդ ստեղծագործությունը և ինձ խնդրեց նվագախմբի հետ կատարել գործիքավորումը, որպեսզի այն ներկայացնենք համերգին: Հանդիսատեսի կողմից ստեղծագործությունը շատ լավ ընդունվեց: Ինձ համար զարմանալի են այդ խոսակցությունները, որովհետև Մարիոյի մակարդակի երաժիշտներին, որքան էլ մոտ հարաբերություններ լինեն, անհնար է որևէ բան պարտադրել կամ ստիպել կատարել: Նման երաժիշտներին անհնար է որևէ բան ստիպել: Լսելով երաժշտությունը, նա ասաց՝ «Իտալական պայծառություն կա»»,- պատմեց Սերգեյ Սմբատյանը:
Ի դեպ, համերգի հասույթի 10 %-ը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի միջոցով նվիրաբերվելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը տիկին Ռիտա Սարգսյանն է:
Կից տեսանյութում ներկայացնում ենք Ռ. Սարգսյանի` «Նվիրում տանգոյին» ստեղծագործությունը և Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի խոսքն ամբողջությամբ: