Երևանի կենդանաբանական այգում տնօրենը հաստատում է, որ կենդանիներ են սատկել
Շաբաթ օրը 168.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Երևանի կենդանաբանական այգում վերջին 3 օրերին կենդանիներ են սատկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երկու երիտասարդ առյուծներն էգ առյուծին գզել էին սովի պատճառով:
Շաբաթ օրը լուրը հրապարակելուց առաջ մենք զանգահարեցինք Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պարզելու համար, թե որքանո՞վ է մեր տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը: Սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցին՝ ասելով, թե այգում գործում է «կանոնակարգ», ըստ որի՝ իրենք միայն գրավոր հարցադրումներին են արձագանքում:
Բնականաբար, մենք մեր լուրը հրապարակեցինք՝ տեղեկացնելով նաև, որ Կենդանաբանական այգու տնօրենը պատրաստակամություն է հայտնել երկուշաբթի օրը գրավոր պատասխանել մեր հարցերին: Այսօր մենք զանգահարեցինք Ռուբեն Խաչատրյանին՝ պարզելու համար, թե ինչու չեն պատասխանում մեր գրավոր հարցերին, սակայն նա ասաց, թե իրենք գրավոր չեն պատասխանի, և պատրաստ է ինքը հարցազրույց տալ մեզ: Բնականաբար, մենք հանդիպեցինք նրան: Իսկ թե ինչո՞ւ նա շաբաթ օրը, այսինքն՝ մեր լուրը հրապարակելուց առաջ, հրաժարվեց ոչ գրավոր պատասխանել մեր հարցերին, այսինքն՝ հանդիպել և հարցազրույց-պարզաբանում տալ մեր ունեցած տեղեկատվությանը՝ պարզ չէ:
Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ վերջին oրերի ընթացքում Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկել: Ըստ մեր տեղեկությունների՝ սատկել է մեկ էգ առյուծ. երկու երիտասարդ առյուծներ հարձակվել են տարեց առյուծի վրա ու գզել նրան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդ առյուծները սովից են գզել էգ առյուծին:
Սատկել է նաև մեկ մուֆլոն, որի ոտքն օրեր առաջ կոտրվել էր:
Սատկել է նաև 10 ճագար, ինչպես նաև՝ ջրլող թռչուններ: Մեր տեղեկություններով՝ ճագարները սատկել են սովից:
Ինչևէ, այսօր մենք հանդիպեցինք Ռուբեն Խաչատրյանին, ով հաստատեց, որ Կենդանաբանական այգում վերջին օրերին, այո, կենդանիները սատկել են, բայց՝ ոչ սովից:
Բայց ամեն ինչ՝ հերթականությամբ:
Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ մուֆլոնի սատկելու մասին լուրը համապատասխանում է իրականությանը: «Կենդանաբանական այգիները կառավարվող համակարգեր են: Մի պատկերացրե՛ք, որ դա վայրի բնություն է, ու կենդանիները վայրի բնության մեջ ազատ ապրում են, ծնվում են, սատկում են, մեկը մյուսին ուտում է, և այլն, և այլն: Կենդանաբանական այգիները կառավարում են իրենց թե՛ ծնելիությունը, թե՛ կենդանիների վիճակը, թե՛ հիվանդությունները: Կենդանիներ կան, որոնք ծերանում են, կենդանիներ կան, որոնք հիվանդանում են, և իրենց բուժումն անհնար է: Այդ կենդանիները խոտանման ենթական կենդանիներ են, այսինքն՝ իրենց իրավունք չունես ցուցադրես, եթե հնարավորություն չունես բուժելու, իրավունք չունես պահելու: Այդ նպատակով խոտանման ցուցակ գոյություն ունի, որը ստեղծում է մասնագետներից բաղկացած հանձնաժողովը՝ եռամսյակային կտրվածքով, և որոշումը միանձնյա չէ: Այսինքն՝ դա կոնկրետ մասնագիտական որոշում է, որն ամեն կենդանաբանական այգի ունի:
Մուֆլոնը, որի մասին խոսում ենք, խոտանման կենդանացուցակի մեջ էր մտած, ոտքի խնդիր ուներ և ծեր էր, չէր կարող բուժվել: Եվ մենք իրավունք չունեիք թողնել, որ ինքը տառապի»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը: Կենդանաբանական այգու տնօրենի խոսքով՝ կառավարվում է նաև կենդանիների ծնելիությունը:
Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ առյուծի սատկելու մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը. ըստ նրա՝ հունվարի 15-ի առավոտյան կոտրվել է ճաղավանդակի ճաղը. «Ճաղերը, չհամապատասխանելով անվտանգության կանոններին, չնայած որ սարքված են եղել 3,5 տարի առաջ, կարծես թե նոր վանդակ է, ու պետք է, որ ինքն ամուր լիներ, ու դրա մասին գոնե չմտածեինք, որը գրեթե վերջին կառույցներից է: Պարզվեց, որ ամենավատ և ամենախոցելի վանդակներն են, որովհետև չի եղել նախագիծ մինչև կառուցելը, չի եղել թույլտվություն, չի իրականացվել շինարարական կազմակերպության կողմից: Դա շինություն է, որը չի համապատասխանել ոչ մի ստանդարտի, ոչ էլ ապահովությանը: Ճաղերից մեկը կոտրվել է, առյուծներից մեկն անցել է մյուս վանդակը, որտեղ մյուս առյուծները (ուղղակի կես րոպե է տևել երևի թե, նույնիսկ՝ ավելի քիչ) խեղդամահ են արել»:
Անդրադառնալով 168.am-ի հրապարակած այն տեղեկություններին, թե այգում վերջին 3 օրերի ընթացքում սովից ճագարներ են սատկել, Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ Կենդանաբանական այգում միայն կերակրման նպատակով բազմացվում են ճագարներ, ծովախոզուկներ, սպիտակ առնետներ, մկներ:
«Այդ հարցն արդեն դուրս է գալիս: Այո՛, ամեն օր սատկում են, կերակրում ենք իրենց, սատկացնում ենք, կերակրվում են մյուս կենդանիները, որոնք դրա կարիքն ունեն»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:
Ռուբեն Խաչատրյանը հերքեց միայն մեր այն տեղեկությունը, թե այգում ջրլող թռչուններ են սատկել:
Ըստ էության՝ մեր հրապարակած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և Ռուբեն Խաչատրյանի մատնանշած պատճառաբանությունները, թե որ կենդանին ինչ պատճառով է սատկել՝ արդեն իրավասու մարմինների ստուգման արդյունքում կարող են պարզվել: Կարծում ենք՝ որքան արժանահավատ են Ռուբեն Խաչատրյանի բացատրությունները, նույնքան արժանահավատ է նաև մեր աղբյուրների տրամադրած տեղեկատվությունը, թե ինչ պատճառներով են սատկել կենդանիները:
Մենք առաջիկայում նույնպես կանդրադառնանք այս խնդրին: