Երևանի կենդանաբանական այգում սովից կենդանինե՞ր են սատկել
168.am-ի տեղեկություններով՝ վերջին 3 օրերի ընթացքում Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկել: Ըստ մեր տեղեկությունների՝ սատկել է մեկ էգ առյուծ. երկու երիտասարդ առյուծներ հարձակվել են տարեց առյուծի վրա ու գզել նրան:
Սատկել է նաև մեկ մուֆլոն, որի ոտքն օրեր առաջ կոտրվել էր:
Սատկել է նաև 10 ճագար, ինչպես նաև՝ ջրլող թռչուններ: Մեր տեղեկություններով՝ ճագարները սատկել են սովից:
168.am-ը փորձեց վերոնշյալ տեղեկությունը հրապարակելուց առաջ այն ճշտել Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանից: Վերջինս, սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում հրաժարվեց բանավոր պատասխանել հարցին՝ ասելով, թե Կենդանաբանական այգում գոյություն ունի կարգ, համաձայն որի՝ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել: Այնինչ դրա փոխարեն նա կարող էր ընդամենն ասել այո կամ՝ ոչ:
Ռուբեն Խաչատրյանը նաև ասաց, որ հարցմանը կպատասխանի երկուշաբթի օրը:
Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդիրը հրատապ է, և, որ մեր հարցը վերաբերում էր ոչ թե Կենդանաբանական այգու ծրագրերին, այլ կենդանիների ողջ լինել-չլինելուն, 168.am-ը որոշեց հրապարակել այս տեղեկությունները:
Միաժամանակ նշենք, որ մենք հարցումն արդեն ուղարկել ենք Կենդանաբանական այգու տնօրենին և երկուշաբթի օրը պատասխանը ստանալուն պես՝ այն կհրապարակենք: