Հարևանության տնտեսական պատկերը
Հայ քաղաքական միտքն այդպես էլ չկողմնորոշվեց: Չկողմնորոշվեց, թե որն է ավելի ճիշտ` արևմտամե՞տ լինելը, թե՞ ռուսամետ: Քսան տարուց ավելի է` քննարկում ենք, ու հանկարծ պարզվեց, որ մեր համար ամենակարևոր երկիրը Վրաստանն է: Չնայած, որ վաղուց գիտեինք` «Մոտ հարևանը հեռու բարեկամից լավ է»: Վերջին տարիներին Վրաստանն իր օրինակով բավական դրական բան պարտադրեց: Զարգացող հարևան երկիրը հրապուրիչ դարձավ մեր գործարարների համար: 2010թ. հարյուր գործարար հայաստանցիները Վրաստանում ընկերություններ հիմնեցին: Ամեն տարի ավելանում է հարևան երկիր այցելող հայ զբոսաշրջիկների թիվը:
Մաքուր ու բարեկարգ Թբիլիսիի օրինակով հաջողվեց ոգևորել մեր չինովնիկներին: Նրանք թասիբի ընկան ու սկսեցին զբաղվել մեր մայրաքաղաքի բարեկարգմամբ: Այդ երկրում անցկացված խորհրդարանական վերջին ընտրությունների ու քաղաքական փոփոխությունների նկատմամբ մեր` հայաստանցիներիս հետաքրքրությունը համեմատելի չէ որևէ այլ երկրում տեղի ունեցող գործընթացների հետ: Եվ պատճառը միայն Վիրահայ համայնքի գոյությունը չէ: Մասնագիտության բերումով վերջին տարիներին հաճախ եմ եղել Թբիլիսիում ու արձանագրել, որ այդ երկրի հետ տնտեսական կապերը կամաց-կամաց աշխուժանում են: Վրացական շուկայում հայկական արտադրանքի ծավալներն ավելանում են: Մի քանի տարի առաջ հայաստանյան սնունդ վերամշակող շատ ձեռնարկությունների ապրանքներ կարելի էր գնել միայն հայաբնակ շրջաններում և Թբիլիսիի հայկական թաղերում: Իսկ վերջին տարիներին դրանք կան բոլոր խոշոր խանութներում: Համապատասխանաբար` վրացական հանրահայտ ապրանքատեսակներ հայտնվեցին մեր շուկայում: Բայց հայ-վրացական տնտեսական կապերն այդքան էլ իդեալական չեն:
Տնտեսական հարաբերությունների բարձրակետը 2008թ. էր: Այդ տարի Վրաստան արտահանվել է մոտ 82 մլն դոլարի ապրանք, իսկ ներմուծվել` մոտ 50 մլն դոլարի: Տնտեսական ճգնաժամը հետագայում նկատելիորեն կրճատեց ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև: 2009-ին արտահանվեց մոտ 53 մլն դոլարի ապրանք, ներմուծվեց 41 մլն-ի չափով: 2010-ի թվերը համապատասխանաբար կազմեցին 49 մլն և 54 մլն: 2011-ը մի փոքր աճ գրանցեց: Այդ տարի Վրաստան արտահանումը կազմեց մոտ 62 մլն դոլար, իսկ ներմուծումը` 60 մլն: Բայց սա զուտ քանակական աճ էր: Մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ 2008-09թթ. Վրաստանը հինգերորդ տեղում էր: Այս երկրին էր բաժին ընկնում մեր արտաքին առևտրի 7,5 տոկոսը: 2010թ. Վրաստանն արդեն 8-րդ տեղում էր, իսկ 2011-ին` 10-րդ:
Արտաքին ապրանքաշրջանառության բաժինը կրճատվեց` կազմելով ընդամենը 4,6 տոկոս: Մեր երկրների տնտեսական հարաբերությունների հիմնական ոլորտները գյուղատնտեսությունն ու շինարարությունն է: Բավական մեծ ծավալ է կազմում միրգ-բանջարեղենի «փոխանակումը»: Տարեկան Վրաստան է առաքվում 1,7 մլն դոլարի միրգ-բանջարեղեն և ներմուծվում 7,5 մլն-ի չափով: Ոգելից և ոչ ոգելից ըմպելիքների շրջանառությունը 4,7 մլն դոլար է: Ցավոք, այս շուկայի միայն մեկ-երրորդն է մերը: Վրաստանը հայկական ծիրանի արտահանման երկրորդ շուկան է` մոսկովյանից հետո: Հարևան երկիր մենք նաև շաքարավազ ենք արտահանում` 1 մլն դոլարի չափով, սուրճ` 3,4 մլն դոլարի ծավալով, և ծխախոտ` տարեկան 2,6 դոլարի արժեքով: Մեր արտահանումների մեջ մեծ բաժին են կազմում պլաստմասսայե և ապակյա իրերը: Պարզ ասած` տարաները Վրաստանի գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունների համար: Վերջին տարիներին Թբիլիսիում ու մյուս խոշոր բնակավայրերում նկատելիորեն աշխուժացել է շինարարությունը:
Այն մասամբ իրականացվում է հայկական շինանյութերով ու ցեմենտով: 2011-ին արտահանվել է 7 մլն դոլարի արժեքով ցեմենտ: Վրաստանից ներմուծվող ապրանքների մեջ էլ շինարարությունը նկատելի ծավալ ունի: 2011-ին ներմուծվել են 10 մլն դոլարի չափով ամրաններ և մետաղյա իրեր, և մոտ 7 մլն դոլարի ծավալով շինարարական փայտ ու փայտյա իրեր: Ի տարբերություն մեր երկրի` Վրաստանին հաջողվեց պահել քիմիական արդյունաբերության որոշ ձեռնարկություններ: Հիմա մեր գյուղատնտեսությունն էականորեն կախված է վրացական արտադրության պարարտանյութից: Ամեն տարի 5-6 մլն դոլարի պարարտանյութ ենք ներկրում: Փոխարենը` կարող ենք ուրախանալ, որ տարեկան 2 մլն դոլարի չափով դեղորայք ենք արտահանում Վրաստան: Ահա այսպիսի պատկեր ունեն մեր տնտեսական հարաբերությունները: Այն, որ Վրաստանի նորընտիր վարչապետի արտասահմանյան առաջին ուղևորությունների ցուցակում Հայաստանն է, իսկապես կարող է հույս ներշնչել: Հույս` որ մեր միջպետական հարաբերությունները զարգացում կապրեն: Որովհետև թե՛ տնտեսական, թե՛ մշակութային հարաբերությունները վերջին տարիներին չեն արժանանում մեր երկրների քաղաքական գործիչների ուշադրությանը: Մի բան, որ աններելի է:
Աններելի է թե՛ Վիրահայոց համայնքի, թե՛ մեր հարևան ժողովուրդների շահերի տեսանկյունից: Փոխադարձ անվստահության ու երբեմն բացահայտ թշնամության տարիներին, ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում չանվանափոխվեցին հայ ու վրացի մտավորականների անունները կրող փողոցները: Թբիլիսիի կենտրոնում Փարաջանովի արձանը տեղադրվեց, երկու տարի առաջ Սայաթ-Նովայի հայատառ, վրացատառ հուշակոթողը կառուցվեց: Հայաստանցի զբոսաշրջիկները սիրում են լուսանկարվել այդ հուշարձանի ֆոնին, զբոսնել Թբիլիսիի պատմական կենտրոնի Սայաթ-Նովա, Աբովյան, Թումանյան փողոցներում:
Բայց մեր թանկարժեք ծաղկաձոր-ջերմուկները չեն կարող հրապուրել վրաց զբոսաշրջիկներին: Անգամ պարսիկ զբոսաշրջիկները 2012-ին գերադասեցին տոնական արձակուրդը Վրաստանում անցկացնել: Իսկ դա, հնարավոր է` մրցակցություն ծնի, ու մեր գործարարները հասկանան, որ իրենց թանկարժեք հյուրանոց-առողջարանները միայն իրենց քսակին են հարմար: Մենք վերջին տարիներին կրկին հայտնագործեցինք Վրաստանը և արձակուրդը հենց այնտեղ էլ անցկացնում ենք: