Վատ կառավարողին խանգարող հանգամանքների մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին քննադատություններ հաճախ են հնչել և հնչում են։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ նախկին նախագահը զգայուն է հատկապես այն քննադատությունների նկատմամբ, որոնք վերաբերում են տնտեսությանը։
Ռ. Քոչարյանն անձամբ կամ իր գրասենյակի միջոցով անմիջապես պատասխանում է այն հրապարակումներին կամ ելույթներին, որոնք, իր կարծիքով, ստվեր են գցում իր կառավարման օրոք գրանցված երկնիշ տնտեսական աճի վրա։ Օրինակ` ամիսներ առաջ Ռ. Քոչարյանն անդրադարձել էր տնտեսության թեմային` նշելով, որ մարդիկ լավ պայմաններից չեն արտագաղթում։
«Մեդիամաքս» գործակալությանը տված նրա վերջին հարցազրույցը ևս բացառություն չէր։ Քոչարյանի կարճ հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր հենց տնտեսությանը (375 բառից 118-ը տնտեսության մասին էր)։ Հիշեցնենք, թե ինչ էր ասել նախկին նախագահն իր այդ հարցազրույցում. «Հիմնարար գործոնները, ցավոք, այսօր էլ լավատեսություն չեն ներշնչում: Հայաստանից բնակչության արտահոսքի տեմպերը չեն կրճատվում, և սա արդեն նման չէ աշխատանքային միգրացիայի: Ցածր ծնելիության և ծերացող բնակչության պարագայում սա չափազանց վտանգավոր միտում է:
Պատահական չէ, որ միգրացիան երկրի առողջական վիճակի կարդիոգրամա է համարվում: Տնտեսությունը սկսել է աճել, բայց արդյո՞ք այդ աճը կայուն կլինի նվազող ներդրումների պայմաններում, և որքանո՞վ է այն պայմանավորված լինելու պարտքերի կուտակմամբ:
Չէ՞ որ նույնիսկ ՀՆԱ-ի 2012թ. սպասվելիք 7% աճի պարագայում մենք համադրելի թվերով չենք հասնելու 2008թ. մակարդակին (9.8%), հատկապես ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի ավելի քան եռակի աճի պայմաններում (այն էլ` պարտքի կառուցվածքի վատթարացմամբ): Ի դեպ, տնտեսության համար լուրջ դրական գործոն կարող է հանդիսանալ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայով, ինչը հնարավոր է դառնում Վրաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո»:
Այս տողերում զգացվում է թե՛ ներկա իշխանության տնտեսական քաղաքականությունը քննադատելու, թե՛ սեփական տնտեսական քաղաքականությունն արժևորելու ցանկությունը։ Ընդ որում, վերջին ցանկությունը, թերևս, ավելի մեծ է, քանի որ 2009թ. ճգնաժամից հետո Քոչարյանի երկնիշ աճի ժամանակաշրջանի իրական օգուտը դրվեց կասկածի տակ։ Անգամ իշխանությունները թափանցիկ կերպով ակնարկում էին, որ Հայաստանում ստեղծվել է ոչ դիվերսիֆիկացված, հիվանդ, խոցելի տնտեսություն։ Ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք` շինարարության խթանման հաշվին։
Ռոբերտ Քոչարյանն էլ այդ մեղադրանքներին պատասխանում է՝ բավականին ցավոտ փաստեր դնելով ներկայիս իշխանությունների առաջ` արտագաղթ, արտաքին պարտք, և այլն։
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն ավելի զգայուն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է տնտեսական քաղաքականությանը։ Ամենահավանական բացատրությունը հետևյալն է. մարդը քննադատության դեպքում ավելի զգայուն է այն ժամանակ, երբ համոզված է, որ ինքը ճիշտ է գործել։ Օրինակ, երբ նշվում է, որ Ռ. Քոչարյանի օրոք մարդու իրավունքների վիճակն ավելի վատ էր, նման զգայուն արձագանք չկա։ Սակայն նախկին նախագահն իրո՛ք համոզված է, որ իր օրոք տնտեսությունն ավելի լավ վիճակում էր։ Եվ երբ նրան քննադատում են մի բանի համար, որն ինքը դրական է գնահատում, դա իրոք զայրացուցիչ կարող է լինել։
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն, ի դեպ, մի հետաքրքիր նրբերանգ էլ ունի։ Ռ. Քոչարյանը պատասխանել էր հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցում ընտրություններին։ Նա նշել էր ղարաբաղյան ծագման, «երեք նախագահների տհաճ պայքարի» և քաղաքական առևտրի մասին։ Իսկ թե ինչո՞ւ իր «վաղեմի գործընկերոջը»՝ Սերժ Սարգսյանին, չի սատարում, այդ հարցին Ռ. Քոչարյանը, թվում է, չէր անդրադարձել։ Եվ հայաստանյան լրագրողները ստիպված փորձում էին այս հարցի պատասխանը ստանալ ուրիշ քաղաքական գործիչներից։
Իրականում` նշված կարճ հարցազրույցում կարելի է գտնել Ռոբերտ Քոչարյանի պատասխանը (թեպետ այդ հարցը չի հնչել)։ Վերը նշված գործոնները Ռոբերտ Քոչարյանն ինքը համարել է ոչ հիմնարար։ Իսկ որպես հիմնարար գործոններ` նշել է քաղաքական մրցակցության բացակայությունն ու տնտեսության վիճակը։ Ընդ որում, քաղաքակական մրցակցության (ավելի ճիշտ` դրա բացակայության մասին) նախկին նախագահը խոսել է շատ կարճ, մինչդեռ տնտեսության վրա բավականին մանրամասն կանգ է առել. տեղը տեղին քննադատել է ներկայիս տնտեսական վիճակը։
Եթե տնտեսության վիճակը վատ է, ապա այն վատ է կառավարվում։ Եթե վատ է կառավարվում, նշանակում է` կառավարիչը վատն է։ Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին համարում է վատ կառավարիչ։ Իսկ ինչո՞ւ սատարել մեկին, ով վատ կառավարիչ է։ Սա էլ` չսատարման հարցի պատասխանը։
Իրականում երկու կողմն էլ ճիշտ են՝ թե՛ ներկայիս իշխանությունը, որը խոսում է նախկինի սխալների մասին, թե նախկինը, որը խոսում է ներկայիս սխալների ու դրանց հետևանքների մասին։ Այսինքն` բոլորն էլ վատ են կառավարել։ Եվ որքան էլ զարմանալի լինի` «ընտրվել» են վատ կառավարելով։