Ինչն է տխրեցրել Տիգրան Սարգսյանին և ուրախացրել Հովիկ Աբրահամյանին
Հայաստանի իշխանություններն, ըստ ամենայնի, վերջնականապես ընտրություն են կատարել եվրոինտեգրացիա՞, թե՞ Եվրասիական միություն երկընտրանքում, ու այդ ընտրությունը վերջինիս օգտին է: Այդ մասին են վկայում վերջին երկու օրերին հնչած մի քանի հայտարարություններ, որոնք պատշաճ ուշադրության չարժանացան նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված, ըստ էության, արհեստական աժիոտաժի պատճառով: Նախ՝ հունվարի 14-ին Պաշտպանության նախարարությունում կազմակերպված միջոցառման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ անվտանգության առանցքը շարունակելու է մնալ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը` դա հիմնավորելով նրանով, որ այն ապացուցել է իր կենսունակությունը:
Երեկ էլ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն անդրադառնալով խորհրդարանի նախագահի ղեկավարած պատվիրակության` Բրյուսել կատարած այցին, ասել է, որ իրենք եվրոպացի պաշտոնյաներին ներկայացրել են Հայաստանի ռուսական կողմնորոշումը չփոխելու որոշումը, դրա հիմնավորումները, և Եվրոպայում դրանք ընդունվել են ըմբռնումով: Այս իրադարձությունները վերջնականապես ցրեցին անցած տարեվերջին որոշակի շրջանակներում ձևավորված այն տպավորությունները, որ Հայաստանը կարող է փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը և, պոկվելով Ռուսաստանից, գնալ դեպի Եվրամիություն: Արտաքին քաղաքականության դիրքորոշման նման հստակեցումն, ի դեպ, կարող է որոշակի փոփոխություններ մտցնել նաև Հայաստանի իշխանական համակարգի կառուցվածքում: Այդ հնարավոր փոփոխությունների արտաքին «ցուցիչներն» արդեն տեսանելի են գոնե իշխանական վերնախավի ներկայացուցիչների համար:
Մասնավորապես, ՀՀԿ վերնախավի մի շարք անդամներ նկատել են, որ ՊՆ-ում տեղի ունեցած այդ հավաքի ժամանակ «արևմտամետի» համարում ունեցող վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական վատ տրամադրություն է ունեցել, մինչդեռ «ռուսամետ» համարվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հակառակը՝ շատ աշխույժ շփվել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հնարավոր է, որ հենց այս հանգամանքով են պայմանավորված վերջին օրերին համառորեն շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ նախագահական ընտրություններից հետո Հովիկ Աբրահամյանը կհասնի իր վաղեմի երազանքին` նշանակվելով վարչապետի պաշտոնում:
«168 ԺԱՄ»