Մեր արժեքավոր ձկնատեսակների բոլոր պաշարները խզված են. մասնագետ
«Մեր արժեքավոր ձկնատեսակների բոլոր պաշարները խզված են: Ստացվում է այնպես, որ պետությունը միլիոններ է ծախսում դրանք վերականգնելու համար, բայց դրանք տեղ չեն հասնում ու այդ ամենն արդյունավետ չէ, քանի որ այդ ձկները, ի վերջո, մեծանալով որսվում են ձկնագողերի կողմից և չեն կարողանում բազմանալ: Իսկ մինչև բազմացում չլինի և բնական վերարտադրություն չլինի, չի կարելի համարել, որ ձկնային պաշարները վերականգնվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս փորձում են վերականգնել և’ սիգի, և’ կոհակի, և’ բեղլուի, և’ իշխանի ձկնային պաշարները, սակայն այդ ամենը դառնում է անարդյունավետ, քանի որ ոչ պատշաճ պահպանություն է իրականացվում, ուստի շարունակվում է դրանց որսը: Արդյունքում, ըստ նրա՝ այնպես է ստացվում, որ մի կողմից ձուկ է բաց թողնվում, իսկ մյուս կողմից էլ՝ որսում են:
«Ճիշտ է՝ Սևանա լճում հիմա ձուկ կա, օրինակ՝ իշխանն այդքան բաց թողնելուց հետո գոյություն ունի, բայց դրանք ոչ հասուն առանձնյակներ են, իսկ երբ հասունանում են, նրանց որսում են, քանի որ դրանք ավելի հեշտ են որսվում, հատկապես երբ գնում են գետերի հուները ձվադրման համար»,- ասաց Բ. Գաբրիելյանը՝ նշելով, որ իշխանը վերականգնվում է իր քանակով, բայց արդյոք վերականգնվո՞ւմ է դրա պոպուլյացիան, թե՞ ոչ՝ այլ հարց է:
«Իհարկե, չի վերականգնում, քանի որ, ինչպես նշեցի, մինչև բնական վերարտադրություն չապահովվի, չի կարելի համարել, որ վերականգնվել է պոպուլյացիան»,- ասաց Բ. Գաբրիելյանը՝ նշելով, որ բնական վերարտադրությունը պետք է գետերում կատարվի, սակայն, ըստ նրա՝ խնդիրներ կան նաև գետերի վիճակի հետ:
Իրենց գիտական կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ գետեր գտնվում են անմխիթար վիճակում և չեն կարող ծառայել՝ ձկների բնական բազմացման համար:
Բարդուխ Գաբրիելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: