 
                        Սերժ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ
 
                                    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացման ընթացքին, զարգացման հեռանկարներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին:
Սինքրոտրոնային լույսի օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնի մասնագետների հավաստմամբ, «ՔԵՆԴԼ» ծրագիրը միտված է 3-րդ սերնդի արագացուցչային-կուտակիչ համալիրի վրա հիմնված լուսային ճառագայթման աղբյուրի ստեղծմանը: Համալիրն ուլտրամանուշակագույնից մինչև ռենտգենյան ալիքի երկարության լայն տիրույթում հզոր, յուրօրինակ լուսային հոսքի մոտ 40 կայանի հնարավորություն կունենա:
Այն հնարավորություն կտա ուսումնասիրել ցանկացած տեսակի նյութի կառուցվածք՝ բջջից մինչև ատոմային մակարդակը, այսինքն` ժամանակակից գիտական հետազոտություններ կատարել հիմնարար և կիրառական ուսումնասիրությունների ողջ տիրույթում` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, բժշկության, շրջակա միջավայրի, նյութագիտության, դեղագործության, նանոէլեկտրոնիկայի և միկրոարտադրության բնագավառներում:
ՀՀ նախագահի գրասենյակ
 
  
  
  
 
                                    



 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        