
ԱՄՆ-ն ավելի քան 50 միլիարդ դոլար կհատկացնի «Սենդի» փոթորկի հետևանքների վերացմանը

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանության է արժանացրել «Սենդի» փոթորկի հետևանքների վերացման նպատակով հավելյալ 50.5 միլիարդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը: Երեք ամիս առաջ գրանցված այդ փոթորիկն ԱՄՆ-ում ու Կանադայում 120 մարդու մահվան պատճառ էր հանդիսացել:
Ավելի վաղ ԱՄՆ սենատը հավանության էր արժանացրել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը 9.7 միլիարդ դոլարի հատկացման օրինագիծը՝ փոթորկից տուժածների ապահովագրական փոխհատուցումների համար: Սրանից առաջ Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների իշխանությունները պահանջում էին նվազագույնը 60 միլիարդ դոլար՝ ընդգծելով, որ փոթորկի հիմնական հարվածն ուղղվել է իրենց:
Ակնկալվում է, որ հավանության արժանացած օրինագիծը հաջորդ շաբաթվա սկզբին կընդունվի Կոնգրեսի վերին պալատի կողմից և կուղարկվի նախագահ Բարաք Օբամայի հաստատմանը: Օրինագծի քննարկումները տևել են մոտ 10 շաբաթ: