
Արման Մելիքյանին պաշտպանողներն ՕԵԿ-ում տեղ չունեն

«Դա անհեթեթություն է, չի կարող ուղղակի նման բան լինել»,- ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի երեկվա հայտարարությանը: Հիշեցնենք, որ Ա. Մելիքյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր վստահված անձանց մեջ կլինեն ՕԵԿ-ի, ՀՀԿ-ի շարքային անդամներ:
Արթուր Միսակյանը բացառեց, որ նման բան կարող է տեղի ունենալ, իսկ եթե լինեն կարգազանց կուսակցականներ, կպատժվեն: «Կուսակցությունն ունի քաղաքական որոշում, և բոլոր այն կուսակցականներն, ովքեր չեն ենթարկվի կուսակցության որոշմանը, նրանք տեղ չեն ունենա կուսակցության շարքերում»,- նշեց Արթուր Միսակյանը:
Այն դիտարկմանն ի պատասխան, թե գուցե շարքային կուսակցականները համաձայնության են եկել Արման Մելիքյանի հետ, իսկ ղեկավարությունը տեղյակ չէ, Արթուր Միսակյանն ասաց, որ մասնակի դեպքեր հնարավոր են:
«Եթե շարքային որևէ մեկը չլինի Արման Մելիքյանի մերձավոր բարեկամը կամ մոտիկ հարևանը, մնացած բոլոր տարբերակները ես բացառում եմ: Քաղաքական բոլոր առումներով, ես դա համարում եմ անհնար»,- նշեց ՕԵԿ մամուլի խոսնակը: