
Ավտոտնակում հայտնաբերվել է ինքնասպանի նամակը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Կարապետյանի կողմից այսօր` հունվարի 16-ին, նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 15-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 86-ամյա Խ. Թորոսյանի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ երեկոյան Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված Սասունիկ գյուղի բնակիչ Խ. Թորոսյանը թունավորում ախտորոշմամբ վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Խ. Թորոսյանը, կյանքին վերջ տալու նպատակով, իր ավտոտնակի մեջ ներկառուցված սենյակում դեռևս չպարզված տեսակի թունաքիմիկատ է խմել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տան ավտոտնակում հայտնաբերվել է երկտող, որում գրված է. «հարազատներիցս ներողություն եմ խնդրում իմ այս քայլի համար, խնդրում եմ ոչ ոքի չմեղադրեք»:
Մահացածը ամուսնացած էր, երեխաներ և թոռներ ուներ, իսկ կինը մահացել է 2012 թ. մայիսին: