Վրաստանի խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի վերադարձնելը կնշանակի Արևմտյան Վրաստանի կործանում. Սաակաշվիլի
Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը Քութայիսից (Արևմտյան Վրաստան) Թբիլիսի վերադարձնելը կնշանակի Արևմտյան Վրաստանի «կործանում»: Սաակաշվիլին այս հայտարարությունն արել է Քութայիսում՝ ուսանողների հանդիպման ժամանակ.
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում Քութայիսում խորհրդարանի գտնվելը: Եթե նրանք որոշեն և Քութայիսից խլեն խորհրդարանը, ապա այստեղ կդադարեցվեն խոշոր նախագծերը, այդ թվում նաև Ցխալթուբո հանգստավայրի և միջազգային օդանավակայանի (Իմերեթիի շրջան) զարգացումը: Այս ամենը կհանգեցնի զանգվածային գործազրկության: Իսկ «մահացած» Քութայիսը նշանակում է «մահացած Արևմտյան Վրաստան»:
Այսօր մեզ շատ են քննադատում: Սակայն այսօր, որ կա էլեկտրականություն, դուք չեք սառում, հացի համար հերթեր չեք կանգնում, միայն կարտոֆիլ չեք ուտում, որ չկա կոռուպցիա ու կրիմինալ, այս ամենը ձեզ տվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը»:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված ուղղումները հնարավորություն տվին խորհրդարանը Թբիլիսիից տեղափոխել Քութայիս: Այժմ իշխող «Վրացական երազանք» դաշինքը մտադիր է խորհրդարանը վերադարձնել Թբիլիսի: Ավելի վաղ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «մեծ հիմարություն» էր որակել խորհրդարանը Թբիլիսիից Քութայիս տեղափոխելու Սաակաշվիլիի նախաձեռնությունը: