
«ԺԵԿ»-ի տեղեկանքով նախագահ դարձած Քոչարյանը գնահատականներ տալու իրավունք չունի. Զ. Թադևոսյան

Մեդիամաքսի հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ ինքը չէր ցանկանում մասնակցել «իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը»։
168.am-ի հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը,անդրադառնալով այս մտքին, ասաց. «Դա առնվազն երեսպաշտություն է: Այն ինչ արել է հարցազրույց տվող նախկին նախագահը, կարելի է որակել այն խոսքերով, ինչի մասին նա խոսել է: Նա է այս ամենի «նախահայրը»: ԺԵԿ-ի տեղեկանքով նախագահ դարձած Քոչարյանը գնահատականներ տալու իրավունք չունի: Երկու անգամ իշխանություն գողացած մարդը, գնահատականներ հնչեցնելու իրավունք, պարզապես չունի: Նախագահների մասին խոսելիս Քոչարյանը թող իր և իր հաջորդի մասին խոսի: Առաջին նախագահին թող հանգիստ թողեն: Լևոն Տեր-Պետրոսյանը եզակի տեսակ է, որակյալ, որից նրանք գաղափար անգամ չունեն»:
Զոյա Թադևոսյանը հավելեց, որ իր կարծիքով, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ընտրությունների մասնակցության վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Ըստ նրա՝ գործող նախագահի երկրորդ պաշտոնավարումից հետո նրանք մտածեն , թե ո՞ւմ են հանձնելու հայոց գահը. «Դե կմտածեն, թե երկուսի հարազատներից ո՞վ կլինի հաջորդը՝ տղա՞ն, փեսա՞ն: Սա իշխանությունը երկարաժամկետ գրավելու լավ մշակված ծրագիր է»: