Ադրբեջանը փաստացիորեն տարածքային հավակնություններ է ներկայացրել Իրանին
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքուն որոշել է գնալ Թեհրանի հետ հարաբերությունների սրման ճանապարհով: Խոսքը գնում է Կասպից ծովում ածխաջրածինների հանքավայրերի պատկանելության մասին:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի հետ որևէ կապ չունի այն նավթագազային հանքավայրը, որի բացման մասին իրանական կողմը հայտարարել է անցյալ տարի. «Տվյալ հանքավայրը գտնվում է Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև և որևէ կապ չունի Իրանի հետ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին իրանական ԶԼՄ-ները, Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին օրեր առաջ հայտարարեց, որ «Սարդար Ջանգալ» նավթագազային հանքավայրը պատկանում է Իրանին: Նա հավելել էր, որ այդ հանքավայրը գտնվում է Իրանի տարածքում և ամբողջովին պատկանում է Իրանին՝ ընդգծելով, որ իրենք այժմ հետազոտություններ են իրականացնում դրանում:
Իրանական Press TV հեռուստաալիքն արդեն իսկ արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը՝ նշելով, որ դա անհետևանք չի մնա Բաքվի համար, քանի որ Ադրբեջանը փաստացիորեն տարածքային հավակնություններ է ներկայացրել Իրանին:
Հիշեցնենք, որ եթե Կասպիցը ստանա ծովի կարգավիճակ, ապա նրա վրա պետք է տարածվեն 1982 թվականի ծովային կոնվենցիայի դրույթները. կասպյան յուրաքանչյուր երկիր սուվերեն իրավունքներ ձեռք կբերի 12 մղոնանոց տարածքային ջրերի (մայրցամաքային շելֆ) և 200 մղոնանոց բացառապես տնտեսական գոտու (ԲՏԳ) վրա:
Քանի որ Կասպիցի առավելագույն լայնությունը չի գերազանցում 200 ծովային մղոնը, ԲՏԳ-ի արտաքին սահմանները պետք է որոշվեն միջին գծի սկզբունքի հիման վրա: Այսինքն՝ Կասպիցի բաժանումն անհրաժեշտ է իրականացնել հյուսիսից հարավ:
Միջին գծի սկզբունքի հաստատման դեպքում Ռուսաստանին բաժին է ընկնում Կասպիցի տարածքի 18.7%-ը, Ղազախստանին` 29.6%-ը, Ադրբեջանին` 19.5%-ը, Թուրքմենստանին` 18.4%-ը, Իրանին` 13.8%-ը: Այժմ Իրանը պահանջում է Կասպիցի հատակի 20 տոկոսը՝ ելնելով նրանից, որ գոյություն ունի մերձկասպյան 5 երկիր (յուրաքանչյուրին 20 տոկոս):
Ռուսաստանը դեմ է Կասպիցին ծովի կարգավիճակ տալուն, քանի որ այդ դեպքում Վոլգա-Դոն և Վոլգա-Բալթիկ ջրանցքները, որոնք համարվում են ներքին ռուսական ջրավազաններ, պետք է դառնան միջազգային ջրեր, իսկ դա լրջորեն հակասում է Ռուսաստանի շահերին ու անվտանգության խնդիրներին:
Դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ նավթարդյունաբերության նախարարությունը ազգային սեկտորների հիման վրա իրականացրել է Կասպիցի բաժանման պրակտիկան: Համաձայն այդ բաժանման՝ Ադրբեջանին բաժին էր հասել Կասպից ծովի տարածքի մոտ 70.000 քառակուսի կիլոմետր, Թուրքմենստանին` 80.000 քառակուսի կիլոմետր, Ռուսաստանին` 60.000 քառակուսի կիլոմետր, Ղազախստանին` 105.000 քառակուսի կիլոմետր և Իրանին` 55.000 քառակուսի կիլոմետր:
Ներկայումս Կասպից ծովի կարգավիճակը կանոնակարգվում է 1921 թվականի փետրվարի 26-ին ՌՍՖՍՀ-ի ու Պարսկաստանի և 1940 թվականի մարտի 25-ին ԽՍՀՄ-ի ու Իրանի միջև կնքված պայմանագրերով։