Հանրապետականների քրեաօլիգարխիկ նոմենկլատուրան հռչակելու է իր նախագահին. «Ժողովրդավարական հայրենիք»

Հունվարի 13-ին տեղի է ունեցել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է առաջիկա նախագահական ընտրություններում ԺՀԿ մասնակցության ձևաչափը, և ընդունվել է հայտարարություն:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«1999-2000թթ. Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի գլխավորությամբ և նրանց շուրջը համախմբված հետադիմական ու ապազգային ուժերի կողմից հակասահմանադրական ճանապարհով և զենքի ուժով ձևավորված վարչախումբը, շուրջ մեկ ու կես տասնամյակ շարունակ, պահում է զավթած իշխանությունը:

Վարչախումբն, իր գոյության ընթացքում կեղծելով բոլոր մակարդակի ընտրությունները, այն կատարելագործեց այն աստիճան, որ 2012թ.-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները վերածեց մանդատների աճուրդի, որով վերջնականապես հաջողվեց հասարակությանը զրկել ընտրելու իր սահմանադրական իրավունքից և որպես գործոն չեզոքացնել:

2012 թ. մայիսի 19-ին «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով իր մտահոգությունը արտահայտեց ստեղծված իրավիճակի մասին և ընդդիմադիր ուժերին, այդ թվում ՀԱԿ-ին, առաջարկեց նոր ուժային կենտրոնի ձևավորման օրակարգ, որը սպասվող նախագահական ընտրություններին կկանխեր ընտրակեղծիքի համակարգի անխափան գործելուն և կվերականգնվեր ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը:

Ստեղծված իրավիճակում ԺՀԿ-ն արձանագրում է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ուրվագծվում է նախագահական ընտրությունների կանխատեսելի արդյունք, այն է՝ առանց մրցակցության ու հետընտրական զարգացումների, հանրապետականների քրեաօլիգարխիկ նոմենկլատուրան հռչակելու է իր նախագահին:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը տեսականորեն դեռևս իրավիճակի փոփոխության հնարավորություն տեսնում է, եթե առաջադրված թեկնածուներից Հ.Բագրատյանը, Պ.Հայրիկյանը և Ր.Հովհաննիսյանը կարողանան իրավիճակը ճշգրիտ գնահատեն և ընդդիմադիր ընտրազանգվածին համախմբման գործընթաց նախաձեռնել, և դա հնարավոր կլինի, եթե նրանք մեկ ծրագրով ու թիմով հանդես գան և քվեաթերթիկում մնա նրանցից մեկը:

Գործընթացների նման զարգացումների դեպքում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը վերստին դուրս կգա պայքարի առաջին գիծ և իր հնարավորությունների սահմաններում կանի ամեն ինչ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս