«Լուսինե Զաքարյանին մենք ունենք փոշիների, մոռացության մեջ»
«Շատ ժողովուրդներ կերազեին Լուսինե Զաքարյան ունենալ: Մենք ունենք` փոշիների, մոռացության մեջ: Ո՞վ է մեղավոր` բոլորս: Ու բոլորս պիտի փորձենք շտկել այդ սխալը՝ մնացած այլ սխալների հետ միասին»,- Լուսինե Զաքարյանի թողած մոռացվող ժառանգության մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դանիայում բնակվող, Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարանի վերածելու ֆեյսբուքյան շարժման նախաձեռնող Շողակաթ Հախվերդյանը:
Ամիսներ առաջ համացանցում տարբեր խմբեր բացվեցին, ֆեյսբուքյան բազմապիսի նախաձեռնություններ ստեղծվեցին` Լուսինե Զաքարյանի և իր ամուսնու` Խորեն Պալյանի երբեմնի տունը տուն-թանգարանի վերածելու նպատակով: Նախաձեռնությանը միացավ մի քանի հարյուր մարդ, ովքեր ամեն կերպ փորձեցին վառ պահել երգչուհու հիշատակը և հասարակությանը համախմբել՝ կորցրած մշակութային արժեքները վերագտնելու գործում:
Այսօր Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարան դարձնելու նպատակի շուրջ համախմբվել են մոտ 1000 ֆեյսբուքյան օգտատերեր: Էջում պարբերաբար տեղադրվում են Լուսինե Զաքարյանի կատարումներից, նրա կյանքի մանրամասները ներկայացնող նկարներ, պատումներ:
«Երբեք որևէ արվեստագետի երկրպագու չեմ եղել ու չեմ հասկացել հիվանդոտ երկրպագուներին: Ես մեկն եմ այն հարյուր-հազարներից, ովքեր հիանում են Լուսինեի անկրկնելի արվեստով: Այսպիսի մի հետաքրքիր դեպք. ստորագրահավաքի մասնակիցների շարքում մի ֆրանսիացու անուն-ազգանուն տեսա, ով օգտատեր Անի անունով մեկին գրել էր, թե չգիտեմ խոսքն ինչի մասին է, բայց նյութը տեղադրում եմ էջումս, քանի որ Անին անդամագրվել էր: Ես ֆրանսերեն գրեցի նրան, թե ով է Լուսինե Զաքարյանը, ու դրեցի նրա էջում Լուսինեի երգերից մեկը: Շատ շնորհակալ եղավ ու իր էջում ընկերների համար բացատրություն էր գրել`լսեք այս հրեշտակի ձայնը»,- պատմում է Շ. Հախվերդյանը:
Շաբաթներ առաջ ֆեյսբուքյան խմբի օգտատերերը դիմել էին Մշակույթի նախարարությանը` օգնության ակնկալիքով: «Մենք մուտք չունենք այդ բնակարան, դա նրանց ժառանգների սեփականությունն է, և նախարարությունը որևէ իրավունք չունի այդ տան նկատմամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում իրենց ոչինչ չանելն այսպես էր բացատրել Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Նորա Դայանը:
168.am-ի հետ զրույցում նախաձեռնության հիմնադիր տիկին Հախվերդյանը նշեց, որ հարազատների սեփականությունը հանդիսացող Լուսինե Զաքարյանի տան փրկության մասին նրանք դեռ հարազատներին չեն դիմել: «Հարազատների հետ չեմ կապվել, բայց գիտեմ, որ Մշակույթի նախարարությունից փորձում են, չգիտեմ՝ ինչքան ու ինչպես: Որոշ տեղեկություններ ունեմ, բայց կան բաներ, որոնց չեմ կարող խառնվել ինքս՝ հարցին չվնասելու պատճառով: Իմ նպատակը խնդիրն ուշադրության կենտրոնում պահելն է, ընթացքին հետևելը»,- ասաց Շ. Հախվերդյանը:
Փոխարենը՝ Մշակույթի նախարարությունից լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ ոչինչ չի արվում, պատասխանել են, թե ամեն մեկի տունը թանգարան հո չի՞ դառնալու:
«Դա զուտ ընտանիքի խնդիր է, թե չէ՝ անհնարին է բոլորի համար թանգարան ունենալը, դա լուրջ էլ չի, էլի, պատկերացնո՞ւմ ես, Պավել Լիսիցյանի թանգարան չկա, Գոհար Գասպարյանինը չկա, այդ բոլորը … չենք կարող այդպիսի բան անել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է Ն. Դայանը:
Համացանցյան ստորագրահավաքը, որպես նախաձեռնություն, կա, դրան միացել է մի քանի հարյուր մարդ` աշխարհի տարբեր երկրներից: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Շ. Հախվերդյանը, ստորագրահավաքի վերջնաժամկետ դեռևս սահմանված չէ՝ սպասում է անդամագրվողների թվի ավելացմանը:
«Ստորագրահավաքի էջում մեր բաց նամակն արդեն տեղադրված է, տեքստում միայն կավելացվի, թե որ երկրներից են մասնակցում այս շարժմանը: Գիտեմ, որ բնակարանը ժառանգաբար հիմա համարվում է անձնական սեփականություն, բայց անընդունելի եմ համարում մեր կառավարության և Մշակույթի նախարարության՝ խնդրի նկատմամբ այսքան տարիների կործանիչ անտարբերությունը: Երբեք չեմ կասկածել, որ նման խնդրի լուծման համար գումարներ հատկացված կլինեն, պետք է հասկանալ, թե պետական գումարներն ինչպես և ինչու են ծախսվում:
Զիզի-բիզի ամանորյա զարդարանքների փոխարեն, հազարավոր անճաշակ ռեկլամային ազդագրերի, անհամ ու անհոտ սերիալների փոխարեն, քաղաքը պետք է ունենա հայ մշակույթի լուսավոր նվիրյալին նվիրված թանգարան, ուր ամեն հայ ու երկիրն այցելող հյուր պատիվ պիտի համարի այցելել: Սկզբունքը մեկն է՝ մաքրել մեր մշակույթն այսօրվա կպչուն ցեխից, կլկլոցների ու պորտապարերի փոխարեն՝ մատուցել Կոմիտաս, շարականներ, հոգևոր երգ:
Պետք չէ մեղքը գցել, թե հնչում է, ինչ ուզում են` ոչ: Հնչում է այն, ինչ երգարվեստ կոչվելու միտում անգամ չունի… ու մոռացվում է, ավաղ, այն, ինչ պիտի հիշվի ու փոխանցվի սերնդե սերունդ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դանիայում բնակվող, Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարանի վերածելու ֆեյսբուքյան շարժման նախաձեռնող Շողակաթ Հախվերդյանը: