Սա վերջն է առաջին սերիայի
Տարին հանդարտ է սկսվում: Ամանորյա արձակուրդն ավարտվեց: Ավարտվեց, բայց տնտեսությունը թմբիրից դեռ դուրս չի գալիս: Նախորդ տարիների նման ազգային դրամը կրկին արժեզրկվում է: Գործարարաց դասը նախատոնական առևտրից հետո կուտակված դրամը փոխանակելու խնդիր ունի: Բայց ֆինանսական լուրջ ցնցումների ակնկալիք չկա: Որովհետև առջևում նախագահական ընտրություններ են:
Առաջիկա երկու ամսում ֆինանսական շուկան հստակ կառավարելի ու կայուն է լինելու: Տնտեսությունն անակնկալներ չի մատուցի: Թամաշա սիրողները ստիպված են լինելու բավարարվել միայն քաղաքական լուրերով: Տնտեսական կյանքի միակ ոչ կառավարելի ոլորտից առաջին տեղեկատվությունը տխուր էր: Առաջին տնտեսական լուրն ազդարարեց, որ անշարժ գույքի շուկայում գների անկում է: Տարիներ շարունակ անիմաստ ու «աննպատակ» իրականացվող կառուցապատումը կարծես իր վախճանին է հասնում: Կառավարությունն, իհարկե, կշարունակի շինարարության վարկավորման իր քաղաքականությունը, բայց արդեն նվազող տեմպերով: Տնտեսական երկրորդ պաշտոնական լուրն, անկեղծ ասած, անսպասելի էր: Ազգային վիճակագրական վարչությունն արձակուրդից վերադառնալուն պես հաղորդագրություն հրապարակեց: Կարծեմ նախադեպը չունեցող հաղորդագրություն, ուր հաշվարկված էր, թե 2011-ին որքան ենք աշխատել մենք՝ հայաստանցիներս:
Պարզվում է, մենք ամեն շաբաթ աշխատել ենք 35,3 ժամ: Ըստ աշխատանքային օրենսգրքի` շաբաթվա ընթացքում կարելի է աշխատել 40-48 ժամ: Բայց մենք, այսինքն` աշխատասեր ու քարից հաց քամող հայաստանցիներս, զգալիորեն պակաս ենք աշխատում: Ընդ որում, տղամարդիկ` աշխատում են 39,4 ժամ, իսկ կանայք` 30,9: Ահա այսպիսի գենդերային անհավասարություն: Անհավասարություն, որ մի շարք հասարակական կազմակերպությունների շանս կտա գրանտային միջոցներ հայթայթել` այս ոլորտում ևս սեռային անհավասարության բնաջնջման համար: Հատկապես, որ ՀՀ նախագահական ընտրությունների առաջադրման ու գրանցման փուլերը դեռ չեն ավարտվել: Փուլերը դեռ չեն ավարտվել, բայց թեկնածուների մեջ ընդամենը մի կին կա: Հետամանորյա մյուս տնտեսական լուրն իր բովանդակությամբ քաղաքական էր:
Նաև այն պատճառով, որ դրա հեղինակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է: Այսօր լրանում է ՀՀ նախագահի պաշտոնին հավակնողներին տրված ժամանակը, որի ընթացքում նրանք պիտի մուծեն 8 մլն նախընտրական գրավը: Բյուջեն համալրելու այս յուրօրինակ ձևն իր բնույթով, հնարավոր է, որ քաղաքական է: Բայց կարելի է նաև հակաքաղաքական որակել: Որովհետև հասարակական լայն զանգվածներին զրկում է հնարավոր թամաշայից: Այս օրերին իրադարձությունների պակասը լրատվամիջոցներին ստիպում է պահանջվածից ավելի ուշադրություն դարձնել իրենց թեկնածու հռչակած անձանց: Եթե նկատել եք` լրատվամիջոցներն իրենց նեղություն չեն էլ տալիս նորաթուխ ազգային գործիչների անունները սովորել:
Յուրաքանչյուրին անունների փոխարեն մականունների (կամ եթե կուզեք՝ պատվանունների) նման մի բան են կպցրել՝ մարքսիստ, սոցիալիստ, ֆեմինիստ, էպոսագետ, կարատեիստ: Վաղուց կարելի էր նկատել, որ գործազրկության աճին զուգահեռ` Հայաստանում բազում նորանոր մասնագիտություններ են հորինվում՝ ուֆոլոգ, հուշարձանագետ, էպոսագետ և այլն: Այդ առաջ էր, որ մարդը պատմաբանի, բանասերի, ֆիզիկոսի ու որմնադիրի մասնագիտություն էր ձեռք բերում: Հիմա ամեն մի տառաճանաչ ազատ է գրելու ու հայտարարելու գլուխն եկածը: Հիմա նույնիսկ տնտեսագետ չկա: Եղածը մարքետոլոգ է, մենեջեր ու հակաճգնաժամային կառավարիչ: Ու այդ ամենը պետականորեն լիցենզավորված է:
Ճիշտ այնպես, ինչպես առաջիկա նախագահական ընտրությունները: Դատելով քաղաքագետների ու սոցիոլոգների վերլուծություններից, դրանք զրկված են անկանխատեսելիության որևէ տարրից: 1991թ. հետո 2013-ին կկայանա առաջին ընտրությունը, որի արդյունքները կանխատեսելի են: Արդյունքները հասարակական կասկածներ չեն ծնի: Քաղաքական ուժերը չեն վիճարկի: Հատկապես, որ քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող ուժերի մեծամասնությունն ընտրություններին չի մասնակցում: Ոչ երիտասարդ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, ոչ հարյուրամյա (ու մի քիչ ավելի) ՀՅԴ-ն: Կարելի էր կարծել, թե սա վերջն է: Բայց դեռ մեծ կոմբինատորից է հայտնի, որ սա վերջն է ընդամենը առաջին սերիայի: Առջևում մեզ նախագահի թեկնածուների քարոզարշավ է սպասում: 8 մլն դրամանոց գիլիոտինը ի վիճակի չի լինի մեզ զրկել քարոզարշավի խրախճանքից: Պատրաստվենք ծրագրային գոհարներ ըմբոշխնելուն:
«168 ԺԱՄ»