Ինչպե՞ս է պետական համակարգը վերածվում անբարեխիղճ առևտրականի
Շատ են ասում, որ քաղաքականությունն ու բիզնեսը սերտորեն փոխկապակցված են: Ավելին, մեզանում այդ երևույթներն այնքան են սերտաճել, որ քաղաքականությունն ու պետական համակարգի գործունեությունը սկսել են պատճենահանել մեր տնտեսակական վիճակի ամենաանառողջ կողմերը:
Բոլորին է հայտնի, որ մրցակցության բացակայության ժամանակ ապրանք-ծառայություններ մատակարարողները չարաշահում են իրենց դիրքն ու սրտի ուզածը փաթաթում սպառողների վզին: Օրինակները բազմաթիվ են՝ սկսած տարիներ առաջ բջջային կապի շուկայի վիճակից, մինչև այսօրվա բենզինի շուկան: Երբ չկա մրցակցություն, հիմնական խաղացողը կամ խաղացողները դառնում են անկառավարելի:
Նույնը քաղաքականության մեջ է: Խոսքը վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններին: Գործող նախագահ Սերժ Սարգսյանի ընդդիմադիր թեկնածուներին չվիրավորելու համար չենք ասի, թե մրցակցություն չկա: Կասենք այսպես՝ իշխող թիմը համոզված է, որ մրցակից չունի: Եվ որպես հետևանք՝ ավելի անկաշկանդ է իր գործողություններում, քանի որ կարիք չունի սիրաշահել ընտրողներին: Ավելին՝ կարող է գնալ ակնհայտ քայլերի՝ ժողովրդից լրացուցիչ գումարներ պոկելու համար:
Ամենաթարմ օրինակն ավտոմեքենաների տեխզննման կտրոնների հետ կապված պատմությունն է: 2012թ. դեկտեմբերի վերջին օրերին տեխզննության կտրոնների դեֆիցիտ ստեղծվեց (այսօր բոլոր հիմքերը կան պնդելու, որ այն արհեստական էր): Բանկերում տեխզննման կտրոններ չկային, թեպետ Ֆինանսների նախարարությունը պարզաբանել էր, որ տրամադրվել են բավարար քանակությամբ կտրոններ: Իսկ այս տարի, երբ վարորդները փորձել են տեխզննման կտրոններ ստանալ` ներկայացնելով 2012թ. գույքահարկի վճարման անդորրագիրը, պարզվել է, որ պետք է ներկայացնեն նաև 2013 թվականի գույքահարկի մարման մասին վկայող անդորրագիր: Ընդ որում, բանկերը դե յուրե ոչ մի ապօրինի բան չեն անում, քանի որ այսօր տրամադրվող տեխզննման կտրոնի վերջնաժամկետ դառնում է 2014թ. հունվարը: Իսկ 2014 թվականի կտրոն ստանալու համար պետք է 2013 թվականի պարտավորությունները մարված լինեն: Կարճ ասած՝ մարդկանց փաստի առաջ են կանգնեցրել։
Ինչո՞վ է պետության վարքագիծը տարբերվում, ասենք, անբարեխիղճ պանիր արտադրողների վարքագծից, որոնք արհեստական դեֆիցիտ էին ստեղծել՝ պանրի գինը թանկացնելու համար: Ըստ էության՝ ոչնչով: Միակ տեխնիկական տարբերությունն այն է, որ պանիր արտադրողներն ուղղակի գինն էին թանկացրել, իսկ պետությունը փորձում է քաղաքացու վրա մի երկու կիլոգրամով ավելի շատ պանիր «սաղացնել»: Ընդ որում, եթե անբարեխիղճ գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին տուգանող ու պատժող կա՝ ի դեմս պետության, ապա պատժող ու տուգանողին պատասխանատվության ենթարկող չկա:
Այս ամենի արդյունքում՝ երկաթյա նժույգների սեփականատերերն իրենց զգում են նախորդ դարերում մոդայիկ մեկ այլ փոխադրամիջոց-կենդանու դերում: Չեն էլ կարող ասել՝ «Ախպեր, ես 2014-ինը չեմ ուզում, տվեք ինձ 2013 թվականի կտրոն, որի համար դեռ նախորդ տարի դիմել էի»: Որովհետև՝ նախ՝ կա կառավարության որոշում, և երկրորդ՝ պետությունն ընտրող-քաղաքացու «ախպերության» կարիքն այլևս չունի` նյութի սկզբում նշված պատճառով:
Իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ ոմանք հույս ունեին, որ կառավարությունն ընդառաջ կգնա նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի առաջարկին և կվերացնի սահմանի վրա ԱԱՀ-ի գանձման մեխանիզմը: Այսինքն՝ կհրաժարվի հարկերը «գլխանց» հավաքելու պրակտիկայից: Սակայն գույքահարկի հետ կապված այս պատմությունը ցույց է տալիս, որ պետությունը մտադիր է հակառակն անել՝ մեծացնել «գլխանց» հավաքվող հարկերի ծավալն ու տեսականին:
Արդյո՞ք այս ամենը միտումնավոր է արվել՝ նախապես մշակված սցենարով: Մեծ գայթակղություն կա ասել՝ այո: Սակայն անմեղության կանխավարկածը չխախտելու համար կսպասենք ևս մեկ օր: ՀՀ ֆինանսների նախարարությունը երեկ հայտարարել է, որ հունվարի 11-ին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի խնդրի կարգավորման արդյունքների մասին: Այդ արդյունքներից ելնելով էլ հնարավոր կլինի ասել՝ որքանո՞վ է անկեղծ իշխանությունն այս դեպքում: