2012 թ. ադրբեջանական բանակում գրանցվել է վերջին 10 տարիների ինքնասպանությունների ռեկորդային ցուցանիշ
Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է 2012 թվականին պաշտպանության ու անվտանգության ոլորտներում կրած կորուստների մասին հաշվետվությունը:
Այդ հասարակական կազմակերպության ղեկավար Ջասուր Սումերենլին հիշեցրել է, որ իրենք տվյալ ոլորտներում կրած կորուստների մասին հետազոտություն են իրականացնում 2003 թվականից սկսած: Վերջին 10 տարում այդ ոլորտում զոհվածների քանակը կազմել է 647 մարդ, իսկ վիրավորների քանակը՝ 571 մարդ:
175 մահն ունի մարտական բնույթ, 178-ը՝ ոչ մարտական բնույթ, 90-ը ինքնասպանություններ են, իսկ 125-ը տեղի են ունեցել ոչ կանոնադրական հանգամանքներում և այլ պատճառներով: 2012 թվականին տվյալ սեկտորում կորուստները կազմել են 97 մարդ, 91 մարդ էլ վիրավորվել է:
Մահացու դեպքերից 16-ը գրանցվել է մարտական պայմաններում (հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով), 3-ը պայթել են ականների վրա, 1-ը զոհվել է մարտական օպերացիայի ընթացքում, իսկ 77-ը մահացել են ոչ մարտական պայմաններում (8-ը՝ դժբախտ պատահարների, 16-ը՝ ավտովթարների հետևանքով, 1-ը՝ անհայտ պատճառներով, 8-ը՝ անզգուշության պատճառներով, 11-ը՝ ոչ կանոնադրական հանգամանքներում, 14-ը՝ հիվանդություններից ):
2012 թվականին գրանցվել է վերջին 10 տարիների ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակը՝ 19 մարդ: Զոհվածների ընդհանուր թվաքանակից 84-ը ներկայացնում են Պաշտպանության նախարարությունը, 6-ը՝ Սահմանապահ ծառայությունը, 4-ը՝ Ներքին զորքերը, 2-ը՝ Ազգային անվտանգության նախարարությունը, 1-ը՝ Զորահավաքի ու զորակոչի ծառայությունը:
Ինչ վերաբերում է վիրավորների քանակին, ապա 91 դեպքերից 16-ը եղել են ոչ կանոնադրական հանգամանքներում, 2-ը՝ ինքնասպանության փորձեր են, 13-ը՝ հայկական կողմից արձակված կրակոցներ, 11-ը՝ ականի վրա պայթյուններ, 1-ը՝ հիվանդության պատճառով, 8-ը՝ դժբախտ պատահարների հետևանքով, 3-ը՝ օպերացիաների հետևանքով, 37-ը՝ ավտովթարների հետևանքով:
Վիրավոր զինծառայողներից 84-ը ներկայացրել են Պաշտպանության նախարարությունը, 4-ը՝ Ազգային անվտանգության նախարարությունը, 1-ը՝ Ներքին զորքերը, 1-ը՝ Սահմանապահ ծառայությունը, 1-ը՝ ԱԻՆ-ը:
Նշվում է, որ Պաշտպանության նախարարությունը երկրի ամենակոռումպացված գերատեսչություններից մեկն է, որը չի հետաքննում «դեդովշչինայի» փաստերը և դրա հիման վրա իրականացված հանցանքները: Դրա հետևանքով բանակում տիրում է անպատժելիության մթնոլորտ, որն էլ նպաստում է բանակում հանցանքների աճին: