Դա ՀԱԿ-ի որոշում համարվել չի կարող. Սոս Գիմիշյան
Հարցազրույց Սոս Գիմիշյանի հետ
– Հետադարձ հայացք նետելով, ի՞նչ եք կարծում, ճի՞շտ վարվեց ՀԱԿ-ը՝ չմասնակցելով փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, թե՞ ոչ:
– Իհարկե ցանկանալի կլիներ, որ ՀԱԿ-ը մասնակցեր, բայց եղավ այն, ինչ եղավ: Ես չմասնակցելու մասին որոշմանը հանգիստ եմ վերաբերում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մասնակցելը ճիշտ կլիներ, լավ կլիներ: Սա, հավանաբար, մեկ-երկու տարի առաջ ընտրված մարտավարության պատճառով էր, որ, ի վերջո, եկանք նման որոշման:
– Մասնակցելով ընտրություններին ՀԱԿ–ն, ըստ Ձեզ, իսկապե՞ս կլեգիտիմացներ ընտրություները, ինչպես դա ասված էր ՀԱԿ հայտարարության մեջ:
-Ես համամիտ չեմ, որ մասնակցությունը կհանգեցներ լեգիտիմացմանը: Այդ դեպքում ասեք՝ էլ ինչո՞ւ էինք մասնակցում խորհրդարանական ընտրություններին: Հիմա ի՞նչ՝ լեգիտիմացրի՞նք պառլամենտական ընտրությունները մեր մասնակցությամբ: Այս հարցին, թող պատասխանեն նրանք, ովքեր հիմա ՀԱԿ-ի կողմից ներկայացված են խորհրդարանում: Իրենք մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, մանդատները վերցրին, ապա էլ ինչո՞ւ են հիմա քննադատում:
– Ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշվեց չսատարել ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանին:
– Նա մեր գործընկերն է, ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցության նախագահ, ով որոշել է առաջադրվել: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին որոշումը պետք է կոնսենսուսով կայացվեր, ապա այս դեպքում, կարծում եմ՝ կլինեն ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններ, որոնք կսատարեն նրան: Հրանտ Բագրատյանի մասնակցության վերաբերյալ որևէ կոնսենսուս քաղխորհրդում չի եղել: Եվ ընդհանրապես, անկեղծ ասած, Բագրատյանն այս հարցը քննարկման չի էլ բարձրացրել: Ամեն դեպքում, կարծում եմ, քննարկման պարագայում էլ, կոնսենսուս սրա վերաբերյալ չէր լինի:
– Հատկապես իշխանական ճամբարից տեսակետներ հնչեցին, որ՝ չմասնակցելով ընտրություններին, ՀԱԿ–ը սպառեց իրեն, սկիզբ դրեց ՀԱԿ-ի կազմաքանդմանը: ՀՀԿ խոսնակն անգամ ասաց, որ սրանով ավարտվեց Լևոն Տեր–Պետրոսյանի էպոխան: Դուք ունե՞ք նման մտավախություն, որ Կոնգրեսը կկազմաքանդվի:
– Էդուարդ Շարմազանովը շատ փոքր է, որ էպոխայի սկիզբ կամ ավարտ կանխագուշակի: Միայն Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է որոշել, թե երբ է ինքը սկսում, երբ է ավարտում իր գործունեությունը: Իսկ Շարմազանովի էպոխան դեռ չի էլ սկսվել: ՀԱԿ առաջնորդը որոշեց, մտավ քաղաքականություն, հիմա էլ որոշել է դուրս գալ:
– Կարծո՞ւմ եք՝ Լևոն Տեր–Պետրոսյանը դուրս եկա՞վ քաղաքականությունից:
– Եթե որոշել է, որ հիմա չի առաջադրվում, կարծում եմ՝ սա խոսում է քաղաքականությունից դուրս գալու մասին: Իմ կարծիքով՝ նա ավարտում է իր քաղաքական ակտիվ գործունեությունը:
– Պարոն Գիմիշյան, այս դեպքում ՀԱԿ–ն ինչպե՞սպետք է վարվի:
– ՀԱԿ-ն ուներ ակնհայտ առաջնորդ, հիմա նա կգնա: Որոշ ժամանակ ՀԱԿ-ը կարող է չունենալ առաջնորդ: Բայց իր գործունեության ընթացքում կարող են նոր առաջնորդներ ի հայտ գալ: Նոր լիդերները կգան-կգնան, բայց քաղաքականությունը կմնա: Եթե հաջողվի պահպանել ՀԱԿ-ը, ապա ես այսպես եմ տեսնում:
– Նախկինում հայտարարել էիք, որ եթե նախագահական ընտրություններում ՀԱԿ–ը չմասնակցի սեփական թեկնածուով՝ ի դեմս Լևոն Տեր–Պետրոսյանի, ապա Կոնգրեսին առաջնորդի փոփոխություն է անհրաժեշտ: ՀԱԿ–ում տեսնո՞ւմ եք արժանի նոր առաջնորդի:
– Նույնիսկ առաջնորդ չունենալն արդեն փոփոխություն է: Իսկ թե նոր առաջնորդը կձևավորվի՞, թե՞ ոչ, սա ապագայի խնդիր է: Հիմա ՀԱԿ-ում, համենայնդեպս, ես չեմ տեսնում որևիցե մեկին, որին կուսակցությունները միանշանակ կընդունեն: Բայց դե հնարավոր է՝ դա շատ շուտ լինի:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀԱԿ–ին մաս կազմող կուսակցություններից շատերը դուրս գան Կոնգրեսի շարքերից:
– Իհարկե, հնարավոր է: Բայց եթե փոփոխություններն առողջ հիմքի վրա լինեն, եթե գործելակերպը համաձայնեցվի, կարծում եմ՝ նման վտանգի առաջ չենք կանգնի: Զարգացման մի մոտեցումը հնարավոր է՝ «եթե չկա Լևոն Տեր-Պետրոսյան, չկա և ՀԱԿ» սկզբունքով ընթանա, իսկ մյուս մոտեցումն էլ առաջնորդի փոփոխությունն է, իսկ ՀԱԿ-ը ցանկալի է հարյուրամյակներ գործի: Ես ինչո՞ւ եմ դեմ բոյկոտին, չմասնակցելուն, որովհետև հետագա գործունեության պլան չկա: Նպատակը ո՞րն է չմասնակցելու: Եթե այս հարցերի պատասխանները չկան, ապա, մեղմ ասած՝ որոշումը չհիմնավորված է: Բայց դե չի սխալվում նա, ով չի գործում: Պետք է պարզապես փորձել ավելի հստակ ուղի գտնել ու վերականգնել նախկինը: Տա Աստված, ՀԱԿ-ը հնարավոր լինի պահպանել:
– Իսկ Ձեր կուսակցությունը հնարավո՞ր է լքի ՀԱԿ–ի շարքերը, թե՞ կորոշեք շարունակել պայքարը:
– Ամեն ինչ կախված է հետագա ընթացքից: Ոչինչ բացառել չեմ կարող: Չեմ կարող բացառել, որ դուրս կգանք, և չեմ կարող բացառել, որ մենք կուզենայինք, որ ՀԱԿ-ը պահպանվի առողջ հիմքերի վրա, վերականգնի, շարունակի իր պայքարը, հասնի իր հռչակած նպատակներին: Ես կարևորում եմ նաև, որ յուրաքանչյուր կուսակցություն, որը մաս է կազմում ՀԱԿ-ին, հնարավորություն ունենա իր կարծիքը հայտնելու, պնդելու և իր կարծիքից ելնելով ազդել ընդունվող որոշումների վրա, որը, ինչպես գիտեք, պետք է ապահովվի կոնսենսուսով:
Բայց վերջերս փորձում են խախտել կոնսենսուսը: ՀԱԿ-ի վերջին՝ նախագահական ընտրություններում չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու մասին որոշումը, դրա օրինակներից է: Այդ որոշումը, որն անվանվում է ՀԱԿ-ի որոշում, ընդունվել է հինգ-վեց կուսակցությունների կողմից:
– Պարոն Գիմիշյան Դուք չե՞ք մասնակցել այդ նիտին, Ձեզ չէի՞ն հրավիրել:
– Քաղխորհրդի նիստերը հրավերով չեն լինում: Դրանք կայանում են ամրագրված օրերին: Ես այդ օրը, ցավոք, Հայաստանում չէի, բայց այն կուսակցությունները, որոնք բացակայում են այդ նիստերից, հարցման կարգով պետք է տեղեկացնեն իրենց պատասխանի մասին: Մեզ հարցում չի ուղարկվել և մենք մեր պատասխանն այդ որոշման հետ կապված չենք հայտնել: Եվ հարցում չի ուղարկվել բացակա բոլոր կուսակցություններին: Դա ՀԱԿ-ի որոշում համարվել չի կարող:
– Իսկ չփորձեցի՞ք ճշտել ՀԱԿ համակարգողից, թե ինչո՞ւ Ձեզ հարցում չեն ուղարկել:
-Ես համամիտ չեմ այդ որոշման հետ, ուրեմն՝ դա ՀԱԿ-ի որոշումը չէ: Թող իրենք բոլորի հետ համագործակցեին, համաձայնեցնեին: Մենք համենայնդեպս այդ որոշման հետ համաձայն չենք: Առավել ևս, որ մինչև այս նիստը մենք հայտարարել, իրազեկել էինք, որ լավ ենք վերաբերում Հրանտ Բագրատյանի հայտարարությանը այն մասին, որ ինքը առաջադրվելու է: Եվ շարունակում ենք մնալ այս կարծիքին: