Բաժիններ՝

2013 թվականին Թուրքիայի արտաքին քաղաքականությանը սպասվում են անհամար մարտահրավերներ. Today’s Zaman

Թուրքական Today’s Zaman թերթում հրապարակվել է Սինեմ Ջենգիզի «2013 թվականին Թուրքիային սպասում են անհամար մարտահրավերներ» խորագրով հոդվածը, որում նշված է.

 

«2012 թվականին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բախվեց ոչ քիչ թվով դժվարությունների: 2013 թվականին Թուրքիան շարունակելու է խնդիրներ ունենալ Մերձավոր Արևելքում, միևնույն ժամանակ ակնկալվում է, որ 2013 թվականն արդյունավետ տարի է լինելու ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ նրա հարաբերություններում:

 

Կարդացեք նաև

Ակնկալվում է, որ 2013 թվականը Թուրքիայի համար լինելու է ծանր տարի Սիրիայի, Իրանի, Իրաքի ու Իսրայելի հետ նրա հարաբերությունների մասով, որոնք վատթարացել են 2012 թվականին գրանցված մի շարք միջադեպերի պատճառով: Փորձագետների կանխատեսմամբ՝ այս տարի Թուրքիայի արտաքին քաղաքական ոլորտում գերակշռելու է սիրիական ճգնաժամը, որը 2012 թվականին նրա համար հանդիսացավ կոշտ փորձություն և Թուրքիային հասցրեց ծայրահեղ լարվածության:

 

2013 թվականին լարվածությունը շարունակելու է մնալ նաև իրաքյան ճակատում: Փորձագետները համակարծիք են, որ քանի դեռ Թուրքիայի հետ հակամարտության մեջ գտնվող Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին գտնվում է Իրաքի իշխանության ղեկին, տեղի չի ունենալու երկկողմանի հարաբերությունների բարելավում:

 

Միևնույն ժամանակ իրանական ճակատում Սիրիան հանդիսանալու է գժտվելու հիմնական պատճառը, ակնկալվում է, որ թուրք-իրանական հարաբերություններն էլ ավելի են վատթարանալու այս տարի: Այնուամենայնիվ, դրական տեղաշարժեր են ակնկալվում ԵՄ-ի հետ հարաբերություններում: Փորձագետները համակարծիք են, որ 2013 թվականին հնարավոր կլինի Թուրքիայի ու ԵՄ-ի միջև սառեցված հարաբերությունների վերականգնումը, որոնք փակուղի են մտել 2012 թվականին: Նախկին դիվանագետ և հայտնի մեկնաբան Օզդեմ Սանբերկի կարծիքով՝ 2012 թվականի խնդիրները տեղափոխվելու են 2013 թվական:

 

Թուրք-իրանական հարաբերությունները դժվարին ժամանակներ են ապրելու 2013 թվականին – Ողջ 2012 թվականի ընթացքում տարածաշրջանում Իրանի վերջին շիա դաշնակիցներից մեկը՝ Սիրիան, հանդիսացել է Թուրքիայի ու Իրանի միջև հարաբերությունների վատթարացման գլխավոր պատճառը: 2012 թվականին Թուրքիայից ու Իրանից հնչեցված անսովոր կտրուկ հայտարարությունների շարքը լարվածություն առաջացրեց երկկողմանի հարաբերություններում, ինչը կարող է այդ հարաբերությունները հասցնել պատմական մինիմումի:

 

Թուրք փորձագետ Մեհմեթ Շահինի կարծիքով՝ 2013 թվականին երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի են վատթարանալու բազմաթիվ հարցերի, այդ թվում նաև Սիրիայի ու Իրաքի պատճառով. «Իրանը դատապարտում է «Արաբական գարնան» հարցում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը՝ նրան մեղադրելով Արևմուտքին աջակցելու և տարածաշրջանում սուննի բլոկ ձևավորելու մեջ: Թուրքիան աջակցում է Մերձավոր Արևելքի փոփոխություններին, որոնք չեն ուրախացնում Իրանին:

 

Իրանը դեմ է նաև թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայմանը: Բացի կտրուկ հայտարարություններ անելուց, Իրանը կարող է առաջիկա շրջանում աջակցել ահաբեկչական «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK)՝ Թուրքիայի տարածաշրջանային դերը նվազեցնելու համար: Չի բացառվում նաև, որ Թուրքիան ու Իրանը Ասադի վարչակարգի փլուզումից հետո ստիպված կլինեն ուժերը չափել Սիրիայի ապագայի համար: 2012 թվականի համեմատ՝ ծանր ժամանակներ են սպասվում 2013 թվականին»:

 

Թուրքիրաքյանհարաբերություններըշարունակելուենմնալլարված 2013 թվականին – 2012 թվականին տարբեր գործոնների, այդ թվում նաև սիրիական ճգնաժամի պատճառով Թուրքիայի և Բաղդադի կենտրոնական կառավարության միջև հարաբերությունները եղել են լարված: Ակնկալվում է, որ այս տարի նույնպես դրանք կշարունակեն մնալ լարված Մալիքիի կառավարության պատճառով: Թուրք փորձագետ Գյոքհան Բաջիքի կարծիքով՝ 2013 թվականին Թուրքիան Իրաքի հանդեպ վարելու է «առանց Մալիքիի» քաղաքականություն:

 

Անկարայի ու Բաղդադի փոխհարաբերությունները լարվել են նրա համար, որ Թուրքիան Իրաքի շիական կառավարությանը մեղադրում է մյուս խմբերի հաշվին երկրում իշխանության մոնոպոլացման, սուննի-արաբներին ճնշելու փորձերի մեջ: Իրաքն իր հերթին Թուրքիային մեղադրում է տարածաշրջանում թշնամական քաղաքականություն վարելու և իր ներքին գործերին միջամտելու մեջ: Երկու երկրների առաջնորդները տարբեր դիրքորոշումներ են որդեգրել «Արաբական գարնան» և մասնավորապես Սիրիայի հարցում: Այս ամենը Հյուսիսային Իրաքի հետ (PKK-ի գործոնը և քրդական ինքնավարության ղեկավարության հետ նավթագազային համաձայնագրեր կնքելու Թուրքիայի փորձերը – 168.am) կապված վեճերի շարունակման հետ մեկտեղ հանգեցրին Անկարայի ու Բաղդադի միջև հարաբերությունների հետագա վատթարացմանը:

 

Թուրք-եվրոպական հարաբերությունները լինելու են արդյունավետ 2013 թվականին – 2012 թվականը սարսափելի տարի էր թուրք-եվրոպական հարաբերություններում, բանակցային նոր գլուխներ չբացվեցին Թուրքիայի ու ԵՄ-ի միջև տարվող բանակցություններում: Թուրքիան սառեցրեց ԵՄ-ի հետ իր հարաբերությունները՝ որպես պատասխան Կիպրոսի կողմից 2012 թվականի երկրորդ կեսին ԵՄ-ի նախագահության ստանձնման: Թուրք փորձագետ Մուսթաֆա Քութլայը գտնում է, որ այդ փակուղային իրավիճակը հիմնականում կհաջողվի հաղթահարել 2013 թվականին, որը դինամիկ տարի կհանդիսանա Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերություններում և բանակցությունները նոր թափ կհավաքեն.

 

«Այդ դինամիկայի համար առկա է երկու հիմնական պատճառ: Դրանցից մեկը Ֆրանսիայի ղեկավարությունում կատարված փոփոխությունն է, ուր Նիկոլա Սարկոզիին փոխարինել է Ֆրանսուա Օլանդը: Սարկոզիի նախագահության ժամանակ Ֆրանսիան ամենակարևոր երկրներից մեկն էր, ով վետո էր դրել բանակցային մի շարք գլուխների բացման վրա: Ակնկալվում է, որ մոտակա ամիսներին Օլանդն այցելելու է Թուրքիա, ինչից հետո կվերացվի այդ վետոն: Ֆրանսիան ցանկանում է իր հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ:

 

Երկրորդ պատճառը կապված է 2013 թվականին Թուրքիայի ներքին քաղաքականության հետ: Թուրքիայի կառավարությունը մտադիր է այս տարի արագացնել ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Կառավարությունը քննադատության է ենթարկվել ԵՄ-ին ձգտելուց նահանջելու համար, ինչի համար էլ որոշել է շտկել այդ իրավիճակը: Թուրքիայի շահերից է բխում ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորումը: Մյուս կողմից էլ ԵՄ-ը թե՛ տնտեսական, թե՛ ինստիտուցիոնալ առումով ապրում է բարդ ժամանակաշրջան, իսկ Թուրքիան կարող է ավելի ակտիվ դեր խաղալ Եվրոպայում նոր իրավիճակի ձևավորման մեջ»:

 

Ակնկալվում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կմնան լարված 2013 թվականին – Ժամանակին Թուրքիան ու Իսրայելը միմյանց հետ կապված էին բոլոր մակարդակների ամուր հարաբերություններով: Փորձագետները ակնկալում են, որ 2013 թվականին թուրք-իսրայելական հարաբերությունները 2012 թվականի նման կշարունակեն մնալ լարված: Թուրք փորձագետ Մեհմեթ Էրոլը կարծում է, որ 2013 թվականին նույնպես Իսրայելը ջանքեր չի գործադրի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, և երկու երկրների միջև առկա խնդիրները կպահպանվեն նաև այս տարի:

 

2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ Թուրքիայի 8 քաղաքացիների և 1 ամերիկաբնակ թուրքի սպանությունը կտրուկ սրեց երկկողմանի հարաբերությունները, և Թուրքիան ձեռք բերեց արաբական աշխարհին և մասնավորապես Պաղեստինին աջակցողի կերպար: 2012 թվականին ժամանակ առ ժամանակ իսրայելցի չինովնիկների կողմից ազդանշաններ ուղարկվեցին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, ինչը փաստարկվում էր նրանով, որ երկու երկրներն էլ ունեն ընդհանուր շահեր տարածաշրջանում:

 

Սակայն Անկարան շարունակեց պնդել իր երեք նախապայմանները՝ «Մավի Մարմարայի» միջադեպի համար Իսրայելի կողմից պաշտոնական ներողության խնդրում, զոհվածների ընտանիքներին փոխհատուցման վճարում և Գազայի հատվածի շրջափակման վերացում: Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար դեռ չի համաձայնել այս նախապայմաններից և ոչ մեկին՝ «Մավի Մարմարայի» միջադեպից հետո շարունակ պնդելով, թե իր զինվորներն այդ նավում հայտնվելուց հետո ենթարկվել են հարձակման և գործել են ինքնապաշտպանության շրջանակներում:

 

Էրոլի կարծիքով՝ կան մի շարք առանցքային գործոններ, որոնք ազդում են թուրք-իսրայելական հարաբերությունների վրա. «Նախ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները կարևոր դեր են խաղում Իսրայելի հետ հարաբերություններում: Սակայն ես չեմ ակնկալում, թե ԱՄՆ-ը միջամտելու է թուրք-իսրայելական հարաբերություններին: Օբաման նոր է վերընտրվել և չի ցանկանա իր դեմ հանել հրեական լոբբիին, ոչ էլ վտանգի տակ կդնի Թուրքիայի հետ (լավ) հարաբերությունները: Եվ երկրորդ՝ հունվարի 22-ին Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները շատ կարևոր են Թուրքիայի համար»:

 

2013 թվականը կդառնա Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև կապերի աջակցման տարի – Թեև Թուրքիան ու ԱՄՆ-ն իրենց կապերը փորձարկել են Մերձավոր Արևելքի և մասնավորապես Սիրիայի ու Իրաքի խորացող ճգնաժամի պայմաններում՝ փորձագետները գտնում են, որ 2013 թվականին էական փոփոխություններ չեն գրանցվելու Թուրքիայի ու ԱՄՆ-ի փոխհարաբերություններում: Թեև նրանք ընդհանուր քննարկումներ են ծավալում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով, սակայն նրանցից յուրաքանչյուրը զբաղված է անցումային կառավարության ստեղծման փնտրտուքով:

 

Թուրքիան ցանկանում է Սիրիայում վարչակարգի արագ փոփոխություն, ինչի համար էլ ԱՄՆ-ին առաջարկել է ավելի ուղիղ աջակցություն ցուցաբերել սիրիական ընդդիմությանը: Թուրք փորձագետ Նյուզհեթ Քանդեմիրը գտնում է, որ 2013 թվականին ամրագրվելու է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև գործընկերությունը, իսկ Մերձավոր Արևելքի իրադարձություններն ամրագրելու են երկկողմանի հարաբերություններում համագործակցությունը:   Մերձավոր Արևելքում գերիշխանություն հաստատելու համար Իրանի հետ Թուրքիայի քողարկված կոնֆլիկտը, որն ավելի է սրվել սիրիական ճգնաժամի շարունակման պատճառով, Թուրքիային ստիպեց 2012 թվականին էլ ավելի մերձենալ ԱՄՆ-ի հետ:

 

Թուրքիան պետք է պատրաստ լինի Մերձավոր Արևելքում նոր կարգին – Փորձագետների կարծիքով՝ 2013 թվականին Թուրքիան պետք է իրեն պատրաստի արաբական աշխարհում վարչակարգերի տապալումից հետո Մերձավոր Արևելքում առաջացող նոր դերակատարների համար: Գյոքհան Բաջիքի կարծիքով՝ Թուրքիան պետք է իրեն պատրաստի այդ վարչակարգերի տապալումից հետո ստեղծվող նոր ժամանակաշրջանին. «2012 թվականը Մերձավոր Արևելքի համար լեցուն էր ցնցումներով: Մինչդեռ 2013 թվականը լինելու է Մերձավոր Արևելքում նոր ինստիտուցիոնալ կառույցների ու նոր մասնակիցների ի հայտ գալու տարի: Դա նոր կարգ է, և 2013 թվականին Թուրքիայի արտաքին քաղաքականության համար առավել կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչպիսի մոտեցում որդեգրել դրա նկատմամբ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս