«Հիգիենայի և տեխնիկական կանոնների պահպանմանն առավելապես չեն համապատասխանում միջին և մանր տնտեսվարող սուբյեկտները». Ա. Բախչագուլյան
Այս տարի ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մշակել է 35 իրավական կարգավորման ակտեր, որոնք ուղղված են սննդամթերքի անվտանգության բարելավմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը: Ըստ նրա՝ 2012-ի ընթացքում ծառայությունն իրականացրել է 235 տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր. արդյունքում խախտումների մասով պետբյուջե է գանձվել 33 մլն 620 հազար դրամ:
Ա. Բախչագուլյանի խոսքով՝ պանիր արտադրող 18 օրինախախտ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը դադարեցվել է: Ըստ Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի՝ ներկայացվող պահանջներին առավելապես չեն համապատասխանում միջին և մանր տնտեսվարող սուբյեկտները: 526 իրացման ցանցերում իրականացվել են ստուգումներ հացի, ձվի, մսի, կաթնամթերքի արտադրանքների նկատմամբ:
Աբրահամ Բախչագուլյանը բարձր գնահատեց նաև կենդանիների հաշվառման և համարակալման աշխատանքները: «Վայոց ձորում հաշվառվեցին 230031 խոշոր եղջերավոր կենդանի: Պետք է նշեմ, որ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած թվերի հետ համեմատ որոշակի շեղումներն կան: Շեղումները շուրջ 25 տոկոս են, այսինքն՝ մենք այսօր ունենք 25 տոկոս ավելի կենդանի Վայոց ձորի մարզում: 25 տոկոս կենդանիներ դուրս են մնում հակաանասնային միջոցառումներից»:
Բուսասանիտարիայի բնագավառում ևս կատարվել են հաշվառման միջոցառումներ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է նաև 14 բեռի ներմուծում, քանի որ այն չի համապատասխանել անվտանգության չափանիշներին: