Բաժիններ՝

Արամ Աբրահամյանի և տաքսիստի զրույցը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Թե ինչով են տարբերվում արժեքային համակարգը և գաղափարախոսությունը, ու որքանով են այդ երկուսը պայմանավորում քաղաքական կողմնորոշումը, ես այնքան, էլ լավ չեմ պատկերացնում, որովհետև ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ քաղաքագետ: Այդ առումով Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ համար անվերապահ հեղինակություն է, և, հետևաբար, ես ամբողջությամբ վստահում եմ այն բնորոշումներին, որոնք նա տվել է ՀՀՇ վերջին համագումարում:

Որպես լրագրող` ես գործ ունեմ ոչ թե փիլիսոփայական բարձր կատեգորիաների, այլ էմպիրիկ իրականության հետ, որի մասին փորձում եմ պատմել: Հիմա էլ ես կներկայացնեմ տաքսու վարորդի հետ իմ զրույցը (դա, իմ կարծիքով, մեր ժողովրդի բավականին ոեպրեզենտատիվ մաս է) և կխնդրեմ իմ` ավելի խորը գիտելիքներով օժտված ընթերցողներին բացատրել, թե որ «ռուբրիկայի» տակ է հնարավոր դա մտցնել:

Տաքսիստ. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ, էս ինչ արին էս գյոզալական երկիրը: Առաջ մարդը իր 120 ռուբլին ստանում էր, ամառը նստում էր իր մեքենան ու գնում էր Սոչի` հանգստանալու: Իսկ հիմա Սերժը էդ Սաշիկին ասել է, որ արագաչափեր դնի, որ ժողովրդի ձեռքից վերջին կոպեկները առնի, ու սաղ գնում է Սաշիկի գրպանը»:

Ես. «Սաշիկն արագաչափերի հետ կապ չունի»:

Տաքսիստ. «Դե, դու ինձնից լավ կիմանաս, բայց մեկ է` Սերժի շներն են դա անում»:

Ես. «Ուրեմն ղու ուզում ես խախտումներով քշես, որ քեզ չտուգանե՞ն»:

Տաքսիստ. «Չէ, ես ուզում եմ, որ էս հայերի մեջ մի քիչ մարդկություն մնա»: «Ավանդական արժեքների» մասին հետագա քնարական հատվածը բաց եմ թողնում:

Տաքսիստ. «Մի բան էլ հարցնեմ` էդ որ ասում են` Պուտինը ուզում է Սովետը վերականգնի, ճի՞շտ է»:

Ես. «Դե, Սովետը չէ, բայց դրա նման մի բան»:

Տաքսիստ. «Վախ, էս ինչ լավ բան ասացիր: Բա ե՞րբ է դա լինելու»:

Ես. «Եթե լինի էլ, շուտ չի լինի»:

Տաքսիստ. «Վայ, թող շուտ անի: Պուտին ջան, ես քո ցավը տանեմ, արի` մեզ էս շակալներից փրկի: Տեսա՞ր, Ռուսաստանը ինչ երկիր է սարքել: Մենք որ մի հատ Պուտին ունենայինք, գիտե՞ս` ոնց էինք ապրելու: Շուտ անի, թող գա մեզ տիրություն անի: Ու գիտես, ի՞նչն է լավը: Մեր էս թալանչիները չեն կարող ասել` «չենք ուզում»: Պուտինը վռազ թուրքերին կասի` «մի հատ էս հայերի հարցերը լուծեք», ու էլ Հայաստան գոյություն չի ունենա»:

Հիմա խնդրում եմ քաղաքագետներին, պատմաբաններին և գործից հասկացող մնացած մարդկանց ինձ բացատրել` իմ այս զրուցակիցը (որը, իմ պատկերացմամբ, ներկայացնում է Հայաստանի բնակչության մեծամասնությանը) ունի՞ որոշակի արժեքային համակարգ, քաղաքական կողմնորոշում, հակվա՞ծ է որոշակի գաղափարախոսության: Եթե այո, ապա կա՞ արդյոք Հայաստանում մի ուրիշ հատված (փոքրամասնություն), որն այդպես չի մտածում: Եթե դարձյալ` այո, ապա կարո՞ղ ենք մենք ասել, որ Հայաստանի հասարակության մի մասը (մեծամասնությունը) մի կողմնորոշում ունի, իսկ մյուսը` մեկ այլ: Եվ, հետևաբար, կարո՞ղ ենք մենք պնդել, որ քաղաքական ուժերի կամ գործիչների տարբեր խմբեր աշխատում են, հենվում են տարբեր կողմնորոշումների (արժեհամակարգերի, գաղափարախոսությունների) վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս