Բաժիններ՝

Երկրային դրախտը հանգրվանում է ձիու մեջքին (լուսանկարներ)

Եթե դու երբևէ ձի չես նստել, նրան չես դիպչել ու աչուկները չես շոյել, ապա շատ ու շատ դրական զգացողություններից ես զրկվել:

«Այրուձի» հեծյալ ակումբը, որը նախկինում կոչվել է «Այրուձի» արշավախումբ, ստեղծվել է 1980 թվականին՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների և դասախոսների նախաձեռնությամբ, և տարեցտարի համալրվել նոր անդամներով: Այսօր «Այրուձի» հեծյալ ակումբում բազմաթիվ երիտասարդներ են ձիավարել սովորում: Նրանցից շատերը դարձել են «Այրուձի» մեծ ընտանիքի անդամը: Նրանք սիրում, հոգ են տանում ձիերի մասին, փոխարենը՝ ձին նրանց պարուրում է դրական էներգիայով:

168.am-ը զրուցել է «Այրուձի» հեծյալ ակումբի նախագահ Գագիկ Փարադյանի հետ: Այրուձի հաճախող սաները նրան կոչում են՝ քեռի Գագիկ:

– Քեռի Գագիկ, ո՞ր տարիքից կարելի է ձիավարել սովորել:

Կարդացեք նաև

– Ամբողջ աշխարհում ընդունված է ձիավարել սովորել ինը տարեկանից: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ միայն սանձը քաշելով՝ ձիուն չես կարող կանգնեցնել, պետք է նաև ձիավարելու տեխնիկա իմանալ:

– Որքա՞ն ժամանակում մարդը կկարողանա ձիավարել սովորել:

– Ձիավարել սովորում են ամբողջ կյանքի ընթացքում, բայց տարրերը հնարավոր է 5-6 դասի ընթացքում սովորեցնել: Ես արագացված վարժությունների համակարգ եմ մշակել, որով 5-6 դասից հետո հնարավոր է շարքով վարգ անել: Վարգը ես համարում եմ ամենադժվար ալյուրը, կարծում եմ` պետք է երկար ժամանակ վարգ անել: Վարգի ժամանակ է հեծյալը ձիու վրա հավասարակշռվում, սանձով ձիուն չի խանգարում: Երկար ժամանակ վարգելուց հետո քառատրոփ սովորելն ավելի դյուրին է:

– Քեռի Գագիկ, շա՞տ են ձիավարել ցանկացողները:

– Ձիերին հեռվից սիրողներն անչափ շատ են, ձիուն պետք է մոտիկից սիրել` շոյել, մաքրել, գուրգուրել, կերակրել, այնուհետ` հեծնել: Բոլոր եկողներն էլ ասում են, թե գալիս են ձիերի համար, բայց ինչ-որ ժամանակ հետո մաղվում են, և մնում են իրական ձի սիրողները: Նրանք այնքան էլ շատ չեն:

ayrudzi  ayrudzi2

 

 

 

 

 

 

 

Համոզված եմ` ցանկացած տարիքի մարդ կարող է ձիավարել սովորել, խանգարող հանգամանքը կարող է միայն քաշը լինել: Սպորտում ձին մարդուն ենթարկվում է ուժային ներգործության պատճառով: Տարիների հետ ես ավելի թափանցիկ եմ տեսնում մարդու ուժային ազդեցությունը ձիու վրա, որից սոսկում եմ: Ես սպորտից դուրս եկա հենց այդ պատճառով: Փորձում եմ երեխաներին նախնական ձիավարության դպրոցն առանց մտրակի և խթանների սովորեցնել: Նայելով ձիու ականջներին, աչքերին, պոչի վիճակին, մազերի ցցվածությանը` կարող ես հասկանալ նրա հոգեվիճակը: Դա կոչվում է՝ մարմնի լեզու, որով թարգմանվում է ձիու վարքը:

– Անգլիական և արաբական ձիերի տարբերությունները կմանրամասնե՞ք:

– Անգլիական ձին ստացվել է արաբական և տեղական մատակի խաչասերումից: Այն պահին, երբ հրազենը հնարեցին, միջնադարյան պերճաշուք անդալուզներն իրենց տեղը զիջեցին արագավազ ձիերին, որոնց վազքից կախված էր մարդու կյանքը: Հյուսիսային ձին ծանրաքարշ ձին է, իսկ հեծելաձին արաբական ձին է՝ իր հետնորդներով: Անգլիական զտարյուն ձիու ստացվելուց հետո այն իր ազդեցությունն է ունեցել մնացած բոլոր ձիերի բուծման վրա, բացի իբերիական ձիերի: Արաբական ձիու մասին առաջին տեղեկությունները հայտնվել են Մուհամեդի ժամանակներում: Աշխարհում 150 կայացած ցեղատեսակի ձի կա, որոնցից յուրաքանչյուրի առջև առանձին խնդիր է դրված: Մեկը նախատեսված է ֆայտոն քաշելու համար, մեկը` սարեր բարձրանալու, մյուսն էլ` արգելքներ հաղթահարելու համար:

– Եթե անդրադառնանք սպորտին…

– Սպորտում էլ ամեն խնդրի համար առանձին ձիեր են նախատեսված: Կան ձիեր, որոնք արգելքի հաղթահարման համար են, կան նաև արագավազքի համար նախատեսված ձիեր… Արագավազքի ժամանակ բացառապես անգլիականն է հաղթում, քանի որ նա ամենաարագավազն է: Ամեն ցեղատեսակի ձի 2-3 տարեկանից մասնակցում է արագության դաշտային փորձարկմանը: Հինգ տարի վազելուց հետո սկսում են նրան վարժեցնել և որոշել, թե ապագայում սպորտային որ ձևի մեջ է նա շարունակելու:

ayrudzi1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամեն սպորտաձև հատուկ ձիեր է պահանջում: Աշխարհի համեմատ մենք ո՛չ նորմալ ձի ունենք, ո՛չ նորմալ մարզիկ, ո՛չ մարզիչ: Ունենք այն, ինչ ունենք: Պետք է որոշենք, թե առկա գլխաքանակով ի՞նչ կարելի է անել: Իմ կարծիքով`մեզ մոտ ինդյուրանսը լավագույն տարբերակն է: Ինդյուրանսի համար արաբական և այլ դիմացկուն ձիեր են անհրաժեշտ: Շատ տարածքներ ունենք, որտեղ կարող ենք կազմակերպել:

– Իսկ ինչո՞ւ է հովատակներին հեծնելն ավելի դժվար:

– Ձին ունի սեռի և ստամոքսի խնդիր: Ամորձատելով՝ հեռացվում է ձիու սեռական էներգիայի դաշտը, և նա դառնում է ուտող և աշխատող կենդանի` առանց էմոցիաների: Այսինքն, այլ կերպ ասած՝ ցուլին դարձնում ենք եզ: Դա անվտանգ է, բայց ինձ համար՝ շատ անսովոր: Ես իմ ձիերին չեմ ամորձատում, իսկ անվտանգության համար պարապմունքներն անում եմ մատակներով:

– Ձիերի հետ շփումը մարդուն շատ դրական էմոցիաներ է պարգևում…:

– Ձիերի հետ շփումը մարդուն տալիս է դրական էներգիա: Ձիու մաշկին ձեռքով շփումն արդեն իսկ թերապիա է: Ձիու հետ շփումը հիվանդին զորացնում է, տոգորում դրական էներգիայով: Դա բուժում չէ, թերապիա է: Այսինքն` լավացնում է վիճակը, բայց արմատական բուժում չի տալիս: Մոտիկից սիրե՛ք ձիերին: Իզուր չեն ասում, որ «Երկրային դրախտը հանգրվանում է ձիու մեջքին» (Земной рай покоится на спине лошади):

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս