Ջոն Քերի. «Ադրբեջանին պետք է գցել ավտոբուսի տակ»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ մտադիր է պետքարտուղարի պաշտոնում առաջադրել դեմոկրատ սենատոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերիի թեկնածությունը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մինչև նախագահական ընտրություններն էր հայտարարել, որ մտադիր չէ շարունակել աշխատանքն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:
Ռուսական մամուլը գրում է որ Ջոն Քերիի երակներով հոսում է արքայական արյուն, նշվում է, որ նա ազգակցական հեռավոր կապ ունի անգամ Իվան Ահեղի հետ: Սակայն ավելի տագնապած են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հիշում են, որ սենատոր Ջոն Քերին «հայկական լոբբիի հին և հուսալի գործընկերն է»: Ջոն Քերին իսկապես բազմիցս հանդես է եկել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագծերի ընդունման օգտին և պահանջել, որ Թուրքիան ու Ադրբեջանը դադարեցնեն Հայաստանի տնտեսական շրջափակումը:
Նա հանդես է եկել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման օգտին, և ԱՄՆ վարչակարգից մշտապես պահանջել է ավելացնել Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացվող ուղիղ օժանդակությունը:
Ադրբեջանական մամուլը հիշեցնում է, որ Ջոն Քերին վերջերս սուր քննադատության ենթարկեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան էստրադիցիայի ենթարկումը և դրան հետևած գործողությունները: «Ես ցնցված եմ, որ Ադրբեջանը ողջունեց Ռամիլ Սաֆարովի արարքը:
Նրան պատասխանատվությունից ազատելը և սպայական կոչումը բարձրացնելը սադրիչ քայլ էր, որը խաթարում է Ադրբեջանի կառավարության նկատմամբ ունեցած վստահությունը»,- հայտարարել էր Ջոն Քերին: Ադրբեջանցիները հիշում են նաև, որ քննադատելով ադրբեջանական իշխանություններին ժողովրդավարության պակասի և մարդու իրավունքների ոտնահարման համար, Ջոն Քերին հրապարակայնորեն հայտարարել է. «Ադրբեջանին պետք է գցել ավտոբուսի տակ»:
Արդյոք դառնալով պետքարտուղար՝ Ջոն Քերին կիրագործի՞ իր մտադրությունները:
Նկատի չունենք Ադրբեջանին ավտոբուսի տակ գցելը, այլ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օժանդակության ավելացման մասով: Դժվար է կանխատեսել, քանի որ այլ բան է, երբ քաղաքական գործիչը զբաղվում է օրենսդիր գործունեությամբ, և միանգամայն այլ` երբ նա գործադիր իշխանությունում է:
Բայց դա ամենևին չի նշանակում, որ մեզ չպետք է ուրախացնի Հայաստանին և նրա խնդիրներին ծանոթ, հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու և խորացնելու կողմնակից քաղաքական գործչի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: