Անթույլատրելի է, որ Հայաստանը մխրճվի Մաքսային միության գործընթացի մեջ

Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի ամենահիմնական հարցերից մեկը` եվրաինտեգրացիա՞, թե՞ Եվրասիական միություն երկընտրանքը դեռևս հանգուցալուծում չի ստանում:

Հայաստանը տարբեր ամբիոններից շարունակում է հայտարարել, որ քաղաքական գերակայություններից մեկն է համարում ինտեգրումը եվրոպական կառույցներին, իսկ մյուս կողմից` ակտիվացել է մյուս աշխարհաքաղաքական կենտրոնը` Ռուսաստանի Դաշնությունը, որի ղեկավար Վլադիմիր Պուտինը դեռ 2011թ. իր հայտնի հոդվածում խոսեց Եվրասիական միության ստեղծման մասին:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին քննարկումները հատկապես ակտիվացան այս տարվա ամռանը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Մոսկվա:

Այդ քննարկումները շարունակվում են մինչև օրս: Նշենք, որ, Եվրասիական միությունը նախատեսվում է ստեղծել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի անդամակցությամբ` Մաքսային կամ տնտեսական միության հիմքի վրա, և առայժմ Հայաստանի անդամակցությունը դիտակվում է միայն Մաքսային միության համատեքստում: Սակայն կա նաև հարցի քաղաքական կողմը, ինչի մասին վկայում են Արևմուտքից եկող ազդանշանները, որոնցից ամենանշանակալին, թերևս, դեկտեմբերի 6-ին Դուբլինում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արտահայտած դժգոհությունն էր Ռուսաստանի նախագծի նկատմամբ («Մենք նկատում ենք որոշ քայլեր` տարածաշրջանի վերախորհրդայնացման ուղղությամբ:

Իհարկե, այն հենց այդպես չի կոչվելու, այն կկոչվի Մաքսային միություն, Եվրասիական միություն կամ նման մի բան: Բայց մենք գիտենք` որն է դրա նպատակը, և մենք փորձում ենք մշակել էֆեկտիվ միջոցներ` այդ գործընթացը դանդաղեցնելու կամ կասեցնելու համար»,-հայտարարել էր Հ.Քլինթոնը):

Սրան կարող ենք ավելացնել նաև Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Ուիլեմ վան դեր Գիստի հայտարարությունն այն մասին, թե «Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի գոտու շուրջ պայմանագրի ստորագրմամբ` դժվարանում է Հայաստանի անդամակցությունը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը, և Հայաստանը չի կարողանա լիարժեք մասնակցել եվրասիական ինտեգրման այս գործընթացին, քանի որ դրա որոշ բաղադրիչներ հակասում են Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի գոտու, ինչպես նաև` արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ պայմանագրերին»:
Իսկ հակառակ ճամբարից միանգամայն այլ «մեսիջներ» են ստացվում:

Օրինակ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն օրերս «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում ասել է. «Վերջերս մենք Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել ենք, որ ուկրաինական հուշագրի պես հուշագիր կպատրաստենք։

Կարծում եմ, որ Հայաստանի դեպքում տեղաշարժն ավելի ինտենսիվ կլինի, քան Ուկրաինայի դեպքումգ Իհարկե, Հայաստանը շատ զգայուն ենթակառուցվածքային սահմանափակումներ ունի. Մաքսային միություն տանող միակ միջանցքն անցնում է Վրաստանի տարածքով: Սակայն Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունն ակնհայտ է և հանգում է նրան, որ Հայաստանը եվրասիական երկիր է»:

Ավելացնենք, որ դեկտեմբերի 18-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա` մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթաժողովին, մամուլում տարածվեցին լուրեր այն մասին, որ հնարավոր է` նախագահ Սարգսյանն այցի շրջանակներում ռուսական կողմի հետ Մաքսային միության վերաբերյալ համաձայնագիր ստորագրի:

Այս հարցի մասին քաղաքական ուժերի ներկայացուիչները դեռևս անորոշ դիրքորոշումներ են հայտնում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «168 Ժամի» հարցին` հնարավո՞ր է` նման համաձայնագիր ստորագրվի հենց այս այցի ժամանակ, պատասխանեց.

«Ես չգիտեմ` ո՞ր ժամանակում և ի՞նչ պիտի ստորագրեն, կամ ինչքանո՞վ է կարևոր, թե որ ժամանակում է այդ համաձայնագիրը ստորագրվելու:

Ես հուսով եմ, որ ցանկացած պայմանագիր, հուշագիր և միջազգային փաստաթուղթ ստորագրելիս` մեր երկրի պատասխանատվությունը կրող ղեկավարները կառաջնորդվեն պետության շահով: Մասնավորապես Մաքսային միության հետ կապված` ես միշտ եվրասիական քննարկումների ժամանակ ասել եմ, որ ունեմ մի մտահոգություն, այն է` միասնական ցամաքային սահման չունենալու հարցը տվյալ պայմանագրի մասնակից երկրների հետ, բայց քանի որ ինքս պետության կողմից որևէ կերպ չեմ մասնակցում այդ բանակցություններին կամ քննարկումներին, ես կոմպետենտ և տեղեկացված չեմ այս պահի դրությամբ առաջարկվող պայմանագրի կետերի մասին խոսելու համար:

Երբ նման պայմանագիր կստորագրվի նախագահի կողմից և կներկայացվի Ազգային ժողով, այդժամ կուսումնասիրեմ և դրա մասին կարծիք կհայտնեմ»:

Մենք նշեցինք, որ ժամանակին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն, ըստ էության, դեմ էր արտահայտվում Եվրասիական միությանը, սակայն դեկտեմբերի սկզբին նա ԱԺ-ում հայտարարեց, որ կառավարությունը «Եվրասիական շրջանակներում և ԵՄ հետ ինտեգրացիոն գործընթացները չի դիտարկում` որպես իրար հակասող գործընթացներ, ընդհակառակը` տեսնում է, որ փոխլրացնող են», և հետաքրքրվեցինք` արդյոք ԲՀԿ-ական պատգամավորը նո՞ւյնպես տեսնում է փոփոխություն իշխանության դիրքորոշման մեջ:

Ի պատասխան` Տ.Ուրիխանյանն ասաց. «Ես միշտ դրա մասին խոսել եմ և նշել եմ, որ մեր մասնակցությունն այս կամ այն գործընթացին, տվյալ դեպքում` ինտեգրացիոն նախագծին, համենայն դեպս, ԲՀԿ-ի մասնակցությամբ` նման նախաձեռնությունները չեն կարող լինել ի հաշիվ ՀՀ այլ միջազգային մասնակցությունների, և, անշուշտ, պիտի փոխլրացնեն: Ես ուրախ եմ, որ վարչապետը վերջապես համաձայնել է մեր կողմից բազմիցս արտահայտած մտքի հետ»:

Իսկ Ուիլեմ վան դեր Գիստի հայտարարության մասին ԲՀԿ մամուլի խոսնակը նշեց հետևյալը. «Բնականաբար, ցանկացած կողմ արտաքին աշխարհում պիտի փորձի իր ուղղությամբ քաշել այս կամ այն հետաքրքրությունների շրջանակներում իրենց հետ բանակցող երկրին, բայց մենք էլ մեր դիվանագիտությունը պիտի վարենք մի ուղղությամբ` ՀՀ շահ և Հայաստանի ժողովրդի հետաքրքրություններ, և բոլորի հետ մեր հարաբերությունները պիտի այդ հիմքի վրա դրվեն: Իսկ Եվրոպային, Միացյալ Նահանգներին, Ճապոնիային կամ Ավստրալիային կարող է զարմանալի՞ թվալ, որ ՀՀ-ն միայն իր շահով պիտի առաջնորդվի»:

Հարցի վերաբերյալ այլ տեսակետ ունի «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Վերջինս նշեց, որ վտանգավոր է համարում Մաքսային միության շուրջ նման փաստաթղթի ստորագրումը. «Չեմ ուզում ասել, որ դրա արդյունքում մենք խնդիրներ կունենանք Եվրոպայի հետ, բայց մենք խնդիրներ կունենանք Եվրոպայի հետ մեր հարաբերությունները խորացնելու առումով, որովհետև անդամակցությունը Մաքսային միությանը խոչընդոտներ է դնելու Եվրոպայի հետ Ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելուն և այլ հարցերին: Հետևաբար` այս կտրվածքով ուղղակի անթույլատրելի է, որ Հայաստանը մխրճվի այդ գործընթացի հետ և միանա դրան»:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս