Ո՞վ է վճարելու Պուտինի երևանյան այցի համար
Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հանդիպման վերաբերյալ կտարածվի պաշտոնական հաղորդագրություն, գուցե անգամ նախագահներն ինչ-որ հայտարարություններով հանդես գան:
Բայց ոչ հայտարարություններից, ոչ էլ հաղորդագրություններից հազիվ թե հայտնի դառնա, թե ի՞նչ են նրանք խոսել, առավել ևս` ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել: Որովհետև առաջիկայում Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ, Ս. Սարգսյանի այցը գուցե վերջինն է՝ Մոսկվա նախագահության առաջին ժամկետում և երկրորդ ժամկետի համար սպասվող ընտրություններից առաջ: Ս. Սարգսյանի Մոսկովյան այցը, չնայած հայտարարված նպատակին`Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցությանն, իրականում նախընտրական նշանակություն ունի. նա շատ որոշակի ակնկալիքներով մեկնել է այնտեղ, որտեղ էլ իրենից նույնքան որոշակի ակնկալիքներ ունեն:
Ս. Սարգսյանի ակնկալիքը, բնականաբար, առաջիկա նախագահական ընտրություններում հնարավորինս անցնցում վերընտրվելն է (այսինքն` նա Պուտինից պետք է փորձի ստանալ եթե ոչ՝ ուղղակի հավանություն սեփական թեկնածության վերաբերյալ, ապա՝ գոնե խոստում, որ ռուսական իշխանություններն` իրենց ազդեցության լծակներով, չեն սրի իրավիճակը ընտրություններից առաջ և հետո), ՌԴ իշխանության ակնկալիքն ու պահանջն էլ, ինչպես հայտնի է, Հայաստանի անդամակցությունն է Եվրասիական միությանը: Այսինքն` մի կողմ թողնելով արարողակարգային ձևականությունները, գործ ունենք երկկողմ հարաբերության հետ, որտեղ կողմերից յուրաքանչյուրն ունի սպասելիք, ինչի դիմաց պատրաստ է «վճարել»:
Ու ամենևին պատահական չէ, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, մի քանի օր առաջ Երևանում Սերժ Սարգսյանի ընդունելությանն արժանացած Վիկտոր Խրիստենկոն հայտարարում է, թե Հայաստանը Կալինինգրադի օրինակով կարող է դառնալ Մաքսային միության, իմա` Եվրասիական միության էքսկլավը: «Շատերին դա (Մաքսային միության հետ Հայաստանի` ընդհանուր սահման չունենալու հանգամանքը.- Մ.Ս.) անհաղթահարելի խոչընդոտ էր թվում։ Սակայն իմ կարծիքով՝ այդպես չէ։ Չէ՞ որ ՌԴ կազմում գոյություն ունի էքսկլավ՝ Կալինինգրադը։ Հաղորդակցության միջոցների ներկայիս զարգացած մակարդակի պայմաններում նաև Մաքսային միությունը կարող է էքսկլավ ունենալ»,- ասել է Վ. Խրիստենկոն։
Ի դեպ, ուշագրավ է՝ որպես էքսկլավի օրինակ՝ Կալինինգրադի հիշատակումը, քանի որ Կալինինգրադը հազարավոր ՀՀ քաղաքացիների համար երանելի ու բաղձալի վայր է դարձել: Ռուսաստանի կողմից իրականացվող, առժամանակ դադարեցված «Հայրենակիցներ» ծրագրով ՀՀ հազարավոր քաղաքացիներ մեկնում են հատկապես Կալինինգրադ, որը Հայաստանում «ռուսական Եվրոպայի» համարում է ստացել: Խրիստենկոյի այս հայտարարությունն իրականում ուղված է Հայաստանի` արտագաղթել ցանկացող քաղաքացիներին, դա ակնարկ է առ այն, որ եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, այլևս Կալինինգրադ մեկնելու կարիք չի լինի, որովհետև Երևանը կդառնա Կալինինգրադ:
Մի խոսքով, Ռուսաստանն ուղղակիորեն ցույց է տալիս, որ մտադիր է փոխել Հայաստանի «կարգավիճակը»` ֆորպոստից դարձնելով էքսկլավ: «Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունն ակնհայտ է և հանգում է նրան, որ Հայաստանը եվրասիական երկիր է։ Պետք է դիտարկել բոլոր հետաքրքիր ձևաչափերը։ Ընդհանրապես, աշխարհը փոխվում է, և կարող են հայտնվել գործակցության նոր մոդելներ, որոնք նախկինում չկային»,- հայտարարում է Խրիստենկոն: Իսկ հարցին՝ թե ի՞նչ մոդելների մասին է նա ակնարկում, Խրիստենկոն ծիծաղելով պատասխանել է՝ դեռ միայն ակնարկում եմ, կապրենք՝ կտեսնենք։
Մի խոսքով, առնվազն ռուսական պաշտոնյաների համար Հայաստանի «եվրասիականացման» հարցն արդեն գրեթե լուծված է համարվում: Նրանք խոսում են այնպես, որ, ըստ էության, այդ խնդրի լուծմանը հասնելու համար մնացել են միայն ընթացակարգային գործողությունները` համապատասխան փաստաթղթերի ստորագրումը:
Հաշվի առնելով, որ առաջիկայում Հայաստանում նախագահական ընտրություններ են, և դա ցավոտ հարց է՝ ոչ միայն ՀՀ ներքաղաքական դաշտի, այլ նաև Հայաստանի «արևմտյան գործընկերների» համար, փաստաթղթերի ստորագրումը կհետաձգվի մինչև նախագահական ընտրությունները: Ամենայն հավանականությամբ, մինչև այդ Հայաստան կայցելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչի մասին, բացառված չէ` կարող է հայտարարվել նաև այսօր: Պուտինի այցելությունը կվկայի, որ Հայաստանի «եվրասիականացման» գործարքը կայացել է:
Սերժ Սարգսյանը հեշտորեն «կվերընտրվի» նախագահի պաշտոնում: Թե ինչպես է Հայաստանը` որպես պետություն, և ՀՀ քաղաքացիները՝ որպես «եվրասիական միասնական ընտանիքի անդամներ», վճարելու դրա դիմաց, դժվար է ասել: Ակնհայտ է, որ այդպիսով Հայաստանին իրական զարգացում խոստացող եվրաինտեգրացիան եթե անգամ ֆորմալ առումով չդադարեցվի, ապա բովանդակությամբ հասցվելու է նվազագույն մակարդակի` դրանից բխող բոլոր եվրասիական հետևանքներով: