Լյովա Խաչատրյանն առաջարկում է Զուրաբյանին, Օսկանյանին, Փաշինյանին և Բագրատյանին հրավիրել բանավեճի, որպեսզի նրանք «ողջագուրվեն» (տեսանյութ)
«Դա միանշանակ նողկալի արարք է, խիստ դատապարտելի, և կարծում եմ` քրեորեն հետապնդելի: Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները հետամուտ կլինեն այդ հանցագործին հայտնաբերելու գործին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը` մեկնաբանելով Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան զրույցի գաղտնալսումը և հրապարակումը, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
«Ես գիտեմ` հարցի ենթատեքստում ինչ կա, ինչ կարծիքներ են տարածվում տարբեր ուժերի կողմից, մեղադրում են, օրինակ, անվտանգության ծառայությանը: Ես դա միանգամայն բացառում եմ»,- հավելեց նա:
Հարցին` ի՞նչ հիմքերով եք միանգամից բացառում, Մ.Բադեյանը պատասխանեց. «Որովհետև էդ ծառայությունն իրավունք ունի գաղտնալսում անելու միայն դատարանի թույլատվությամբ: Երկրորդը` ես դրա մեջ որևէ տրամաբանություն չեմ տեսնում: Այս գործի կատարողն ամենից առաջ նպատակ է ունեցել առաջին հերթին վարկաբեկելու իշխանությանը»:
Հարցի մասին ավելի ուշագրավ մտքեր արտահայտեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Նա նշեց, թե գաղտնալսման մասին կարդալով` իր մոտ երկու զգացում է առաջացել` և´ ուրախ, և´ տխուր:
«Ուրախն այն էր, որ իմ մեջ տպավորություն ստեղծվեց, թե Ղարաբաղի պատերազմի վերսկսման վտանգը վերացած է, եթե մենք թույլ ենք տալիս մեզ նման մոտեցումներ»,- հայտարարեց պատգամավորը, ով հայտնի է իր ապարանյան ծագմամբ:
«Դա ի՞նչ կապ ունի»,- հարցրեցին նրան: «Շատ մեծ կապ ունի, որովհետև սա կարող է լինել նախադեպ, կարող է ունենալ շղթայական ռեակցիա էֆեկտ և շարունակվել: Եվ պատկերացրեք` որքան հայ մարդիկ կարող են միմյանց թշնամանալ, և նրանք, պատերազմի ժամանակ հայտնվելով խրամատում, շատ հնարավոր է` առաջին հերթին կրակեն միմյանց վրա, ոչ թե թուրքի»,- պատասխանեց նա:
«Էս ո՞ւր գնացիք հասաք»,- դիտարկեց ասուլիսի վարողը:
«Այո´, սա խաղ չէ: Եթե իրոք այդ վտանգն անցած է, միգուցե ինչ-որ տեղ այլ տեսանկյունից ես սրան նայեյի, բայց եթե անցած չէ, ես համարում եմ պետական դավաճանություն, և այդ մարդիկ պետք է հայտնաբերվեն: Իսկ եթե պատերազմի վտանգն անցած է, սա արդեն ինձ ուրախացնում է և նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը, իշխանության ձգտելիս, կարող է ընտրել ցանկացած մարտավարություն»,- պատասխանեց Լյովա Խաչատրյանը:
Բայց սա դեռ վերջը չէր. պարոն Խաչատրյանը նաև առաջարկություն արեց հարցի վերաբերյալ. «Ես շատ կցանկանայի, որ դուք այդ 4 անձնավորություններին` Զոհրաբյան (հավանաբար նկատի ուներ Լևոն Զուրաբյանին.-Ա.Ս.), Օսկանյան, Նիկոլ և Բագրատյան, հրավիրեիք որևէ բանավեճի, և եթե նրանք ողջագուրվեին հանդիպելիս և բաժանվելիս նույնպես բաժանվեին ողջագուրվելով, կցանկանայի, որ դուք նրանք ճանաչեիք տարվա լավագույն հայ, որպեսզի ցույց տանք, որ հասարակությունն այս ամեն ինչից բարձր է և դա կունենա միայն հակառակ էֆեկտ հասարակության մեջ»:
«Այսինքն` Դուք կարծում եք` իրենք են իրենց ձայնագրել»,- հարցրեց լրագրողներից մեկը:
«Ինչ Լյովի պատասխանը, ինչ քո հարցը»,- նկատեց Մանվել Բադեյանը:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: