Բաժիններ՝

«Դեռ շատ ձախողումներ կլինեն», – ասում է Նոբելյան մրցանակակիրը

Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Քենեթ Էրոուն ծնվել է 1921 թին ԱՄՆում: Դասախոսել է Չիկագոյի, Սթենֆորդի, Հարվարդի համալսարաններում: Համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող շրջանի նեոդասական տնտեսական տեսությունը առաջ քաշող կարևորագույն կերպարներից մեկը: 1972 թին «Հավասարակշռության ընդհանուր տեսության մեջ նորարարական ներդրման համար» արժանացել է Նոբելյան մրցանակի: Banks.am-ը զրուցել է Քենեթ Էրոուի հետ։

– 1972 թվականին Դուք ստացել եք Նոբելյան մրցանակ «անհնարինության տեսության» համար: Կխնդրեի հակիրճ ներկայացնել այն մեր ընթերցողին

– Անհատներն ունեն նախընտրություններ հասարակության տարբեր շերտերում:

Հավասարության սկզբունքից բացի, անհատները նախընտրում են արդյունք, որը բավարարում է նրանց պահանջմունքները, բայց նրանք ունեն նաև արդարության զգացում, պահանջ, ունեն մտահոգություններ այն որոշումների շուրջ, որոնք ազդում են ամբողջ հասարակության վրա: Այս նախընտրությունները (սոցիալական արժեքներ) տարբեր են յուրաքանչյուր անհատի դեպքում: Եթե հասարակությունը պետք է ընդունի կոլեկտիվ որոշում (պետական ծախսեր, կարգավորումներ), կարո՞ղ են այս` իրարից տարբերվող նախընտրություններն ամբողջանալ մեկ միասնական նախընտրության մեջ:

Ես մի քանի բանական պայմաններ առաջ քաշեցի, ըստ որոնց այսպիսի գործընթացը պետք է բավարարի և միևնույն ժամանակ հայտնաբերի, որ այդ բոլոր պահանջմունքները չեն կարող բավարարվել միաժամանակ: Այս ոլորտում ես մեծ քանակությամբ հետազոտություններ եմ իրականացրել. դրանց մի մասը համարում եմ որակյալ:

Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 50 տարի հետո: Ի՞նչ գլոբալ փոփոխությունների պետք է սպասել:

– Ինձ համար չափազանց «անվտանգ» է կանխատեսել, թե ինչպիսին կլինի աշխարհը 50 տարի հետո, քանի որ ինքս այլևս կենդանի չեմ լինի, ու այս խոսքերիս համար ինձ պատասխանատվության չեն կարող ենթարկել (ծիծաղում է – հեղ.): Այնուամենայնիվ, ես տեսնում եմ աշխարհը տնտեսական զարգացման ավելի բարձր մակարդակի վրա: Հատկապես մեծ տնտեսական աճ սպասում եմ Աֆրիկայում: Նաև կարծում եմ, որ այլևս մեծ պատերազմներ չեն լինի:

Ի՞նչ կարծիք ունեք աղքատ և զարգացող երկրների ապագայի մասին: Ինչպիսի՞ն կլինեն դրանք 100 տարի անց: Կլինե՞ն արդյոք, թե՞ կվերանան:

– Ես շատ տպավորված եմ Լատինական Ամերիկայում նկատվող տնտեսական աճով: Աֆրիկան վերջապես ցույց առաջընթաց է գրանցում, մասնավորապես, նախկին հետամնաց երկրներն, ինչպիսիք են Քենիան, Գաբոնը, Բոթսվանան, ինչպես նաև Թունիսը: Մտահոգված եմ Հարավային Աֆրիկայի հետընթացով: Վախենում եմ, որ Հնդկաստանում խորը կառուցվածքային խնդիրները զրոյի կհավասարեցնեն այդ երկրի վերջին տարիների մեծ առաջընթացը: Դեռ շատ մեծ ձախողումներ կլինեն…

Որքա՞ն մեծ է Համաշխարհային բանկի ազդեցությունը զարգացող երկրների վրա:

– Այսպես կոչված «զարգացող» երկրների ցուցակն անընդհատ փոխվում է, փաստացի` նվազում: Համաշխարհային բանկն ունի կամ շատ փոքր, կամ էլ ընդհանրապես չունի ազդեցություն ու կարևորություն Բրազիլիայի և Հնդկաստանի համար: Բայց այն դեռ պահպանում է իր կարևորությունը աֆրիկյան երկրներում:

– 2007 թվականին Դուք Նոբելյան այլ մրցանակակիրների հետ միասին ստորագրեցիք մի հայտարարության տակ, որը Թուրքիային և Հայաստանին հանդուրժողականության, համերաշխության և համագործակցության կոչ էր անում: Ո՞րն է Ձեր անձնական դիրքորոշումը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և  հայթուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ:  

– Թուրքական յուրաքանչյուր կառավարության առաջնային պարտավորությունը պետք է լինի բացել արխիվները և ընդունել Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի փաստը և ծավալները: Ցավոք, բավարար գիտելիքներ չունեմ, որպեսզի մեկնաբանեմ Հայաստանի կառավարության համապատասխան քաղաքականությունը:

Քենեթ Էրոուի հետ հատուկ Banks.am-ի համար զրուցել է Նարինե Դանեղյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս