Նիկոլ Փաշինյանը ենթարկվեց Լևոն Զուրաբյանի շանտաժին
Վարդան Օսկանյանի ու Լևոն Զուրաբյանի սկանդալային առանձնազրույցի ձայնագրության հրապարակումից հետո վերջինս շտապեց հայտարարել, որ այդ խոսակցության բովանդակության որևէ քննարկում կամ մեկնաբանություն համարում է «բարոյապես և քաղաքականապես անընդունելի», և սպառնաց` դա «հավասարազոր է լինելու համագործակցության Հատուկ ծառայությունների հետ այս ապօրինի գործունեության մեջ»:
Արդեն առիթ ունեցել ենք արձանագրելու, որ անկախ առանձնազրույցի բովանդակությունից, դրա մասնակիցների ով լինելուց, մարդկանց խոսակցությունը գաղտնալսելու փաստն ինքնին հակասահմանադրական է, դատապարտելի և ենթակա է թե՛ քրեական, թե՛ քաղաքական պատասխանատվության:
Բայց արձանագրել ենք նաև, որ Լևոն Զուրաբյանի հայտարարությունը շանտաժի դասական դրսևորում էր, ինչը նույնքան զզվելի ու դատապարտելի է, որքան առանձնազրույցի գաղտնալսումը:
Ենթադրենք, այդ առանձնազրույցում քննարկվում էին ոչ թե ներքաղաքական հարցեր, ընտրություններից առաջ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև առևտրի դետալներ, այլ, ասենք, որևէ այլ պետության դեմ դավադիր գործարքի իրականացման մանրամասներ: Այդ դեպքո՞ւմ էլ զրույցի բովանդակության քննարկումը դառնալու էր «բարոյապես ու քաղաքականապես անընդունելի»: Լ. Զուրաբյանի ու Օսկանյանի զրույցի ընթացքում քննարկվում էին եթե ոչ՝ պետության, ապա՝ քաղաքացիների, հասարակության դեմ դավադրության մանրամասներ, որի քննարկումը, վերլուծությունը, հետևություններ անելու փորձը կարող է դառնալ ներկայիս բարոյալքված քաղաքական մթնոլորտի առողջացմանն ուղղված՝ թեկուզ փոքր, բայց շատ կարևոր քայլ:
Մինչդեռ Լևոն Զուրաբյանն ի սկզբանե փորձեց կանխել դա` շանտաժի ենթարկելով բոլոր նրանց, ովքեր կարող էին նման համարձակություն ունենալ: Ու, դժբախտաբար, շանտաժի ենթարկվողներից առաջինը եղավ այդ առանձնազրույցի ընթացքում քննարկվող հիմնական անձանցից մեկը` Նիկոլ Փաշինյանը, ում և Հրանտ Բագրատյանի «վրա», ըստ Լևոն Զուրաբյանի պնդման, «աշխատում են»: Թե՛ երեկ այդ սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո, թե՛ այսօր` լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել Լ. Զուրաբյանի և Օսկանյանի առանձնազրույցում իրեն վերաբերող հարցի քննարկումը` դա պատճառաբանելով ճիշտ նույնկերպ, ինչպես իր երեկվա հայտարարությամբ սպառնացել էր ՀԱԿ համակարգողը:
Այն դեպքում, երբ, կրկնում ենք, Լ. Զուրաբյանը ԲՀԿ-ական Օսկանյանի հետ առանձնազրույցում Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, մահացու մեղադրանք է ներկայացրել: Հայաստանյան քաղաքական լեքսիկոնում «ինչ-որ մեկի վրա աշխատելը» շատ որոշակի իմաստ ունի և ընկալվում է՝ որպես իշխանությունների կամ նրանց սպասարկող միավորների կողմից այս կամ այն գործչին հավաքագրելու, կաշառելու երևույթ: Ու ստացվում է, որ հրաժարվելով մեկնաբանել Լ. Զուրաբյանի հայտարարությունները` ենթարկվելով վերջինիս շանտաժին, Նիկոլ Փաշինյանն ակամա ընդունում է այդ մեղադրանքը, ինչը, վստահ ենք, իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ:
Այդպիսով, ըստ էության, նա անուղղակիորեն ընդունում է նաև Լևոն Զուրաբյանի գերակայությունը Հայ ազգային կոնգրեսում: Այլապես, Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ առողջ հատվածի մյուս ներկայացուցիչների հետ, պետք է վերջ դներ պատեհապաշտության, կեղծիքի, ստորության այն մթնոլորտին, որը տիրում է իրեն ընդդիմադիր հռչակած ու թեկուզ մեկ քաղաքացու համար հույս ներշնչող այդ միավորում: Մինչդեռ նա և ՀԱԿ մյուս անդամները շարունակում են իրականության աղավաղման գործելաոճը, ինչը ավելի է խորացնում հասարակության հիասթափությունն ու անվստահությունը ՀԱԿ-ի նկատմամբ:
«Եթե մենք ասում ենք, որ որևէ քննարկում չենք ընդունում բովանդակային, մենք հասկանում ենք, որ ՀԱԿ-ի դիրքորոշման վրա չի կարող անդրադառնալ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ն. Փաշինյանը` ավելացնելով,- Ես ե՞րբ եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է առաջադրվի: Եթե իմ վերջին ամիսների հարցազրույցները վերանայեք, կտեսնեք, որ ես մշտապես ասել եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի, և հիմա էլ կարող եմ ասել, որ պետք է առաջադրվի»: Այսպիսով, ստացվում է, որ եթե Լ. Տեր-Պետրոսյանն առաջադրվի՝ Լ. Զուրաբյանի հայտարարությունները կարելի է մոռանալ, առաջ անցնել` առանց քաղաքական պատասխանատվության հարց բարձրացնելու:
Այն դեպքում, երբ Լ. Զուրաբյանն Օսկանյանի հետ զրույցում ասում էր՝ «Մարտի 1, չգիտեմ ինչ», արդարացնում էր Լևոն Տեր-Պետրոսյանի մարտավարությունը՝ «ինչ-որ բաների մասին չխոսելու վերաբերյալ», դեմագոգիա էր որակում Հրանտ Բագրատյանի կողմից այդ «մարտավարական հիմնավորումները» չընդունելը, արձանագրում էր, որ «Կոնգրեսը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կարողանում էր պահել քաղաքացիական հասարակությունը, էսպես ասեմ, էլի, ոչ հակառուսական հատվածում, մի քիչ էլ սենց Արևմուտքին քննադատելով»:
Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ Լ. Զուրաբյանի հայտարարությունները «լղոզելը» կնշանակի՝ ընդունել այն ամենը, ինչ Օսկանյանի հետ զրույցում՝ որպես Կոնգրեսի «գիծ», ներկայացրել է ՀԱԿ համակարգողը: Ընդունելով դա, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Հրանտ Բագրատյանը, և՛ մնացածը մտնելու են այդ «գծի մեջ», ինչպես Լ. Զուրաբյանը խոսում էր Գագիկ Ջհանգիրյանի մասին: