«Այն օգուտը, որ ստացավ հանրությունը միլիոն միտինգ, ու միլիոն լոլո չէր կարող փոխարինել»
Երեք կարծիք Զուրաբյան-Օսկանյան գաղտնի ձայնագրության մասին
Facebook սոցիալական ցանցում այսօր շատերի քննարկման նյութն է դարձել համացանցում հայտնված Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնի ձայնագրությունը։ Կարծիքները հիմնականում երկուսն են` մի մասը դատապարտում է տեղի ունեցածը, մյուս մասը դատապարտելով` կատարվածը գնահատում է որպես հասարակության համար անհրաժեշտ ինֆորմացիա: Ներկայացնենք այդ տեսակետներից մի քանիսը:
ԱՄՆ-ում բնակվող բիոֆիզիկ, հրապարակախոս Արա Հարությունյանը Facebook-ի իր էջում այս կապակցությամբ երկու գրառում է կատարել: Առաջին գրառման մեջ նշել է.
«1. Հրապարակային դեմքերի որևէ գործունեության (ոչ նեղ անձնականին վերաբերող) հրապարակայնացումը ժողովրդավարության ամենահիմնարար պահանջն է: Ժողովրդավարական պետությունն ունի 4 իշխանական ճյուղեր, որոնցից ամենահիմնականը ազատ լրատվությունն է, որը մեկնաբանում է քաղաքականությունն ու վեր է հանում թաքնվածը: Հայաստանը հեչ ժողովրդավար չէ, բայց սույն եզակի կլիպը աշխատում է հենց նշված տիրույթում:
2. Պարզվում է, որ ընդդիմադիր խոհանոցը ոչ միայն կեղտոտ է, այլ բացարձակ տգետ:
3. Փաստորեն մարտավարություն անվան տակ զոհեր են տրվել նախկինում, երկիրն է ամայացել և հիմա էլ նախապատրաստվում են շարունակելու հինը:
4. Սույն բացահայտումը սթափեցնող ապտակ է հայկական քաղաքական ու ոչ քաղաքական բոլոր շրջանակների համար: Այն չնկատելը և դրան չարձագանքելը, կխոսի միայն մի բանի մասին՝ մենք մեռած ենք որպես գիտակից հանրություն, և տգետ ենք՝ որպես անհատներ»:
Արա Հարությունյանի երկրորդ գրառումն ուղղված է «Հայ քաղաքական գիգանտներին»:
«1. Հանրային դեմքի ցանկացած քաղաքական քայլ պետք է թափանցիկ լինի և հնարավորինս հայտնի լինի հանրությանը: Ավելին, առաջնային հանրային դիրքերի հավակնող անհատների անձնականն էլ պետք է բացարձակ հայտնի լինի մարդկանց: Ցանկացած անբարո արարք, նույնիսկ 20 տարի առաջ կատարված, պետք է ջրի երես դուրս գա:
Էս երկու կամակատարների խոսակցությունը, եղել է ընդամենը 2 քաղաքական խմբերի քաղաքական կոնսուլտացիա, որը նորմալ երկրներում բացեիբաց է տարվում: Բայց քանի որ մեր մոտ համատարած կեղտ է, մեզ այ այսպիսի պատառիկներ են միայն հասնում:
2. Մեկը գրկաբաց հարցաքննել է, մյուսն էլ հոժարակամ իր սիրտն է բացել` ցուցադրելով նեխած, գաճաճ ու ստոր ներքին: Այլ երկրներում նման ինֆորմացիան ռումբ կլիներ հանրության ցանկացած անհատի ձեռքում: Եվ միայն մեր պես անտերանոցում է, որ հրապարակի վրա եղածները հարցականի տակ են դնում հրապարակվածի արժեքը:
3. Պարզ է, որ ձայնագրվել է շանտաժային նպատակներով, և մի գուցե հրապարակվել է շանտաժային նպատակներով:
Բայց այն օգուտը, որ ստացավ հանրությունը միլիոն միտինգ, ու միլոն լոլո չէր կարող փոխարինել:
4. Այն, ինչ հիմա քարոզվում է երկրով մեկ, թե իբր դա անբարայականություն է, ԿԳԲ-ականություն, կեղտոտություն, անձնականի մեջ միջամտություն, և այլն, այ դա է վատը:
5. Ժողովուրդ, չհավատաք, շատ լավ բան է կատարվել և հուսով եմ, որ նման մշակույթը վերջապես կմտնի Հայաստան, և ամեն մի տականք նախապես կիմանա, որ մի օր էլ իր քաղաքական սրիկայություններն են հայտնի դառնալու ժողովրդին»:
Հայ ազգային կոնգրեսի անդամ Երջանիկ Աբգարյանը ևս անդրադարձել է այդ գաղտնի ձայնագրությանը։ «Խոստովանում եմ, որ 1993-ից հետևելով այդ բանսարկու կարիերիստի խարդավանքային գործունեությանը, ես վստահ էի, որ մի օր կբացվի դրա կեղտոտ երեսը: Ես չեմ զարմանա, որ որոշ ժամանակ անց համացանցում հայտնվի նաև նրա «անկեղծ զրույցը» հենց նույն Միշիկի հետ»,- գրել է նա:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, դատապարտելով КГБ-ի սադրանքները, գրել է. «КГБ-ի սադրանքներին դիմակայելու ամենակարճ ճանապարն է հրապարակային քաղաքականությունը՝ պարզ և հսկակ դիրքորոշում հայտներ, ոչ թե «բյուզանդական արքունիքի գաղտնիքներ» խաղալը: Իր դիքրորոշումը պետք է հայտնի առաջին հերթին Լեւոն Տեր-Պետրոսյանը, որից հետո պարզ կդառնա՝ ով է դրան դեմ, ով կողմ, ով ում է օգնում կամ խանգարում: … Մասնավոր խոսակցության գաղտնալսումը ստորություն է: Պարզապես դրանից ոչ մի սենսացիա չէր լինի, եթե ՀԱԿ ղեկավարն իր դիրքորոշումը հայտներ քաղաքական իրավիճակի մասին, իսկ ՀԱԿ-ի ներսում բանավեճը լիներ հրապարակային: …Ավելի ճիշտ է հրապարակավ բանավիճելը, քան գորգի տակ, ինչ-որ ակնարկներով իրար կծելը և ձև անելը, իբր հակասություններ չկան: Երբ բոլոր կողմերի դիրքորոշումները և փաստարկները պարզ են, իշխանությունները հնարավորություն չունեն այդ կողմերին ինչ-ինչ մտքեր կամ մտադրություններ վերագրել, կարճ ասած՝ մուտիլովկա անել: Այնպես որ, հրապարակային բանավեճից կշահեին ՀԱԿ-ը, նրա համակիրները և հասարակությունն ընդհանրապես»: