Մեր փոքր քաղաքն ու գների մեծ տարբերությունը

Շուկայական տնտեսության մեջ վաճառողներն ինքնուրույն են որոշում ապրանքների գները։ Սակայն երբ նույն քաղաքի տարբեր խանութներում միևնույն ապրանքի մանրածախ գինը տատանվում է 20-25%-ով, դա ամեն դեպքում, զարմանալի է։

Առավել զարմանալի է, երբ խոսքը վերաբերում տեղական արտադրողների ապրանքներին, որոնց գործարանային և բացթողմնան գինը հայտնի է և ի տարբերություն ներմուծվող ապրանքների՝ տրանսպորտային ծախսերը գրեթե դեր չեն խաղում վերջնական գնի ձևավորման հարցում։ Սակայն հայաստանյան շուկայում ապրանքների վաճառքով զբաղվող յուրաքանչյուր ընկերություն տեղական արտադրողի ապրանքների համար սահմանում է իր նախընտրած գինը: Ասվածում կարելի է համոզվել տեղական արտադրողների որոշ արտադրատեսակների գները վաճառքի տարբեր կետերում համեմատելով:

Այսպես, «Գրանդ Քենդի» ընկերության «Վան» շոկոլադե կոնֆետների ընտրանին երևանյան խանութներում վաճառվում է ամենատարբեր գներով: Երևանյան մոտ 10 մթերային խանութների դիտարկման արդյունքում կարելի է տեսնել, որ այս կոնֆետների հավաքածուն վաճառվում է սկսած 1700 դրամից: Բնական է, որ «Վան» կոնֆետների հավաքածուն ամենացածր գնով վաճառվում է հենց  «Գրանդ Քենդի» ընկերության խանութներում: Այլ վաճառակետերում սահմանված գներն ավելի բարձր են: Դիտարկված մթերային խանութներում «Վան» շոկոլադե կոնֆետների ընտրանին ամենաթանկը վաճառվում է 2100 դրամով: 168.am-ը փորձեց պարզել՝ արդյոք «Գրանդ Քենդի» ընկերությունը բոլոր վաճառակետերին ապրանքները նույն գնո՞վ է մատակարարում և արդյոք ձեռք բերու՞մ է ներքին պայմանավորվածություն ապրանքների գնի սահմանման հետ կապված: Ընկերությունից 168.am-ին հայտնեցին, որ ընկերության աշխատակիցը, ով կարող է պատասխանել հարցին, հանրապետությունում չէ:

Երևանյան մթերային խանութներում դիտարկել ենք նաև «Աշտարակ կաթ» ընկերության ջնարակապատ «Յո Յո» պանրիկների գները: Նշենք, որ եթե  «Գրանդ Քենդի» ընկերության «Վան» շոկոլադե կոնֆետների ընտրանու վաճառքի գները տարբեր վաճառակետերում տարբերվում էին 400 դրամով, ապա Յո Յո» պանրիկների դեպքում տարբերությունն այնքան էլ մեծ չէր: Ուսումնասիրված երևանյան խանութներում վերջիններս վաճառվում էին հիմնականում 120-130 դրամով:

Կարդացեք նաև

Դիտարկվել է նաև «Մարիաննա» կաթնաշոռի (200 գրամ) գինը: Վաճառքի գինը տատանվում է հիմնականում 20-30 դրամով: Դիտարկված երևանյան վաճառակետերում այն հիմնականում վաճառվել է 360-380 դրամով: «Մարիաննա» ընկերության մենեջեր Հասմիկ Սարգսյանը 168.am-h հետ զրույցում ասաց, որ ընկերությունը վաճառքի բոլոր կետերին ապրանքը մատակարարում է միևնույն գնով. «Իսկ խանութը ինքն է որոշում՝ որքան գումարով պետք է վաճառի ապրանքը, նա այդ հարցում ազատ է: Որոշ խանութներ ապրանքը վաճառում են ինքնարժեքով, որոշները վաճառում են 10, 20 կամ էլ 50 դրամ ավելի գնով»:

Գնային այս տարբերությունների հիմնական պատճառն այն է, որ ապրանքների վաճառքով զբաղվող ընկերություններն ազատ են ապրանքատեսակների գների սահմանման հարցում, գների զսպողական համակարգ չի գործում: Հայաստանում չի գործում օրենք, որը թույլ չի տա  այդ ընկերություններին տեղական, նաև ներմուծվող ապրանքները չվաճառել սահմանվածից բարձր գներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս