«Անմշակույթ մարդը լավ բաների ունակ չէ» (լուսանկարներ)

Հարցազրույց բեմանկարիչ, գրաֆիկ-դիզայներ Լիլիթ Ստեփանյանի հետ

– Լիլիթ, որքան տեղյակ եմ, Երևանի մնջախաղի պետական թատրոնում ես աշխատել, կմանրամասնե՞ս՝ ի՞նչ գործունեությամբ ես զբաղվել:

– Ես եղել եմ Երևանի մնջախաղի պետական թատրոնի զգեստների նկարիչը` 2005-2011 թթ.-ին: Հիմա ոչ մի թատրոնում հաստիքային պաշտոն չեմ զբաղեցնում: Մեր հայ թատրոնները փոքր-ինչ հոգնեցրել են ինձ: Ոգևորված տրվում ես նոր բեմադրության նկարչական աշխատանքներին, հետո ինչ-ինչ խնդիրներ են առաջանում՝ դեկորացիաները և զգեստները քո մտահղացմամբ իրականացնելու համար ֆինանսները քիչ են, ռեժիսորները երբեմն սահմանափակ և պահպանողական մտածելակերպ ունեն, դերասանները հանկարծակի նկարչական տաղանդ են իրենց մեջ բացահայտում…

Այս ամենը, ի վերջո, հանգեցնում է նրան, որ որքան էլ շատ ես սիրում մասնագիտությունդ, ու որքան էլ այն ամենակարևոր մասն է թատրոնի մեջ, դադարում ես դրանով զբաղվել: Հաճախ նկարչական ձևավորման շնորհիվ է, որ թատերական ներկայացումը մարդկանց դուր է գալիս, բայց ռեժիսորներն ամբողջն իրենց են վերագրում: Մի խոսքով` ես բեմանկարչությունը սիրում եմ շատ, բայց իր հետ չեմ «ապրում», հուսամ՝ ժամանակավոր:

Կարդացեք նաև

– Այսինքն` այստեղ չե՞ս կարողանում ամբողջովին ստանալ այն պատկերը, որը դու ես ցանկանում: Դրսում բեմանկարչությանն ավելի՞ մեծ ուշադրություն է դարձվում:

– Երբ սովորելու տարիներին զուգահեռ՝ աշխատում էի թատրոններում, նույնիսկ հետաքրքիր էր, որ շատ քիչ տեխնիկական հնարավորություններով, շատ սուղ նյութերով կարողանում էի դեկորներ ստեղծել, բայց դա 10 տարի առաջ էր: Տարիների ընթացքում զարգանում ես, ինքնակրթվում, ուսումնասիրում, թե աշխարհում քո բնագավառում ինչ զարգացումներ են տեղի ունենում, ու գալիս է մի պահ, որ այլևս չես ուզում կոմպրոմիսների գնալ և, նյութի անհասանելի լինելու պատճառով` չես ցանկանում միտքդ փոփոխման ենթարկել:

Ես բազմիցս եղել եմ դրսի թատրոններում, ուսումնասիրել իրենց աշխատանքները: Վերջին շատ մեծ բեմանկարչական փառատոնը, որին մասնակցել եմ 2011թ., Պրահայի Քվադրինալն էր, որին շուրջ 63 երկիր էր մասնակցում: Ես հասկացա, որ մենք ունենք բեմանկարիչներ, ովքեր մտքային ոչ մի կերպ չեն զիջում արտասահմանյան կոլեգաներին: Նյութերի սակավությունն է մեզ թույլ դարձնում, և, իհարկե, ցավոք սրտի, մեզ մոտ չկա այն գիտակցումը, որ բեմադրող նկարիչը շատ կարևոր մարդ է թատրոնում:

– Որո՞նք են այն կարևոր հատկանիշները, որոնք պետք է բեմանկարիչը պարտադիր ունենա:

– Ամենակարևոր և առաջին հատկանիշը՝ տարածական պատկերային կառուցողական մտածելակերպն է: Իհարկե, որպես վերնագիր՝ թատրոնը զգալ ու սիրելն է: Այնուհետև՝ բեմադրողական միտք, ճաշակ, պլաստիկա…, ու կարելի է անվերջ շարունակել:

– Դու նաև դիմակներ ես պատրաստում, ի՞նչ նյութերով ես սիրում աշխատել:

– Դիմակների հանդեպ սերն էլ դարձյալ գալիս է թատրոնի հանդեպ սիրուց: Դիմակների շարքը կրում է «Հայկական դիմակ» անվանումը: Օգտագործված նյութերը շատ բազմազան են. կավից՝ մինչև փայտ ու կտոր… Միտքս այն էր, որ ստեղծեմ հայկական դիմակ՝ օգտագործելով հայկական զարդանախշային էլեմենտներ, բայց ընդամենը սկիզբ առնող էլեմենտներ, որի շարունակությունն արդեն ժամանակակից հայ մարդու, այս դեպքում՝ իմ մտքի կողմից նոր նախշի ստեղծումը կլիներ:

Այլ կերպ ասած` նպատակս էր՝ ստեղծել հայ ժամանակակից դեմք` ազգային պատմությամբ ողողված: Դեմք, որովհետև դիմակն ինձ համար դիմակ չէ, դիմակը դեմք է:

– Ժամանակին ցանկանում էիր Հայաստանում դիմակահանդես-տոնախմբություն իրականացնել, ինչ-որ բան ստացվե՞ց:

– Դեռ շարունակում եմ ցանկանալ: Կան գաղափարներ, որոնք իրականացնելու համար ժամանակ է պետք: Գաղափարները ֆիզիկապես իրականացնելու համար միշտ էլ ժամանակ է պետք, ընդ որում` որքան շատ է ժամանակը, այնքան քիչ բան ես հասցնում: Բայց այս դեպքում խոսքս ոչ թե ֆիզիկապես իրականացնելու, այլ գաղափարին ժամանակ տալուն է վերաբերում: Գաղափարն ինքն իրենով պետք է ձևավորվի ու վերջում պայթի, լավ առումով պայթի կամ չպայթի: Կարծում եմ` դեռ պայթյունին ժամանակ կա:

– Անդրադառնանք աշխատանքներիդ: «Մեծահասակների այբբենարան» աշխատանքիդ մասին կպատմե՞ս:

– «Էյվա» Մարդ, Արվեստ, Լրատվություն ծրագրի շրջանակներում արած «Մեծահասակների այբբենարան» աշխատանքի միակ լուսավոր նպատակն այն էր, որ մեր բառապաշարի մեջ փորձենք ավելի հաճախ, ավելի շատ օգտագործել լավ, դրական, բարի, պոզիտիվ բառեր: Վատ, չար, նեգատիվ, անհավատ բառերը սարքում են մարդուն մռայլ, դժբախտ, անհաջողակ: Անգամ eiva.am-ում «Մեծահասակների այբբենարան» պատմության վերջում այբբենարանը դատարկ պատուհաններով է տեղադրված, և յուրաքանչյուր մարդ կարող է ներբեռնել, տպել, փակցնել տանը, աշխատավայրի պատին և ամեն օր նոր լավ բառ ավելացնել և փորձել օրվա մեջ այդ բառը շատ օգտագործել:

– Վերջերս սոցիալական խնդիրներ արծարծող աշխատանքներ էիր ներկայացրել: Ի՞նչ ես կարծում՝ այսպիսի աշխատանքն էֆեկտի՞վ միջոց է՝ մարդկանց գիտակցության վրա ազդելու համար:

– Կարծում եմ՝ Պատկերն ամենաուժեղ ազդեցիկ միջոցներից մեկն է: Մենք սկզբում տեսնում ենք, հետո՝ անալիզի ենթարկում: Մեկ անգամով մարդու գիտակցության վրա ազդելը շատ դժվար է, շարունակաբար է պետք գործել: Կարող է շատ տպավորվի, հաջորդ օրը դեռ տպավորության տակ լինի, բայց որպես հետևանք` շատ շատ փոքրիկ մասնիկ կմնա, ու եթե նորից ու նորից չխոսվի՝ կմոռացվի-կգնա:

– Երեխաների համար նախատեսված նկարներ ունես, որոնցում շատ գույներ ես օգտագործել: Նկարներն ինչ-որ չափով նաև զվարճալի են…

– Երեխաներն ամենապայծառ ու լուսավոր կետերն են մարդկության մեջ, ու երևի ամեն մեկս պետք է փորձենք ինչ-որ բան անել երեխաների համար: Ես երեխաների համար մի շարք մանկական գրքեր եմ նկարազարդել, մանկական ամսագրեր ենք ստեղծել: Կարող եմ ասել՝ երեխաների լեզուն ինչ-որ չափով կարողանում եմ հասկանալ, ու նկարները, իլյուստրացիաները, որոնք արել եմ ու հաստատ միշտ էլ կանեմ, երեխաների գեղագիտական ճաշակը զարգացնելու և նրանց զվարճացնելու, ծիծաղ պարգևելու միտում ունեն:

– Օրերս բարեգործական միջոցառման էիր մասնակցում…

– Ինչպես երեխաները, նաև կենդանիներն ունեն սիրո, խնամքի, հոգատարության կարիք: Դեկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգին կազմակերպել էր հայ նկարիչների կողմից նվիրաբերված նկարների աճուրդ: Վաճառքի ողջ հասույթը գնալու է կենդանիների բարեկեցության բարելավման համար: Ես, քանի որ աճուրդի գեղարվեստական մասով էի զբաղված, ցավոք սրտի, չհասցրեցի ինքս նկարել, բայց նվիրաբերված նկարներով մենք պատրաստել ենք Երևանի կենդանաբանական այգու 2013թ. Օրացույցը: Դրա դիզայնը ես եմ արել: Օրացույցի վաճառքի հասույթը դարձյալ գնալու է կենդանիների բարեկեցության բարելավմանը:

– Ցուցահանդեսների հաճա՞խ ես մասնակցում: Կարևորո՞ւմ ես մասնակցությունդ:

– Երևանում և արտասահմանում ունեցել եմ խմբակային ցուցահանդեսներ: Երևանում 2010թ.-ին անհատական ցուցահանդես եմ ունեցել: Ես ավելի շատ սիրում եմ որպես այցելու լինել ցուցահանդեսներում, քան՝ որպես մասնակից: Չգիտեմ՝ ինչի՞ց է դա, հիմա այդպիսին եմ, կարող է՝ մի քանի տարի հետո փոխվեմ: Իսկ առհասարակ ցուցահանդես երևույթը շատ կարևոր համ ու հոտ է երկրի, քաղաքի համար: Զբոսաշրջության զարգացման համար ցուցահանդեսային գործունեությունը շատ կարևոր է:

– Երևանի ամանորյա նոր բնակիչների` պինգվինների, կարապների արձանիկները, հայտնի մարդկանց արձանները, և այլն, դո՞ւր են գալիս:

– Կապված քաղաքի արտաքին տեսքի ձևավորումների հետ` որպես մասնագետ, կարծում եմ, կոռեկտ չի լինի բարձրաձայն որակավորում տալ մեկ այլ դիզայներ-նկարչի կամ նկարիչների արած գործին: Միայն մեկ բան կարող եմ ասել` ես այդպես չէի ձևավորի:

– Հիմա ի՞նչ աշխատանքով ես զբաղվում: Աշխատանքներդ վաճառո՞ւմ ես, թե՞ միայն ցուցահանդեսներին ես ներկայացնում:

– 2012թ. վերջապես ավարտին հասցրեցի վեբ կայքս՝ www.lu.am: Ուզում եմ ամբողջությամբ ստեղծագործելուն նվիրվեմ, բայց դեռ «չեն թողնում»:  Համագործակցում եմ մի շարք կազմակերպությունների հետ` հիմնականում գրաֆիկ-դիզայն ուղղությամբ: Որոշ գործեր երբեմն վաճառքի եմ հանում: Ժամանակը միշտ քիչ է ու չի հերիքում:  Ձմեռ պապիկից կխնդրեի՝ ինձ շատ-շատ ժամանակ նվիրեր, որ հասցնեի լիքը բան ավարտել ու նորերը սկսել (ժպտում է.- Գ. Ա.):

– Որպես գրաֆիկ-դիզայներ և բեմանկարիչ` ի՞նչ նպատակներ կամ երազանքներ ունես:

– Ուզում եմ մարդկանց մեջ Արվեստը շատ լինի, անմշակույթ մարդը լավ բաների ունակ չէ, իսկ «լավ բանն» օդի ու ջրի նման անհրաժեշտ է մարդկությանը:

Տեսանյութեր

Լրահոս