««Մարիլա» երշիկ արտադրող ընկերությունը հասկացել է իր սխալն ու ուղղել է այն»

Երեկ ՏՄՊՊՀ-ն (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով)  հրապարակել էր երշիկ արտադրող անբարեխիղճ ընկերությունների  ցանկը: Ցանկում ներառված էր նաև «Մարիլա» ընկերությունը:
«Լամաքս գրուպի» (այս ընկերության կազմում է նաև «Մարիլան») տնօրեն Ալյոշա Մկրտչյանը 168.am-ի հետ զրուցում ասաց, որ ընկերությունը խախտում արել է միայն մեկ մասով. պիտակի վրա նշված է եղել, որ երշիկը պարունակում է սննդային հավելանյութեր, սակայն դրանց անվանումները նշված չեն եղել:

«Մեզ հետ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի խնդիրն այն է եղել, որ «սննդային հավելումներ» բառակապակցությունն է գրած եղել, բայց պետք էր բացել դա, թե հավելումներ ասելով՝ ի՞նչ նկատի ունենք»,- ասաց Ալյոշա Մկրտչյանը:

Նշենք, որ  ՏՄՊՊՀ տվյալներով՝ երշիկի արտադրության մեջ օգտագործվում է  մեծաքանակ սոյա, օսլա,սպիտակաձավար (манная крупа),  ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ և այլն. այդ մասին սպառողները տեղյակ չեն:

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը: Ըստ Ալյոշա Մկրտչյանի՝ ընկերությունը նման խախտում չի արել. «ՏՄՊՊՀ-ն նախօրոք մեզնից ապրանքների ձեռքբերման փաստաթղթեր է ուզել:

Կարդացեք նաև

Այնտեղ հստակ երևում է, որ մեր միս ձեռք է բերվել մեր անասնապահական ֆերմայից, իսկ սոյայի գնման փաստաթուղթ մենք բացարձակ չենք ունեցել: Ուղղակի ես այսպես եմ կարծում, որ հաղորդագրությունը տարածելիս ՏՄՊՊՀ-ն բոլոր թերությունները մի տողով գրել է»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ հավելանյութերի մասին տեղեկությունները նշված չեն եղել փաթեթավորման վրա, Ալյոշա Մկրտչյանը պատասխանեց, որ դրանք կարգավորվում են ԳՕՍՏ-ով (միջպետական ստանդարտներ) և տեխնիկական պայմաններով. «Տեխնիկական պայմաններով և ԳՕՍՏ-ի մեջ այդպես է գրված: Մենք էլ, ոնց որ ԳՕՍՏ-ում կամ տեխպայմաններում գրված է, նույն ձևի պիտակի վրա գրել ենք: Հիմա նոր որ իրենք ասացին՝ խորացել ենք, հասկացել ենք, ուղղել ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս