
«Խոսրովի անտառի» նոր տնօրենը նույնպես Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է. մամուլ

«Երեկ տեղեկացանք, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել Հրաչ Հովակիմյանին, ով նորից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է:Ուշագրավն այն է, որ, չսպասելով տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքներին, նախարարը միանգամից նշանակում է արել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում.
«Այս անձը նախկինում զբաղեցրել է անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը, և Արգամիչը նպատակահարմար է գտել, որ նա պետք է դառնա Խոսրովի անտառի հսկիչը, որտեղ տարածքներ ունեն իր խնամի Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Հապշտապ նշանակումը պայմանավորված է Տիգրան Սարգսյանի բացակայությամբ, քանի որ նախկին տնօրինացուի` Նոնոյի նշանակման ձախողման հարցում դերակատարում է ունեցել վարչապետը, ով ոչ թե Խոսրովի արգելոցով է մտահոգ, այլ Հովիկ Աբրահամյանի պրոտեժեներին է դեմ»: