Արոնյանի ֆիասկոն ու Կարլսենի անհավանական ռեկորդը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավարտվեց 2012 թվականի վերջին գերմրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի 3 ուժեղագույն գրոսմայստերները` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Լևոն Արոնյանը (Հայաստան) և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): London Chess Classic-ին մասնակցում էին նաև աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան), ԱՄՆ-ի ուժեղագույն գրոսմայստեր Հիկարու Նակամուրան, բոլոր ժամանակների լավագույն շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը (Հունգարիա) և երեք անգլիացիներ` Լյուկ Մըքշեյնը, Մայքլ Ադամսն ու Գոուին Ջոնսը:
Լևոն Արոնյանն իր կարիերայի վատագույն մրցաշարերից մեկն անցկացրեց` 9 տուրում վաստակելով ընդամենը 8 միավոր (հաղթանակը գնահատվում է 3 միավոր, ոչ-ոքին` 1): Առաջին տուրում Լևոնը սպիտակներով պարտվեց Նակամուրային, երկրորդ տուրում` Կարլսենին, երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Անանդի հետ, չորրորդ տուրում հաղթեց Մըքշեյնին, մնացած պարտիաներն ավարտեց ոչ-ոքի արդյունքով և վաստակած 8 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը:
Իսկ այն ինչ արեց Մագնուս Կարլսենը, դեռ երկար տարիներ ոչ ոքի չի հաջողվի կրկնել. նորվեգացին 5 հաղթանակ տարավ, 3 ոչ-ոքի խաղաց և, վաստակելով 18 միավոր, ոչ միայն դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող, այլև գերազանցեց Գարի Կասպարովի անհասանելի թվացող ռեկորդը: Մագնուսը դարձավ պատմության մեջ առաջին շախմատիստն, ով ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում հատեց 2851 միավորի շեմը, այժմ նա ունի 2861 ռեյտինգային միավոր:
Շատ հաջող մրցաշար անցկացրեց նաև Վլադիմիր Կրամնիկը. աշխարհի նախկին չեմպիոնը 16 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը և վարկանիշային աղյուսակում շրջանցեց Լևոն Արոնյանին` 2810 ռեյտինգային միավորով բարձրանալով 2-րդ հորիզոնական :
Արոնյանն իր հերթին 12 վարկանիշային միավոր կորցրեց և այժմ 2803 միավորով գտնվում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 3-րդ տեղում:
London Chess Classic-ի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է.
1. Մագնուս Կարլսեն` 18 մ.
2. Վլադիմիր Կրամնիկ` 16 մ.
3. Մայքլ Ադամս` 13 մ.
4. Հիկարու Նակամուրա` 13 մ.
5. Վիշավանաթհան Անանդ` 9 մ.
6. Լևոն Արոնյան` 8 մ.
7. Յուդիթ Պոլգար` 6 մ.
8. Լյուկ Մըքշեյն` 5 մ.
9. Գոուին Ջոնս` 3 մ.
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը