Նախընտրական սերիալ` «Եղբայրները»
Ներկայիս քաղաքական զարգացումների առանձնահատկություններից մեկն այն է, որ ընթացիկ իրադարձությունների դինամիզմի ներքո երկրորդական պլան է մղվում կատարվող գործընթացների հեռանկարային, երկարաժամկետ նշանակությունը: Խոսքը, մասնավորապես, այսօրվա քաղաքական դաշտի հիմնական հարցի` Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև մրցակցության, հակամարտության, հակասությունների մասին է, որոնք զարգանում են նախընտրական շրջանին բնորոշ արագությամբ`դառնալով քաղաքական գործընթացների գնահատման դոմինանտ չափանիշը: Դրա վտանգն այն է, որ մինչ մամուլը, փորձագիտական հանրությունը, հասարակությունը զբաղված է ՀՀԿ-ի հասցեին ԲՀԿ-ականների այս կամ այն կոշտ հայտարարության ու ՀՀԿ-ից հնչած նույնքան կոշտ պատասխանների քննարկմամբ, ստվերում, քաղաքական գործընթացը մոդելավորողները զբաղվում են իրենց նպատակների իրականացմամբ: Ու որքան ակտիվ են այդ քննարկումները, այնքան ուշադրությունը ավելի է շեղվում բուն գործընթացից` նախագահական ընտրությունները կանխորոշող գործընթացից:
Այսօրվա փաստացի վիճակն այն է, որ նախագահական ընտրություններում պայքարելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Որևէ մեկը չի կարող ասել՝ այդ պայքարն իրակա՞ն է, թե՞ պայմանավորված: Պայմանավորվածությունը կարող է լինել թե՛ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի, թե՛ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Անկասկած է միայն այն, որ այսօրվա գործընթացները եթե ոչ՝ ամբողջությամբ համաձայնեցված, ապա առնվազն պայմանավորվածության զգալի բաղադրիչ ունեցող գործընթացներ են: Ու պատահական չէ, որ երկու կողմերից միմյանց հասցեին հնչող հայտարարություններն ու որակումները որոշակի պարբերականությամբ սրվում ու հանդարտվում են: Դա ամբողջությամբ մտնում է խաղի ժանրի մեջ:
Օրինակ` ԲՀԿ-ն Բրյուսելում կայացած հանդիպումների մասին առաջին օրը կոշտ հայտարարություն է տարածում, ինչը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բնութագրում է՝ որպես «ամոթալի», հետո նույն Շարմազանովը, թեկուզ կատակով, բայց Գագիկ Ծառուկյանին որակում է՝ որպես հիանալի թեկնածու, ինչին հետևում է ԲՀԿ-ի` բրյուսելյան այցի երկրորդ օրվա մասին պատմող ավելի մեղմ, գրեթե ոչինչ չասող հաղորդագրությունը: Միաժամանակ մեկ այլ ՀՀԿ-ական` Արտակ Դավթյանը, հայտարարում է, որ ինչ որոշում էլ կայացնի Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ-ն դրան պետք է վերաբերվի հարգանքով: Գոնե այս օրինակները վկայում են, որ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունն ավելի շատ պայմանավորված է, քան իրական:
Հասարակության համար, ի դեպ, այս հակամարտությունը դիտարժան է: Մարդիկ հաճույքով հետևում են երկու նախկին կոալիցիոն գործընկերների փոխադարձ կսմիթներին ու անվանարկումներին: Բնականաբար, ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ՝ այս տեսարանն ավելի է թեժանալու` իսկական նվեր դառնալով սերիալների սիրահար հայ հասարակության համար: Ու երբ, ասենք, փետրվարի 19-ին երկրորդ տեղը գրաված Գագիկ Ծառուկյանը շնորհավորի Սերժ Սարգսյանին, հասարակությունը հիասթափություն է ապրելու մոտավորապես այնպես, ինչպես հիասթափվում է` սերիալի վերջում իմանալով, որ երկու թշնամի հերոսներն իրականում եղբայրներ են:
Հայաստանի քաղաքական կյանքն իր բովանդակությամբ չի զիջում սերիալներին`սյուժեի անիմաստությամբ ու դերակատարների անտաղանդությամբ: Բայց հասարակությունը երկուսին էլ սովորել է գրեթե հավասարաչափ, որովհետև ավելի բարձրաճաշակ «ֆիլմարտադրողները» դարձել են սերիալի հերոսների «դիմահարդարները»:
Ու ինչպես հեռուստաընկերություններն են սերիալների միջոցով բաշխում գովազդներից ստացվող հսկայական եկամուտները, այնպես էլ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են փետրվարի 18-ից հետո իրար մեջ բաշխելու իշխանությունը. մեկին՝ ավելի շատ, մյուսին՝ ավելի քիչ: Բայց դրանից հասարակության կյանքում ոչինչ չի փոխվելու: Հասարակությունը լավագույն դեպքում ավելի է մեկուսանալու քաղաքական կյանքից` ապրելով նույն զգացողությունը`ինչ սերիալներն ընդհատող գովազդային ընդմիջումների ժամանակ: