«Դա փոխլրացում չէ, ճողվել է». Արամ Կարապետյանը՝ Տիգրան Սարգսյանին

«Ես լուրջ չեմ ընդունում Քլինթոնի մասնավորապես այն հայտարարությունը, թե Եվրասիական միությունը տնտեսական ինտեգրման տեսքով ստեղծված Խորհրդային Միություն է»: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այն հայտարարությանը, թե ամերիկյան իշխանությունները մտադիր են խոչընդոտել Խորհրդային Միության նոր տարբերակի՝ տնտեսական ինտեգրման տեսքով ստեղծմանը:

«Եվրասիական միությունը երկրորդ Խորհրդային Միություն լինել չի կարող, որովհետև այն չունի ԽՍՀՄ հնարավորութուններն ու հզորությունը»,- կարծում է Արամ Կարապետյանը:

Վերջինս համոզված է, որ Հ. Քլինթոնի հայտարարությունը կապված է տարբեր պետությունների կողմից վերջին շրջանում Եվրասիական միության շուրջ ստեղծված հետաքրքրությունների մեծ դրսևորմամբ, և պարզ է, որ «ամերիկացիները պետք է փորձեն ինչ-որ ձևով կանգնեցնել այս պրոցեսը», որը, սակայն, Ա. Կարապետյանի պնդմամբ, միևնույն է՝ առաջ է գնալու համաշխարհային իրավիճակի թելադրմամբ:

«Որքան էլ ցանկություն չկա, Հայաստանը երեսը թեքում է դեպի Եվրասիական միություն, որովհետև կան խնդիրներ, որոնք միայնակ լուծելն անհնար է: Իսկ Ռուսաստանն ամենամեծ ուժ ունեցող երկիրն է մեր շրջապատում, որը կարող է օգնել այդ խնդիրները լուծելու համար»,- մասնավորեցրեց նա:

Կարդացեք նաև

Արամ Կարապետյանի խոսքով՝ եթե Ռուսաստանը «չքանդվի, և ինքը չավարտի միության ստեղծումը, ապա դրան միջամտելն ապարդյուն գործընթաց է»:  Ա. Կարապետյանը նաև բացառում է, որ սա սկիզբն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր առճակատման:

Մեր հարցին, թե ո՞րը պետք է լինի Հայաստանի քայլը Հ. Քլինթոնի վերոնշյալ հայտարարությունից հետո, արդյոք կշարունակի՞ գործել վարչապետ Տիգրան Սարգսյանի այն համոզմունքը, թե Եվրասիական  և Եվրոպական միությունները փոխլրացնում են միմյանց, Արամ Կարապետյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ դա փոխլրացում չէ, ճողվել է. դա գեոքաղաքական ճողվածք է: Որքան էլ Տիգրան Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանն ասեն, որ այդ երկու կառույցները միմյանց չեն հակասում, շուտով, միևնույն է՝ պետք է ընտրություն կատարեն այդ ճողվածքի մեջ: Դեռ որոշ ժամանակ մեր իշխանությունները կշարունակեն դեմագոգիան, լարախաղացությամբ կզբաղվեն ու ոչ մի որոշում էլ չեն ընդունի: Քաղաքական գործընթացներն առաջին հերթին կայացվում են Ռուսաստանի հետ, իսկ կապիտալները, որքան գիտեմ, պահվում են Արևմուտքում: Այս պարագայում ինչպե՞ս պետք է գործեն. բնականաբար, լարախաղացությամբ»:

Արամ Կարապետյանը հավելեց, որ հնարավոր է՝ վերջնական կողմնորոշման պահին Հայաստանում իշխանափոխություն լինի, և նոր իշխանությունը կտա այս պատասխանը:

Տեսանյութեր

Լրահոս