Բաժիններ՝

Կառավարիչների սև հումորը

Երթևեկության կարգավորման ոլորտում ակնհայտ բախտներս չի բերել: Մոտ ապագայում չի էլ բերելու: Որովհետև կառավարման հստակ տրամաբանություն չկա: Պետավտոտեսուչները տարիներ շարունակ թաքնվում էին ճանապարհների ու խաչմերուկների ծառերի, թփերի հետևում: Թաքնվում ու «որսում» էին խախտում արած վարորդներին: Որսում էին ու պատժում նրանց:

Ավելի ճիշտ` փողը վերցնում ու «բաց» էին թողնում: Նոր ոստիկանապետը` Վլադիմիր Գասպարյանը, կարծես պատկերը փոխեց: Կամ ցանկություն հայտնեց փոխելու մասին: Պետավտոտեսչության ավտոմեքենաներն այլևս չէին դարանակալում կարգազանց վարորդներին: Այլ փողոցներով ու մայրուղիներով երթևեկելով փորձում էին կարգավորել երթևեկը: Պետավտոտեսուչների քանակն ավելացնելը հավանաբար կոռուպցիոն ռիսկերի հետ էր կապված ու ինչ-որ պահից սկսեցին արագաչափեր տեղադրել:

Այս բարեփոխումները մինչև վերջերս կարծես նույն տրամաբանությամբ էին զարգանում: Ու հանկարծ հայտարարվեց, որ արագաչափերի տեղադրման վայրերի մասին այլևս չեն տեղեկացնելու վարորդներին:

Ավելին, հանվելու են արագաչափերից մի քանի մետր առաջ դրված զգուշացնող նշանները:

Ա՛յ այս պահից ակնհայտ դարձավ, որ արագաչափերի տեղադրման բուն նպատակն ամենևին էլ երթևեկության կանոնակարգումը չէ: Այլ հնարավորինս շատ տուգանքներ հավաքելը: Հատկապես, որ տուգանքների 70 տոկոսը մնում է արագաչափերի տեղադրման մրցույթը հաղթող կազմակերպությանը: Իսկ թե ինչպես են Հայաստանում հաղթում պետական մրցույթներում` հայտնի է անգամ ՀՀ նախագահին:

Հետևաբար` «Ո՞ւմ է ձեռնտու արագաչափերի տեղադրման վայրը գաղտնի պահելը» հարցն ինքնին հռետորական է: Պետական չինովնիկներն, իհարկե, կշարունակեն բացատրել, որ դա արվում է երթևեկության կարգավորման նպատակով: Կասեն, որ վարորդները գիտեն արագաչափերի տեղերը: Գիտեն և միայն այդ հատվածներում խախտում չեն անում: Ինչ հեշտ է, չէ՞, ամեն անգամ կույս Վարսենիկ ձևանալն ու ձևացնելը, թե ամեն անգամ սխալվում ես փորձ չունենալու պատճառով:

Հայաստանն առաջին պետությունը չէ, որ պայքարում է արագ ու խախտումներով երթևեկող վարորդների դեմ: Տարօրինակորեն նույն խնդիրը բրիտանական ավտոտեսուչներին էլ էր անհանգստացրել հեռավոր 70-ական թվականներին: Այն ժամանակ արագաչափեր չկային, և բրիտանացիները ճանապարհներին ու խաչմերուկներում ավտոտեսուչների մանեկեններ տեղադրեցին:

Կարգազանց վարորդները հեռվից տեսնում էին ավտոտեսուչին ու զգուշավոր երթևեկում: Որպեսզի նրանք միշտ զգոն լինեն` մանեկենների փոխարեն` պարբերաբար նույն տեղում իրական ավտոտեսուչներ էին կանգնում: Խնդիրը լուծվեց: Վթարները նվազեցին: Թվում է, թե նույն օրինակով մեր ավտոտեսուչները կարող են իրական արագաչափերի փոխարեն` բազմաթիվ դատարկ տուփեր տեղադրել: Տեղադրել ու պարբերաբար փոխել իրական արագաչափերի հետ: Բայց ընդունեք, որ այդ դեպքում վարորդներից գանձվող տուգանքները չեն ավելանա:

Միայն երթևեկության խնդիրը կկարգավորվի: Բայց դա կարծես մեր տրանսպորտային խնդիրներով զբաղվող պաշտոնյաների շահերից չի բխում: Այլապես կկարգավորեին նաև մայրաքաղաքային երթևեկը պիկ ժամերին: Ասենք` կխնդրեին քաղաքի կենտրոնի պետական խոշոր բուհերին` դասերը սկսել 30 րոպե տարբերությամբ: Կամ` առավոտյան ժամը 8-ն անց 30-ից մինչև 9-ն անց կես և երեկոյան 17-ն անց 30-ից մինչև 18-ն անց 30-ը կարգելեին շինանյութ, սնունդ, հագուստ և այլ ապրանքներ տեղափոխող մեքենաների երթևեկը: Ուրիշ բաներ էլ կմտածեին, եթե նրանց նպատակը որևէ բան կարգավորելը լիներ: Ոչ թե սև հումոր կանեին:

Ինչպես մայրաքաղաքի Տրանսպորտի վարչության պետը: Հարգարժան պարոնը երեկ լրագրողներին հայտարարել է` «Եթե ուզում եք, կարող եմ գերբեռնվածությունը վաղն էլ արգելել: Բայց դրանից ոչ ոք չի շահելու, ոտքով ման գալուց բացի, այլ տարբերակ չի մնա»: Բավականաչափ անկեղծ լինելու դեպքում նա կարող էր իր պատասխանն այսպես ձևակերպել. «Եթե ուզում եք, կարող եմ վաղվանից իմ պաշտոնական պարտականությունների մի մասը կատարել:

Բայց դրանից ոչ ոք չի շահելու»: Նա նաև կարծիք է հայտնել, որ ուղեվարձը 2 անգամ բարձրացնելու դեպքում կլուծվի տրանսպորտի գերբեռնվածության խնդիրը: Համեստորեն չի ավելացրել, որ 6 անգամ բարձրացնելու դեպքում ավտոբուսներից ու միկրոավտոբուսներից ոչ ոք չի օգտվի: Բոլորը «կգերադասեն» երթևեկել տաքսիներով: Ահա այսպիսի սև հումոր: Բայց սրա նախատիպն էլ պատմությունն ունի:

Պատմում են, որ գերմանական ֆաշիզմի արշալույսին` հեռավոր 1930-ականների սկզբին ֆաշիստական առաջին զոկեր-ջոկատները շրջում էին Գերմանիայի բնակավայրերով ու ջարդում բոլոր տների ու խանութների կեղտոտ ապակիները: Այդ ժամանակներից հետո արթնացող գերմանուհու առաջին գործը տան պատուհանները փայլեցնելն է: Ահա դրական արդյունքի հասնելու տարօրինակ նախատիպ:

Նույն տրամաբանությամբ կարելի է գնդացրորդների զոնդեր-ջոկատներ ձևավորել: Ձևավորել ու նրանց հանձնարարել իջեցնել գերբեռնված ավտոբուսների ուղևորներին, շարել պատի տակ ու հրապարակավգ: Այսպես մեր չինովնիկները կազատվեն տրանսպորտային ոլորտի խնդիրները կարգավորելու հոգսից: Ոստիկանապետից` մինչև Տրանսպորտային վարչության պետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս